Մեր հանրապետությունում արդեն մոդա է դարձել հասարակական, քաղաքական միջոցառումներ անել եւ հավեսով կեղծել։ Ընտրությունից ընտրություն հասարակությունը խոսում է ընտրակեղծիքներից, ազգային ժողովում անընդհատ խոսում են, որ մեկը քվեարկում է մի քանիսի փոխարեն։ Պատգամավորները դահլիճում ամենավերջին բառերով իրար հայհոյում են, բայց հարսանիքներում կամ քեֆի սեղաններին ուտում- խմում են հարազատների պես։ Ստացվում է, որ ժողովրդի աչքերին թոզ են փչում, իբրեւ խորհրդարանում բազմակարծություն է տիրում: Այս ամենը քիչ էր, հիմա էլ «Դասարան.ամ»-ը։
Նախ՝ ասեմ, որ մանկավարժների վրա մեր պետությունը գիրք վաճառողի պարտականություն է դրել, որը կոպիտ խախտում է այն իմաստով, որ մինչեւ տարվա վերջ կոլեկտիվը զբաղված է երեխաներից փող հավաքելով։ Թե սա ի՞նչ մանկավարժական աշխատանք է՝ չգիտեմ։ Ո՞վ է սիրում փող հավաքողներին։ Էդ փող հավաքելու համար մանկավարժը ոչ մի օգուտ չունի, միայն ժամանակ առ ժամանակ խոսքեր են հնչում դրամահավաքության մասին։ Փոխանակ նախարարը մտածի, ելք գտնի մանկավարժին այդ հոգսից ազատի, նախկին վարչապետի հետ եւս մեկ անշնորհակալ պարտականություն են դրել ուսուցիչների վրա՝ լավ լայքեր հավաքողի մրցույթ են հայտարարել։
Տնօրենների էլ ջանին «մուննաթ»։ Թողած իրենց հիմնական գործը, հետեւում են, թե որ ուսուցիչը քանի լայք հավաքեց ծնողների փոխարեն։ Մի՞թե սա կեղծիք չէ, մարդու իրավունքների ոտնահարում։ Այս մրցույթը մտցրեցին, քանի որ մանկավարժների կողմից այդ նորամուծությունը չընդունվեց որպես դաստիարակության կամ ուսման առաջադիմության բարձրացման կարեւոր միջոցառում։ Հաշվի չառան, թե խեղճ ու կրակ ժողովրդի որ մասը համակարգիչ ունի։ Միգուցե այս միջոցառումը նպատակ է հետապնդում բարձրացնել համակարգիչների սպառման մակարդակը։ Նախարարը տեսավ, որ այս միջոցառումը չընդունվեց դպրոցների կողմից, վարչապետի հետ սահմանեցին կեղծողների մրցույթ։ Բայց հիմա ո՞վ է հավատում մեր նախկին վարչապետին կամ ԿԳ նախարարին, որ նրանց կողմից մտցված միջոցառմանը լուրջ վերաբերվի։ Այդ իսկ պատճառով էլ ծնողների պարտականությունը մնացել է ուսուցիչների վրա։ Մի խոսքով, այս մասին շատ է խոսվել։ Խնդրում եմ մեկ անգամ եւս տպագրեք այս հոդվածը, թող ղեկավարները հասկանան, որ դրսից ամեն ինչ չէ, որ պետք է բերեն Հայաստան։
Ամոթ է, կրթությունը դարձրել են փորձադաշտ։ Ամենավատն էլ այն է, որ պետական այրերն ամեն առիթով ճառում են երեխաների դաստիարակությունից, հայրենասիրությունից, ազնվությունից, բայց այդ երեխաները տեսնում են, որ իրենց ծնողների կարծիքը, ստորագրությունը կեղծվում է։
Կարդացեք նաև
Ես ինքս մանկավարժ եմ, միեւնույն ժամանակ՝ ծնող եւ զարմացած եմ, որ երկու համակարգչի համար ողջ Հայաստանը զբաղված է կեղծիքով։
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 13 շենք
«Առավոտ» օրաթերթ
5.12.2014