Հայ մանուկների գրադարանը համալրվում է ևս մեկ գրքով: Հրաչյա և Հասմիկ Սարիբեկյանները անգլերենից հայերեն են թարգմանել անգլիացի գրող Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հանրահայտ հեքիաթ-վիպակը, իսկ «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է այն:
«Շոկոլադային» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի խանութի դիմաց: Քաղցրասեր ու ընթերցասեր երեխաները, գնելով գիրքը, ստանում էին նաև «Գուրմէ Դուրմէ» շոկոլադ:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչու են որոշել շնորհանդեսն այս ձևով կազմակերպել. «Քանի որ գիրքը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում շոկոլադի կախարդական գործարանում, որոշեցինք համագործակցել «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի տան հետ և անել այնպիսի շնորհանդես-ակցիա, որտեղ երեխաների՝ այս գիրքը ձեռք բերելու գործընթացը կհամընկնի շատ համեղ շոկոլադ համտեսելու հետ: Հոգեբանության մեջ հայտնի է, որ երեխաների համակրանքներն ու հակակրանքները հիմնականում ասոցիատիվ են. հաճախ նրանք ինչ-որ մի բան ասոցացնում են մի այլ բանի հետ և, ըստ այդմ, սիրում են կամ չեն սիրում: Ի դեպ, երեխաներին նվիրվող շոկոլադները փաթեթավորված են գրքի շապիկի դիզայնով, և, փաստորեն, առաջին ասոցիացիան արդեն ստեղծված է: Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր այսօր այս ակցիայի ընթացքում համտեսեցին այդ շոկոլադը և արդեն տանը կսկսեն կարդալ գիրքը, հետագայում գիրք ընթերցելու պրոցեսն իրենց միշտ կհիշեցնի այդ շոկոլադի համը, և նրանք ավելի շատ կկապվեն գրքին», – ասաց Ա. Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ ընթերցանության քարոզումը պետք է սկսել ամենափոքր տարիքից:
Կարդացեք նաև
Գրականագետի համար «Չարլին և շոկոլադի գործարանը» աշխարհի ամենալավ գրքերից մեկն է: Ասում է, որ թեև այն մանկական գիրք է, բայց սեփական փորձով համոզվել է, որ մեծագույն հետաքրքրությամբ ու հափշտակությամբ է ընթերցվում նաև մի փոքր հասուն տարիքում. «Այն սովորեցնում է մեր՝ թվում է, թե շատ հետաքրքրիր դարում, երբ ամեն ինչ կա, լինել բարի ու մարդկային: Այս գիրքը ցույց է տալիս, որ, անկախ տարիքից, անկախ փորձառությունից, դու կարող ես հնարամիտ ու նպատակասլաց լինել, ունենալ վառ երևակայություն և արարել աշխարհում ևս մեկ նոր ու հրաշալի բան»,- այսպես է մեկնաբանում Ա. Նիկողոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