Առաջադիմությանը դեմ լինելը միշտ հանգեցվել է անբարոյականության մեջ մեղադրելուն:
Բերնարդ Շոու
Անկախության առաջին տարիներին մարդիկ Հայաստանից փախչում էին կյանքի ամենապարզ կարիքները բավարարելու հնարավորության բացակայությունից: Հիմա շատ բան փոխվել է: Չկա, օրինակ, էլեկտրականության դեֆիցիտ: Բայց կա ոգու դեֆիցիտ: Եվ մնացել է սիրո դեֆիցիտը:
Ոգու դեֆիցիտը հաղթահարելու համար մեծ միջոցներ ու ջանքեր են պետք՝ դաստիարակություն, կրթություն, լուսավորություն: Սիրո համար՝ ոչ: Պետք է սկզբունք լինի՝ սիրել իրար: Սկզբունքը կա, բայց կան նաեւ հասարակության սովորույթներ՝ ադաթ, նամուս, թասիբ եւ այլն: Օջախի տղա, նամուսով՝ «տնական» աղջիկ եւ այլն:
Ահա մի սովետական ուսանողական անեկդոտ: Երջանկությունը՝ մարդու (տղամարդու) ունեցած կանանց քանակն է, բաժանած նրանց վրա ծախսած փողի վրա: Մի քանի հնարավորություններ քննարկելուց հետո պարզվում է, որ լավագույնը՝ գաղտնի կապն է հարեւանի կնոջ հետ, որի վրա բոլորովին փող չես ծախսում: Աղքատ ուսանողի երեւակայության գագաթնակետ: Բայց արդյո՞ք հայաստանցի ուսանողի: Չէ, մեզանում դա չէր կարող տարածված լինել՝ մեր կյանքն ուրիշ է:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ են հայերը փախչում Հայաստանից: Այդ հարցին սովորաբար պատասխանում են քաղաքական դեմքերը: Ով իշխանության մեջ է, կասի, որ օբյեկտիվ պատճառներ կան՝ նավթ չունենք, ծով չունենք, շրջափակում եւ այլն: Ընդդիմադիրը կասի՝ կոռուպցիա, գործազրկություն, անարդարություն, ապագայի նկատմամբ հավատի բացակայություն եւ այլն: Կարճ ասած, որովհետեւ իրենք չեն իշխանության, այլ ուրիշները՝ վատերը: Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ ճշմարտություն կա: Պատերազմի վտանգն է կախված մեր փոքրիկ ու աղքատ, անծով ու աննավթ երկրի գլխին: Մյուս կողմից էլ՝ անարդարությունը սպանում է: Իշխանությունները «օրինակարգ» չեն, պաշտոնյաները՝ վատն են ու գռփող, զոռբայությունն օրինաչափություն է:
Այո, գործազրկությունը սպանում է հայ տղամարդու տղամարդկությունը: Գյուղերում այլ ճանապարհ, բացի խոպանից, թվում է, չկա: Բայց դա՞ է միայն: Ո՞ւր են գնում համատարած՝ Ռուսաստան: Մի երկիր, որտեղ դու «սեւահետույք» ես, եւ ինչ էլ անես, թեկուզ կարմիր ներկես քեզ, կմնաս այդպիսին: Մի երկիր, ուր քեզ ճանաչում են առոգանությունից, ինչքան էլ լավ սովորես նրանց լեզուն: Որտեղ արհամարհում են մեր առոգանությունն ու արհամարհում են մեզ: Արհամարհում են միայն հայ, իրենց պատկերացմամբ՝ «կովկասցի» լինելու համար: Եվ դա չի խանգարում հայերին այնտեղ գնալ:
Մի քիչ խտացնենք գույները: Մոտենանք երգիծական ժանրին, միշտ հիշելով, որ ամեն մի կատակում ճշմարտության մաս կա: Քաղաքական պատճառաբանությունները՝ ամեն ինչ օբյեկտիվ մատերիալիստական իրականությամբ եւ քաղաքական հակառակորդների մեղքերով բացատրելն ընդամենը պտույտներ են առանցքային ճշմարտության շուրջը, ուրիշ ոչինչ: Ովքե՞ր են գնում՝ հիմնականում ջահել, սեռականապես ակտիվ տարիքի տղամարդիկ: Իսկ արդյո՞ք շատ խելք է պետք հասկանալու համար, թե ի՞նչ է փնտրում սեռականապես ակտիվ տարիքի տղամարդը: Մի՞թե պարզ չէ, որ գնում են ռուս «նանարների», այլ կերպ՝ կանանց ու աղջիկների համար: Լավ, այսպես ասենք՝ նաեւ ռուս կանանց համար: Հայ տղամարդիկ գնում էին Ռուսաստան եւ՛ Սովետի ժամանակ, եւ՛ Սովետից հետո, աչքի առջեւ ունենալով նաեւ դա, իսկ ոմանք՝ հիմնականում դա: Առաջ չկար ազգային ճնշում, արհամարհանք, իսկ հիմա կա: Բայց այնտեղ հեշտ է ապրելը: Այնտեղ քեզ ոմանք արհամարհում են, բայց միշտ էլ կճարվի մի բարի հոգի, կին, որ քեզ գոնե մի փոքր տեղ կտա եթե ոչ իր սրտում, ապա անկողնում: Այնտեղ կյանքն ուրիշ է, կանայք մատչելի են: Չկան տեղական ծանր խնդիրները, կարմիր խնձորից մինչեւ հայի բախտ եւ մատյան ողբերգության:
