Լրահոս
Օրվա լրահոսը

Անհուսահատ մարդն ու գրողը

Դեկտեմբեր 06,2014 11:30

Դեկտեմբերի 6-ին լրանում է անվանի արձակագիր
Հովհաննես Մելքոնյանի մահվան հինգ տարին

Ինչպե՞ս եմ ես առաջին անգամ տեսել Հովհաննես Մելքոնյանին. «Հայրենքի ձայն» թերթի խմբագրությունում պրակտիկա էի անցնում: Այդ ժամանակ այնտեղ էին աշխատում Հովհաննես Մելքոնյանը, Ռազմիկ Դավոյանը, Ռաֆայել Ղազանչյանը: Առիթ եղավ, եւ ծանոթացա Հովհաննես Մելքոնյանի հետ. իմացավ, որ Ջավախքից եմ, սկսեց քննել իմ տոհմածառը մանրամասն հարցնելով, թե հայրս, մայրս որտեղից են, պապերս Էրզրումի ո՞ր գյուղից են գաղթել եւ այլն: Հետո ինձ հանձնարարեցին պատմվածք գրել: Ռաֆայել Ղազանչյանը իմ պատմվածքը կարդալուց հետո ինձ ասաց, որ չեն կարող տպագրել: Հովհաննեսն ու Ռաֆայելը նույն սենյակում էին նստում, եւ Հովհաննեսը լսում էր մեր զրույցը: Ես մերժում ստանալով` վերցրի պատմվածքս ու դուրս եկա, Հովհաննեսն իմ հետեւից դուրս եկավ եւ ասաց. «Գնանք կողքի սրճարանը, մի քիչ զրուցենք»: Այդ ընթացքում սրճարանում Հովհաննեսը պատմվածքս կարդաց, շատ հավանեց եւ ասաց. «Լավ պատմվածք է: Արի գիտես ինչ անենք, վեր կաց, իրար հետ գնանք «Ավանգարդ»: Փաստորեն, Հովհաննեսն իմ ձեռքից բռնեց եւ տարավ «Ավանգարդ» թերթի խմբագրի մոտ, ում ասաց. «Մի հրաշալի երիտասարդ գրող եմ բերել, առաջին պատմվածքն է, մի հատ կարդա, հենց հիմա կարդա»: Խմբագիրը թողեց իր բոլոր գործերն ու սկսեց կարդալ պատմվածքը եւ ինքն էլ հավանեց: Կանչեց Սեւոյան ազգանունով լուսանկարչին, ինձ լուսանկարեցին, եւ հենց հաջորդ համարում պատմվածքս տպագրվեց: Այսինքն` Հովհաննեսը տեսավ երիտասարդ գրողին եւ ձեռքը դրեց գլխին, օգտագործելով իր ճանաչումը, հնարավորությունները` օգնեց նրան: Ուզում եմ նշել, որ ի սկզբանե ես Հովհաննես Մելքոնյանին պարտք մնացի, եթե այդպես կարելի է ասել: Այս ամենը պատմում եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչ դեր է ունեցել Հովհաննես Մելքոնյանն իմ գրական կյանքում:

Դրանից անցավ մի երկու տարի. Նկարիչների սրճարանում եւ «Պապլավոկ»-ի տակը տղերքով գալիս հավաքվում էինք, որտեղ Հովհաննես Մելքոնյանն ու Մուշեղ Գալշոյանը նստում էին եւ գինի խմում: «Պապլավոկ»-ի եւ՛ վերեւը, եւ՛ ներքեւը մեր բոլորիս տունն էր: Հովհաննես Մելքոնյանի եւ մեր ջահելներիս հանդիպման վայրն էր դա, ընդ որում՝ առանց ժամադրվելու: Օրվա վերջին պետք է այնտեղ լինեինք անպայման: «Պապլավոկ»-ի երկու էտապ կար. շամպայնի էտապը վերեւում էր, իսկ գինունը եւ օղունը` ներքեւում: Եվ երբեմն-երբեմն Հովհաննես Մելքոնյանը արկղերով շամպայն էր հյուրասիրում բոլոր ներկաներին, սակայն ինքը չէր երեւում:

Ես շատ եմ սիրում Հովհաննես Մելքոնյանի պատմվածքները: Երբ լույս տեսավ «Դոդոշներ» պատմվածքը, ես ուղղակի զարկվել էի այդ պատմվածքի վրա: Եթե այսօր ես պատրաստեմ համաշխարհային քսան պատմվածքի ժողովածու, ապա ես անպայման Հովհաննես Մելքոնյանի այդ պատմվածքը կներառեմ Հրանտ Մաթեւոսյանի, Ուիլյամ Ֆոլկների, Էդգար Պոյի, Հեմինգուեյի պատմվածքների կողքին:
Ուզում եմ հասկանանք, թե ինչն է տարբերում Հովհաննես Մելքոնյանին իր սերնդակից եւ իրենից ավագ ուրիշ գրողներից. Հովհաննես Մելքոնյանը ծրագրային գրականություն չստեղծեց եւ ամեն ինչ արեց, որ ինքը չլինի ծրագրային արձակագիր: Այդ հրաշալի գրողը ապրելով սովետական շրջանում, երբեք սովետական գրող չդարձավ, մնաց հայ գրող, մնաց նվիրյալ հայկական ոգուն, մնաց նվիրյալ մեր ավանդական կերպին: Ինքը երբեք տուրք չտվեց կուսակցական նոմենկլատուրային թեմաներին եւ դրա համար մրցանակ չստացավ: Միանշանակ էր, որ եթե Հովհաննեսը իր տաղանդով նման բան գրեր, պետական մրցանակ ստանալը խաղ ու պար էր: Գրականության հանդեպ անկեղծ էր: Նրա խոնարհումը միայն գրականության առջեւ էր, այլ ոչ թե ժամանակի կոնյունկտուրայի, որտեղ քեզ մեդալներ են խոստանում: Նրա այդ նվիրումը գրականության հանդեպ մեծագույն դաս էր մեզ բոլորիս համար: Ինքը չգնաց կոմպրոմիսի: Նա մնաց անկախ եւ մենակ: Նա մնաց ձիգ, իր ճանապարհից չշեղվեց, հեռու մնաց կուսակցական ցրտերից:

Հովհաննես Մելքոնյանն ուներ ոչ միայն գրողի, այլեւ երկրի հասարակական-քաղաքական խնդիրներով մտահոգ մտավորականի կեցվածք: Ինքը լիդեր էր իր խառնվածքով, նա կարողանում էր մարդկանց համախմբել եւ համոզել: Իրեն հավատում էին: Հովհաննեսը որտեղ էլ որ լիներ, կողքին միշտ շատ մարդիկ էին հավաքվում:

Հովհաննես Մելքոնյանը միշտ շրջապատված էր մարդկանցով՝ եւ՛ տաղանդավոր, եւ՛ մերձգրական ճահճուտներում թափառող անտաղանդներով, որոնք Հովհաննես Մելքոնյանի միջոցով ուզում էին ցույց տալ, թե գրականության հետ առնչություն ունեն, որովհետեւ առնչվել Հովհաննես Մելքոնյանի հետ՝ նշանակում էր առնչվել գրականության հետ: Սակայն մեծ իմաստով Հովհաննես Մելքոնյանը այդքան մարդկանցով շրջապատված լինելով հանդերձ՝ ամենամենակ մարդն էր:
Իր բնավորությամբ նա ապստամբ մարդ էր, անարդարությունը չէր կարողանում հանդուրժել, եւ այդ անարդարությունը ուղղելու համար երբեմն ծայրահեղության կարող էր հասնել: Մանավանդ, Հովհաննեսի թիկունքում թաքնված մարդիկ կային, ովքեր ուզում էին նրա միջոցով իրենց հարցերը լուծել: Ինչո՞ւ, որովհետեւ Հովհաննես Մելքոնյանը մի մարդ էր, որ ցանկացած տեղում, ցանկացած պահի, ցանկացած մարդու, այդ թվում եւ իշխանությունների, դեմքին կարող էր ասել այն, ինչ մտածում էր:

Ինքը եւ՛ որպես գրող, եւ՛ որպես մարդ, եւ՛ որպես քաղաքացի իր ամբողջ պայքարի մեջ ապշելու անհուսահատ էր:

Ցավով պետք է ասեմ, որ Հովհաննես Մելքոնյանը որպես գրող հասկացվեց, բայց որպես մարդ չհասկացված մնաց, չընկալված գնաց, որովհետեւ նա ուներ իր ներքին սահմանադրությունը, որը ընդունված սահմանադրության հետ միշտ չէ, որ ներդաշնակ էր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

06.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031