Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորը հորը չէր հրավիրել պրեմիերային

Դեկտեմբեր 06,2014 14:00

Անուշ Սարգսյանը՝ իր ներկայացումների
եւ Երվանդ Ղազանչյանի մասնագիտական նկատառումների մասին

«Առավոտի» դիտարկմամբ՝ հայաստանյան թատրոնների խաղացանկում, բացի տվյալ մշակութային օջախի գլխավոր ռեժիսորի բեմադրություններից, հազվադեպ կարելի է հանդիպել միանգամից մի քանի ներկայացման հեղինակ այլ բեմադրիչի անվան:

Anush_Sargsyan

Այդ սակավ երջանիկներից է Անուշ Սարգսյանը, որի աշխատանքներից Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Կամուլետիի «Սիրային իրարանցում» խաղացանկային ներկայացումներին օրերս գումարվեց եւս մեկը՝ Ռիչարդ Բայերի «Չորս պատճառ՝ ամուսնության համար» լիրիկական կոմեդիան: Տիկին Սարգսյանը շուրջ 30 տարի բեմադրություններ է իրականացրել միայն կոմեդիայի թատրոնում:

282223_122837801139960_4854

Աշխատել է Մելինե Համամջյանի, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի, Քաջազուն Գյուրջյանի, Մայիս Կարագյոզյանի, Մարիամ Ղազարյանի, Բորիս Պեպանյանի եւ անվանի այլ դերասանների հետ: Իսկ ուսանողական տարիներին էլ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում Ստեփան Ջրբաշյանի արվեստանոցում համակուրսեցին է եղել մեր ժամանակների ճանաչված ռեժիսորներ Արա Երնջակյանի ու Արթուր Սահակյանի:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Անուշ Սարգսյանը հայտնեց, որ դիպլոմային աշխատանքն էլ՝ Ռուբեն Ավետիսյանի «Պահպանեք ձեւական կողմը» 1983թ. իրականացրել է կոմեդիայի թատրոնում, որը շուրջ 10 տարի խաղացանկում է եղել: Ապա հաջորդել են տարբեր տարիներին արված աշխատանքները, որոնք քաջածանոթ են հանդիսատեսին, այդ թվում՝ Պարոնյանի «Բաղդասար ախպար», Պարոնյան-Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան», Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին», Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ»:

Դիտարկմանը՝ դստեր կարիերայում հավանաբար լուրջ դերակատարում ունի հայրը՝ անվանի ռեժիսոր Նորայր Սարգսյանը, որը հատկապես սիրված անուն է օպերային արվեստի երկրպագուների շրջանում (Վերդի՝ «Տրուբադուր», Պուչինի՝ «Բոհեմ», Տ. Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ», Ստ. Ջրբաշյան՝ «Գիքորը»), մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ թատրոնում դիպլոմային աշխատանքից հետո իր առաջին՝ «Արքայադուստրը եւ փայտահատը» չեխական հայտնի հեքիաթի պրեմիերային հորը չի հրավիրել՝ զգուշանալով նրա խստապահանջությունից: Հայրը միայն երկրորդ օրն է դիտել ներկայացումը, դստերն էլ ոչինչ չի ասել: Իսկ մայրը Անուշին փոխանցել է հոր գովեստի խոսքերը: «Յուրաքանչյուր բեմադրության պատրաստման առաջին իսկ օրից կողքիս է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Հենց նրա շնորհիվ է, որ փորձառություն եմ ձեռք բերել: Ի դեպ, պարոն Ղազանչյանը հորս հետ մանկության ընկերներ են եւ հետագայում էլ ուսանել են Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ղազանչյանի յուրաքանչյուր մասնագիտական խոսք ինձ համար օրենք է, եւ ոչ միայն ինձ համար: Կոմեդիայի թատրոնը մի ընտանիք է, նա էլ՝ ընտանիքի սյունը»,- ասաց տիկին Սարգսյանը: Հիշեց ժամանակին (2000-ականների կեսեր) կոմեդիայի թատրոնի «Բաղդասար ախպարի» Կանադայում կայացած, իր խոսքերով՝ շռնդալից հաջողությունը եւ 1998թ., երբ նշվեց «Գնա մեռի, արի սիրեմ»-ի 500-րդ ներկայացումն ու դրան հաջորդած՝ ԱՄՆ կատարած հյուրախաղերը:

Նկատենք, որ 2000-ականների կեսերին Անուշ Սարգսյանի ռեժիսուրայով «Ընթրիք հիմարի հետ» բեմադրության գլխավոր դերակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Արա Դեղտրիկյանն ու Զավեն Աբրահամյանը «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացան «Լավագույն տղամարդ դերակատար» մրցանակին: Իսկ տարվա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նարինե Ալեքսանյանը՝ «Սիրային իրարանցում» ներկայացման մեջ գլխավոր կերպարը մարմնավորելու համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031