Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացող եւ եկող տարվա սահմանագծում

Դեկտեմբեր 06,2014 17:30
Merujan

Թերեւս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, եւ մենք երեխաներով անձրեւ-գիշերից հետո լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի միջով, եւ լուսաբացի ցողը մեզ թրջում էր մինչեւ մեր գոտկատեղը, որովհետեւ մենք փոքր էինք, իսկ խոտ ու ծաղիկները՝ բարձր:

Եվ հիմա՝ անքնության իմ մղձավանջների մեջ, երբ դարձյալ ու կրկին վերադառնում եմ հետ, չեմ գտնում իմ սունկը փնտրած, այլ տեսնում եմ ջրի եկած մեր գյուղի ջահել կանանց, որոնք մեզ՝ իրենց սունկը չգտած տղաներիս, սիրում, գուրգուրում էին եւ զվարթ ծիծաղով մեր գլուխները սեղմում իրենց փարթամ կրծքերին՝ մեզանից առնելով խոպան գնացած իրենց ամուսինների հոտը:

Իրենք, իհարկե, բոլորը հավատարիմ կանայք էին, բայց որովհետեւ այդ ժամանակ գյուղում աղբյուր չկար, եւ նրանք գալիս էին առվի հեռու ակունքից խմելու ջուր վերցնելու, իսկ առվի ակունքում մենք էինք՝ սունկ փնտրող ջահելներս, որ այդպես էլ չգտանք՝ չգիտակցելով, որ մեր փնտրածը մեր գյուղի ջրի եկած կանայք էին: Իրենք ջուրը վերցրեցին, բայց մենք մեր փնտրած սունկը, որ իրենք էին, չճանաչեցինք…

Եվ հիմա, երբ նորեն ու կրկին ես տեսնում եմ լաց լինելու չափ հարազատ պատկերներն ու դեմքերն անցած, որոնցից շատերը գուցե այսօր չկան կամ գուցե կան, բայց ես չգիտեմ նրանց հասցեն, միեւնույն է՝ ապրում են իմ մեջ, ինձ ուղեկցում իմ փնտրտուքի հավերժական տարուբերումների եւ անքնության պահերին, երբ նրանք իրենց ուսերի վրա դույլերը ճոճելով՝ մեզ ցույց էին տալիս մեր փնտրած սնկի ճանապարհը, որ թաքնված էր կարմիր-կանաչ աշխարհի մեջ, որտեղ խոտ ու ծաղիկ մեծ էին, իսկ մենք՝ փոքր: Ուստի եւ չճանաչեցինք ու չհասկացանք իրենց, հետո, երբ հասկացանք, արդեն ուշ էր:
Այնուհետեւ ջրի պես հոսեցին ու անցան տարիներ, եւ այլեւս չկան առվի հեռավոր ակունքը ջրի գնացող հարս ու աղջիկներ: Ամեն ինչ անցավ: Եվ այսօր չկանք նաեւ մենք. ո՛չ առվի ափին, ո՛չ նաեւ դաշտերում: Ամեն մեկս հեռացել՝ իր տուն-վրանի տակ ապրում է իր կյանքով՝ առուն ու դաշտերը թողնելով մենակ…

Հիմա չեմ հիշում՝ քնած էի, թե արթուն, բայց մտքով հաստատ այնտեղ էի, երբ իմ տղա Դավիթը համբուրեց ճակատս՝ ասելով՝ հայրիկ, ծնունդդ շնորհավոր:
Չէ, քնած էի, որովհետեւ արթնացա ու հասկացա, որ մի տարով էլ եմ մեծանում:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031