Ժամանակին, երբ ԱՄՆ-ն բարձր աշխատավարձով դեպի իրեն էր քաշում եվրոպացի գիտնականներին, ֆրանսիացիները չէին գնում, կամ գնում էին քիչ: Ինչո՞ւ: Որովհետեւ, պարզվում է, ԱՄՆ-ում չկային ֆրանսիական կանայք եւ ֆրանսիական խոհանոց: Ուրեմն, տնտեսական տեսլականը նահանջում էր ֆրանսուհիների հմայքի եւ խոհարարական արվեստի առաջ: Իսկ մեզանո՞ւմ: Ընդհակառակը, կին եւ տղամարդ հարաբերությունների աղքատիկությունն ու խեղճությունը, մեր հմայքի բացակայությունն ենք թաքցնում տնտեսական ու քաղաքական դժվարությունների քողի տակ:
Սովետական բանակում իմ ծառայած կայազորում կային բազում մոլդովացիներ: Ահա նրանց ազգանունները, ում հիշում եմ՝ Պոպով, Իվանով, Սավին: Ռուսերեն խոսում էին վատ, ուժեղ ակցենտով: Նրանցից մեկին՝ կարծեմ Սավինին, հարցրեցի, թե ազգանունն ինչո՞ւ է ռուսի: – Հայրս ռուս է եղել,- ահա պատասխանը: – Բա մյուսնե՞րը, – հարցնում եմ: – Նույնն է՝ հայրերը ռուս են: Պարզվում է, որ մոլդովուհիները հմայքով եւ սեքսուալությամբ գերազանցում են ռուս կանանց: Ռուս տղամարդիկ էլ ընկնում էին նրանց թակարդը, բայց կարծես թե երկար չէին դիմանում՝ փախչում էին (կարելի է ենթադրել՝ նրանց անպետք բնավորության պատճառով, բայց վստահ չեմ կարող ասել՝ ուսումնասիրություն չեմ անցկացրել): Եվ կայազորում կարելի էր հավաքել մի ամբողջ մոլդովական վաշտ, բոլորը ռուսի ազգանունով:
Մի քիչ վիճակագրություն:
Ըստ մի հարցման (Ռոյթերս), աշխարհում սեքսի միջին տարեկան հաճախությունն է 103: Ֆրանսիացիները որոշակի գերազանցում են մյուս ժողովուրդներին իրենց սեքսուալությամբ՝ նրանց մոտ այդ թիվը 137 է: Ֆրանսիացիներին մի քիչ զիջում են հույները, հունգարացիները եւ իսպանացիները: Ամենացածր ցուցանիշը ճապոնացիներինն է՝ 46: Ցածր է եւ Հոնկոնգում ու Սինգապուրում՝ 79: Այլ տվյալների համաձայն (Սիդնեյի համալսարան), ամենաակտիվն են այդ գործում ամերիկացիները՝ 132, հետո՝ ռուսները՝ 122, ֆրանսիացիները՝ 121 եւ հույները՝ 115: Ճապոնացիները նորից վերջում են՝ 37: Կան տվյալներ (Men՚s Health), որոնց համաձայն՝ ամենաակտիվ սեռական կյանքով ապրում են կորեացիները, բայց նրանց նշանակալի մասն օգտվում է «վճարովի ծառայությունից», եւ կորեուհիներն ամենաանբավարարվածն են: Այս տվյալները լրիվ գիտական եւ վավերական կարող են եւ չլինել, բայց ինչ-որ պատկեր ցույց տալիս են եւ դրանց հիման վրա ինչ-որ հետեւություններ թերեւս կարելի է անել: Օրինակ, կարծում են, որ ճապոնուհիները երազում են ամուսնանալ այլազգիների հետ, քանի որ ճապոնական ավանդական կյանքում կինը ճնշված է: Բայց այս թվերին նայելով կարելի է մտածել նաեւ այլ, ավելի իրական պատճառի մասին: Ճապոնացի տղամարդիկ թերեւս վարքով հեռու չեն կորեացիներից:
