Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սոֆոյան. «Աշխատանքի գնահատականը ոչ այնքան մեդալների քանակն է, որքան որակը»

Դեկտեմբեր 06,2014 13:00

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եզրափակեց մրցաշրջան 2014-ը` գրանցելով բացառիկ ցուցանիշ: Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում մեր ըմբիշները երկու ոսկե մեդալ նվաճեցին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանն «Առավոտի» հետ զրույցում ամփոփել է անցնող տարին:

– Պարոն Սոֆոյան: Մրցաշրջան 2014-ում Հայաստանի ըմբիշները պաշտոնական մրցումներում ընդհանուր առմամբ նվաճեցին 29 մեդալ, որոնցից 18-ը` հունահռոմեականները, 11-ը` ազատ ոճայինները: Համեմատած 2013-ի հետ՝ մեդալների քանակը, եթե չեմ սխալվում, մեկով պակասել է:

– Խնդիրը ոչ այնքան քանակի, որքան որակի մեջ է: Եթե այս տարի երեք տարիքային խմբերում 40-50 բրոնզե մեդալ ունենայինք, կհամաձայնեիք, որ ֆեդերացիան լա՞վ է աշխատել: Մենք մրցաշրջան 2014-ում մեծահասակների աշխարհի երկու չեմպիոն տվեցինք: Դեռ չեմ խոսում երիտասարդների Եվրոպայի 2 ոսկե, աշխարհի 2 արծաթե, Զինված ուժերի աշխարհի առաջնության 2 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե, պատանեկան օլիմպիական խաղերի մեդալների մասին: Այնպես որ, համեմատությունն անցած եւ այս մրցաշրջանների միջեւ խիստ հարաբերական է: Ես աշխատանքը գնահատում եմ ոչ այնքան մեդալների քանակով, որքան որակով: Մի շատ կարեւոր երեւույթ էլ եմ ուզում անպայման ընդգծել: Մենք այս տարի աշխարհի երկու չեմպիոն տվեցինք: Անկախ Հայաստանի պատմության մեջ նման բան չէր եղել ոչ միայն ըմբշամարտում, այլեւ բոլոր մարզաձեւերում միասին վերցրած: Չէր եղել, որ Հայաստանը որեւէ մարզաձեւի միեւնույն աշխարհի առաջնությունում երկու ոսկի նվաճի: Սա ֆեդերացիայի աշխատանքի գնահատականն է:

– Երբ ֆեդերացիան գլխավորեց Սամվել Կարապետյանը, սկզբում ավելի կարեւորվում էր մեդալների քանա՞կը:

– Նման բան չի եղել: Սամվել Կարապետյանից առաջ էլ մեդալներ եղել են, այդ թվում նաեւ` աշխարհի առաջնության ոսկե: Եվ եթե հիշում եք, պարոն Կարապետյանը ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո իր առաջին ելույթում ասաց, որ ինչ եղել է, դա անցյալում է` այսուհետեւ իրեն կբավարարի միայն նախորդ արդյունքները գերազանցելը, ինչի ուղղությամբ ֆեդերացիան աշխատում է ու, կարծում եմ, բավականին հաջող: Մի հիշեցում էլ անեմ: Անցած տարի մեր երկիրը օլիմպիական մարզաձեւերում ունեցավ միայն մեկ աշխարհի չեմպիոն: Ու դա ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանն էր: Այս տարի` արդեն երկու: Ու կրկին ըմբշամարտից` հունահռոմեականներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

– Կարո՞ղ էինք այս տարվա աշխարհի առաջնությունում երրորդ ոսկին էլ ունենալ, եթե Վարշամ Բորանյանը կիսաեզրափակչում ոտքը չվնասեր:

– Եկեք խոսենք այն մասին, ինչը փաստացի ունենք: Վարշամ Բորանյանը շատ լավ հանդես եկավ: Կարո՞ղ էր մեդալ նվաճել: Իհարկե, մեծ ցանկություն ուներ: Վնասվածքը միանշանակ խանգարեց: Կարող էինք հինգն էլ ունենալ, այդ թվում՝ նաեւ ազատ ըմբշամարտից: Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիեւը, Միհրան Հարությունյանը նույնպես պատրաստ էին: Չստացվեց, չկարողացան, եւ մենք բավարարվեցինք երկու ոսկե մեդալով: Սա է իրողությունը:

– Կարծիք կա, թե Արսեն Ջուլֆալակյանը չեմպիոն դարձավ, քանի որ Ռոման Վլասովի հետ չգոտեմարտեց:

– Համամիտ չեմ: Թող Վլասովը ճանապարհի կեսից դուրս չմնար: Ջուլֆալակյանն էլ հաղթեց Վլասովին պարտության մատնողին: Արսենը բազմիցս շեշտել է, որ նախապատրաստվում է աշխարհի այս առաջնությունում հաղթելուն, այլ ոչ թե մեկ մրցակցի դեմ պայքարի: Ու իր համար միեւնույն է լինելու, թե գորգում ով կլինի մրցակիցը: Իսկ ինչի՞ չասենք, որ հենց Վլասովի բախտը բերեց:

– Ազատ ոճում միշտ ինչ-որ բան պակասում է:

– Հունահռոմեականները միշտ էլ ավելի շատ արդյունքներ են ունեցել ազատ ոճայիններից: Ամեն մարզաձեւ ունի իր նրբությունները, դժվարությունները: Ոչ մի մարզաձեւ էլ հեշտ չի: Բայց ազատ ոճի ըմբշամարտը, համեմատած հունահռոմեականի հետ, ավելի ծանր ու դժվար մրցաձեւ է: Թերեւս, պատճառն այն է, որ Հայաստանում հունահռոմեական ըմբշամարտի դպրոցն ավանդաբար ավելի լավ հիմքերի վրա է դրված:

– Որքա՞ն պետք է ազատ ըմբշամարտում այդ վիճակը պահպանվի:

– Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը լավ մասնագետ է: Բայց նա պետք է ընտրություն կատարելու լայն հնարավորություն ունենա: Տեղերում պիտի լավ կադրեր տան պատանեկան, երիտասարդական հավաքականներին, որոնցից Բաղդադյանն ընտրություն կատարի:

– Առջեւում օլիմպիական խաղերն են: Հնարավո՞ր է, որ հատկապես ազատ ըմբշամարտի հավաքականն ուժեղացնելու նպատակով դրսից ըմբիշներ բերվեն:

– Դա լուրջ հարց է եւ ոտքի վրա չի լուծվում: Մեր ֆեդերացիայի առաջնային նպատակն ըմբշամարտը Հայաստանում զարգացնելն է, որի համար կան կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր` կապված 2020 թվականի եւ հաջորդ օլիմպիական խաղերի հետ: Ինչ վերաբերում է 2016-ի օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերն սկսվելու են մի քանի ամսից: Ոչ մի երկիր իր 1-ին համարներին բաց չի թողնի: Հետեւաբար, որքանո՞վ է նպատակահարմար դրսից ըմբիշ հրավիրելը: Բայց եթե լավ տարբերակ լինի, կարելի է մտածել:

– Հաջողություն արձանագրած ըմբիշներին եւ նրանց անձնական մարզիչներին ֆեդերացիան ի՞նչ պարգեւներ է սահմանել:

– $180 հազարին համարժեք դրամ:

– Ֆեդերացիան Ռիո դե Ժանեյրոյի քանի՞ վարկանիշ է ակնկալում:

– Երկու ոճերից միասին նվազագույնը` 6-7 ուղեգիր: Այ, այստեղ քանակն արդեն որակ կարող է տալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031