Պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը՝ համշենցի երիտասարդի, միջազգային գիտաժողովի ու Մեծամորի պատմական արժեքի մասին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ոգեւորված է վերադարձել Թբիլիսիից, որտեղ վերջերս մասնակցել է «Կովկասի եւ Անատոլիայի վաղ երկաթի դարաշրջանի հնագիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին ու «Մեծամորի պեղումները» վերնագրով զեկուցումով հանդես եկել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Փիլիպոսյանը նշեց, որ իրենից բացի, միջազգային գիտաժողովում Հայաստանը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը եւ նույն բաժնի աշխատակիցներ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բաբուխյանը, գիտաշխատող Արմինե Հարությունյանը:
Պարոն Փիլիպոսյանը իր զեկուցումով ներկայացրել է 50 տարվա ընթացքում հուշարձանի տարածքում կատարված պեղումների եւ 2013-2014 թթ. հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Նրա ասելով, վրացի եւ թուրք հնագետները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես Մեծամորից հայտնաբերված եգիպտական եւ կասսիտական կնիքների հանդեպ: Դա վկայում է, որ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին Մեծամորը կարեւոր դեր է խաղացել տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացներում, եղել է մետաղաձուլական կենտրոն, առեւտրական կապեր ունեցել խեթական Բաբելոնի հետ:
Քանի որ 2015-ին լրանում է Մեծամորի պեղումների 50-ամյակը, հայ գիտնականն իր օտարերկրացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ առիթով կազմակերպվելիք գիտաժողովին: «Վրացական կողմը հայտարարեց, որ միանշանակ կարող է գալ, Թուրքիայի հնագետներից երկուսն ասացին, որ մտածում են այդ ուղղությամբ: Նման ցանկություն են հայտնել նաեւ հրեա եւ իտալացի հնագետները»,- հավելեց պարոն Փիլիպոսյանը:
Նա նաեւ մի հուզիչ դրվագ պատմեց գիտաժողովից: Նրա խոսքով, թուրքական պատվիրականության կազմում մի երիտասարդ հնագետ կար, որն արտաքնապես թուրքի նման չէր: Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ հայի էր նման, ինքը հետաքրքրվել է, հարցրել է՝ թո՞ւրք ես: Հնագետն ասել է, որ համշենցի է: «Ասացի՝ ուրեմն հայ ես, էլի, ոչինչ չպատասխանեց, միայն ժպտաց»,- պատմում է մեր զրուցակիցը: Այնուհետեւ թուրքական պատվիրակության անդամն անգլերենով հետաքրքրվել է, թե հայերն ինչպե՞ս են հայերեն ասում նորալուսին: Պատասխանը լսելուց հետո էլ ժպտալով ասել է, թե համշենցիներն էլ լուսնիկա են անվանում նորալուսնին: «Երբ գնում էր, փաթաթվեցինք, շատ ջերմ իրար հրաժեշտ տվինք»,- հիշում է Աշոտ Փիլիպոսյանը:
Ի դեպ, թուրքերը «Կովկասի եւ Անատոլիայի վաղ երկաթի դարաշրջանի հնագիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին ներկայացրել էին Վանի ավազանի վաղ բրոնզեդարյան Կուր-Արաքսյան մշակույթի մասին տեղեկատվություն, որոնք հայ մասնագետի ձեւակերպմամբ, ամբողջովին ընդունելի չէր, բայց մյուս կողմից էլ, այդ հանգամանքը կարեւոր էր, որովհետեւ առաջին անգամ էր այդ մասին տեղեկատվություն «գնում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armenia.tv-ի
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
5.12.2014