Իսկ ի՞նչ կարելի է ասել հայերի մասին: Կա՞ն տվյալներ: Չգիտեմ: Բայց որ հայերի՝ Հայաստանը լքելու կարեւոր պատճառներից մեկը սա է, մի կասկածեք: Հարցի մյուս կողմը՝ ես ճանաչում եմ հայ կանանց, որոնք կերազեին ամուսնանալ այլազգի տղամարդու հետ, եւ ոչ միայն տնտեսական պատճառով: Եվ նրանք էլ են փախչում մեր իրականությունից: Մեզանում կին-տղամարդ հարաբերությունները, ինչ էլ ասես, չունեն ցանկալի մակարդակն ու որակը: Պարզ է, որ սիրո ոլորտում մենք զիջում ենք, եւ ոչ միայն ռուսներին: Հայ եւ ընդհանրապես կովկասցի տղամարդկանց «տեմպերամենտը» ՍՍՀՄ ժամանակներում շատ բարձր էր գնահատվում ավելի ազատ վարք ու բարքի տեր հյուսիսային կանանց կողմից: Բայց սեփական երկրում դա չի գործում՝ սեփական կնոջ հետ ի՞նչ տեմպերամենտ: Դրան գումարած ավանդական նահապետականությունը, «այրակենտրոն» մշակույթը եւ կնոջ «հնազանդ եմ-ի» դրույթը, որոնք, ցավալիորեն, ավելի են նվազեցնում սեռերի հարաբերությունների կրակն ու որակը: Եթե լիներ քիչ թե շատ բարձր որակ, շատ հայեր, որոնք, ինչ էլ ասես, ընտանեսեր են, դեռ կմտածեին, ինչպես ժամանակին ֆրանսիացիները, լքել երկիրը՝ գնալ Ռուսաստան, թե ոչ: Բայց այս իրադրության մեջ էլ շուրջդ համատարած կտեսնես հայ կնոջ «ավանդական կերպարի» եւ ընտանեկան «ավանդական արժեքների» պահպանության կոչեր եւ դրանց զարգացումը որպես անբարոյականություն, ստոր Արեւմուտքի ու չար աշխարհի դավադիր ներխուժում ներկայացնող մտայնության տարբեր դրսեւորումներ:
Վերջերս մեզանում քննարկվում է Հայաստանի՝ ինչ-ինչ հարցումներով աշխարհի դժբախտ երկրների ցանկում գտնվելը: Ամեն ինչ մերոնց համար պարզ է՝ սխալ իշխանություն, քաղաքականություն, տնտեսություն եւ այլն: Զարմանալի մոլորություն: Նախ, այդօրինակ ցուցակների չափանիշները միանգամայն սուբյեկտիվ են (կարող է դրանց մեջ մտցվել երկրի արդյունաբերության՝ բնությունն աղտոտելու մակարդակը, որի եւ մարդկանց երջանկության կապը հասանելի է թերեւս միայն կանաչ կուսակցություների ակտիվիստներին): Հետո, կան պատմականորեն ձեւավորված ավանդական համակարգեր՝ օրինակ, վրացիներն ավելի ուրախ կյանքի, «քեֆչի» ժողովուրդ են, մենք՝ համեմատաբար տխուր: Եվ եթե մեր ժողովրդի կենսամակարդակը բարձրացնես եւ քաղաքական ու էկոլոգիական իդեալական պայմանների մեջ դնես, նրա այդ ավանդական հատկանիշը վայրկենապես չի փոխվի: Ըստ մի հարցման, ամենից ավելի երջանիկ են դանիացիները եւ Հյուսիսային Եվրոպայի, ըստ մյուսի՝ կոստառիկացիներն ու Լատինական Ամերիկայի բնակիչները: Ուշադրություն դարձրեք, որ երկու տարածաշրջաններում էլ կանանց եւ տղամարդկանց հարաբերություններն ազատ են: Իսկ մեր տիպի ավանդական-ադաթային երկրներում՝ անվանենք այն «կարմիր խնձորի գոտի» (մուսուլմանական աշխարհ՝ Ադրբեջան, Միջին Ասիա եւ այլն), մարդկանց երջանկությունը միշտ կլինի դեֆիցիտ եւ փախուստը Ռուսաստան՝ նորմա:
Սերն է երջանկության հիմքը: Ամենատխուր երեւույթներից մեկը, որ ես նկատում էի անկախ Հայաստանի առաջին տարիներին, սիրո պակասն էր: Քայլում են երիտասարդ տղա եւ աղջիկ իրար հետ, անցնում ես նրանց կողքով եւ նրանց միջեւ սեր չես զգում: Ինձ հետ մի հարցազրույց հենց այդպես էր վերնագրվել՝ «Մեր հասարակության մեջ սերը քիչ է»: Միայն 2000-ականներից ես սկսեցի նկատել սիրո դրսեւորումներ քաղաքում: Քաղաքական երանգ չեմ ուզում տալ ասածիս, բայց դա, այնուամենայնիվ, կապված էր կյանքի՝ համեմատաբար տանելի պայմանների հասնելու հետ: Հիմա այդ դրսեւորումներն ավելի շատ են եւ ակնհայտ: Առաջ ենք գնում, այսպիսով: Բայց աշխարհն ավելի արագ է զարգանում: Եվ մարդիկ շարունակում են փախչել երկրից: Նաեւ սիրո հետեւից: Չէ՞ որ ոչ միայն սովը, այլեւ սերն է շարժում աշխարհը:
ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
5.12.2014
Գուցե ամեն ինչ ճիշտ է մեկնաբանված, բայց պետք է շեշտեմ՝, որը նունպես նշված էր, որ անմարդկային պայմաններում, որտեղից և ամենաշատն են արտագաղթում,՝ սեր կոչվածը կորցնում է՝ իր էությունը, դերն ու նշանակությունը։