«Շատերը բացակա էին, շատերը չէին քվեարկել, ուրեմն պատկերը այդքան էլ միանշանակ չէ: Դա է այս խորհրդարանի վիճակը, կողմ են քվեարկել մի կուսակցության որոշմանը»,-Aravot.am-ի հարցին` ՀՀ ԱԺ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկության պատկերը կանխատեսելի՞ էր, այն դեպքում, երբ մինչ այդ շատերը քննադատում էն Սերժ Սարգսյանին` միանձնյա որոշում կայացնելու մեջ, բայց խորհրդարանում 7 «դեմ» գրանցվեց, այսպես պատասխանեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը:
Հետաքրքրվեցինք` ի՞նչ վտանգներ են սպասվում քաղաքացիական հասարակությանը, մանավանդ, որ հայտնի է, թե ՌԴ-ում այս ոլորտի հետ կապված ինչպիսի մոտեցումներ, օրենսդրություն ու տրամադրվածություններ կան: Պարոն Տեր-Գաբրիելյանը պատասխանեց. «Մտավախություններ շատ կան, բայց չեմ կարծում, որ ՀՀ ներկայիս կառավարությունն ինքը կձեռնարկի նման քայլեր: Եթե իրենց հրամայվեց Մոսկվայից, գուցե չկամորեն, բայց կարող է ենթարկվեն: ՀՀ-ի համար հիմա օգուտ է պահպանել որոշակի ինքնիշխանություն, Արևմուտքի հետ հարաբերություններ: Ի վերջո` դա նաև ՌԴ-ին էլ է օգուտ, բայց վերջերս ՌԴ-ն ինքն իրեն վնաս քայլեր է ձեռնարկում»:
Այնուհետև պարոն Տեր-Գաբրիելյանը վկայակոչեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա այն հայտարարությունը, թե «ԵՏՄ-ն զուտ տնտեսական համագործակցության կառույց է» ու մտահոգություն հայտնեց. «Հաշվի առնելով այն, որ Պուտինը մի բան ասում է, հակառակն անում, կարելի է հասկանալ, որ հիմա ճիշտ հակառակն է արվելու»:
Այս առումով պարոն Տեր-Գաբրիելյանը կարծում է, որ ՀՀ շատ շրջաններ, անկախ նրանից` լիբերալ, թե իշխանավոր, թե հասարակական կառույցներ, միավորվելու են և ամեն գնով, ամեն ինչ անելու, որ մի թեթև անկախություն պահպանվի: Նա նշեց, թե դա արվելու է գուցե այն ձևով, որ նմանատիպ գործընթացներ կամ չեն լինի ինչպես ՌԴ-ում, կամ կլինեն ձևական: Ու օրինակ բերեց այն, որ ԽՍՀՄ-ի ժամանակ լճացման տարիներին կոմունիստական ժողովներ էին անում ՀՀ-ում, բաց ավելի ձևական բնույթ էին կրում, ինչ Մոսկվայում:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե երեկ ՀՀ ԱԺ-ում շատ էր հնչում այն կարծիքը, որ օրը պատմական է, ինչո՞վ էր այն պատմական, պարոն Տեր-Գաբրիելյանն արձագանքեց. «Երբ ԽՍՀՄ-ը քանդվում էր, երբ 1991-ին ՀՀ ժողովրդի մեծ մասը քվեարկեց հանուն անկախության, հետո, երբ ՌԴ-ն, Բելառուսը, Ուկրաինան ԽՍՀՄ-ը կազմաքանդելու մասին փաստաթուղթ ստորագրեցին, ես անձամբ դեմ էի: Ես դեմ չէի ժողովրդավարացմանը, բայց դեմ էի այդ անսպասելի անկախացմանը: ՀՀ-ն արդեն հակամարտության, շրջափակման մեջ էր, ոչ մի պետական մտածողության հետք չկար ՀՀ-ում` ի տարբերություն Մերձբալթիկայի: Այն ժամանակ ԽՍՀՄը քանդվեց հակառակ տրամաբանության և ՀՀ ժամանակի կառավարության կարծիքը չհարցնելով: Հիմա ժողովուրդը քիչ թե շատ ընտելացել է անկախությանը, ինքնիշխանությանը, հիմա մի ինչ-որ պատմական իրադարձության պես բան է տեղի ունենում, որը կարող է ինքնիշխանությանը սպառնալիք լինել: Էլի մեզ չեն հարցնում»:
Ըստ Գևորգ Տեր-Գաբրիելյանի` ժողովուրդը դեռ չի հասունացել այն աստիճան, որ ինքնիշխան լինի, ուրեմն «այդպես չարքաշ պիտի քարշ գանք`հարմարվելով, մինչև ժողովուրդը որոշի` ուզո՞ւմ է լինել ինքնիշխան, թե` ոչ»: Ըստ պարոն Տեր-Գաբրիելյանի` եթե ժողովուրդն ուզեր, 3,5, 10 տարի առաջ ընտրակաշառք չէր վերցնի: Մյուս կողմից պարոն Տեր-Գաբրիելյանը նկատում է, որ ՀՀ կառավարող օղակներն ամեն ինչ անում են, որ ժողովուրդը նման իրավիճակում հայտնվի. արտագաղթ, կրթության մակարդակի իջեցում, և այլն:
Մեր հարցին` ի վերջո դրա նպատակը ո՞րն է, պարոն Տեր-Գաբրիելյանը պատասխանեց. «Սեփական գրպանի իշխանությունը պահպանելու համար է դա արվում, դա կարճատես, նաղդի իշխանության հոգեբանություն է: Ունենք հետսովետական ամենաթունդ իշխանավորների տեսակ, որոնք ունեն նաղդի հոգեբանություն. ցածր կրթական մակարդակ, չեն պատկերացնում, թե ինչ են ժողովրդավար զարգացած երկրի, պետականության հեռանկարները: Իշխանության մեջ կան զարգացած մարդիկ, բայց նրանք շատ քիչ են և որակական հավասարակշռություն չեն կազմում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