Լրահոս
Օրվա լրահոսը

«1984»-ը սեղանի գիրք է. Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 05,2014 21:15

«Այս նախաձեռնությունը, ինչպես այսօր քննարկվելիք Ջորջ Օրուելի  «1984»-ը հակահամազգային նախաձեռնություն է ու այդ տեսակետից գովերգելի: Ողջունելի է նաև այն, որ սրահում նստած են հիմնականում երիտասարդները»,- այսօր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի    հերթական հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Վերոնշյալ գիրքն ընտրելը պատգամավորը կապում է  Օրուելի մեկ այլ՝ «Անասնաֆերմա» ստեղծագործության հետ՝ նշելով, որ այդ գրքից Ազգային ժողովում հաճախ են  ցիտում. «Երբ ծանոթանում ես Ջորջ Օրուելի ստեղծագործությունների հետ, զգում ես՝ որքան խորաթափանց է նա, կարողանում է  ոչ միայն հասարակական հարաբերությունները պատկերավոր և ընկալելի ներկայացնել, այլ նաև անխամրելի երևույթներ ցույց տալ: Այսինքն՝ այնպես չէ, որ  նրա ստեղծագործությունները ինչ-որ մի ժամանակահատվածի համար են կառուցվում:  Այս ամենը դրդեց ինձ ընտրել «1984» վեպը, մինչ այդ չէի կարդացել: Կարդալուց հետո ես հասկանում, որ  անմար ստեղծագործությունները երբեք չեն կարող գրադարակի ինչ-որ մի հատվածում մնալ դրված: Սա, ավելի շատ, սեղանի, ձեռքի գիրք է, որովհետև հասարակական կյանքի  ասպարեզում դուք կարող եք մեջբերում  կատարել այս  ստեղծագործությունից»:

Արծվիկ Մինասյանին առաջին հայացքից թվում էր, թե  «1984»-ը պետք է վերաբերվի ամբողջատիրական հասարակությանը՝ կոմունիստականին: Բայց երկրորդ հայացքից արդեն հասկացավ, որ այն բոլոր ժամանակահատվածներին է բնորոշ:

Aravot.am-ի  հարցին, թե  բռնապետական կայսրություն չստեղծելու   և, գրքի գլխավոր հերոսի նման, ի վերջո    չպարտվելու ու  կառավարիչ ուժին՝ Մեծ Եղբորը  չսիրելու համար ինչ է անհրաժեշտ անել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ինձ թվում է Մեծ Եղբորը սիրել-չսիրելու խնդիրը չէ այստեղ: Գրքի մեջ հիմնական շեշտը մարդ մնալու զգացողության վրա է դրված: Եթե ինքդ ներսից ազատությունը չես ընկալում ու ընդունում, չես ձգտում դրան, երբեք չես կարող պայքարող տեսակ լինել: Անշուշտ, «ազատություն» չի նշանակում սանձարձակություն կամ դիվային ազատություն: Գրողը նկատի ունի այն, որ դու գիտակցում ես, որ ազատ ես այնքանով, որ  կարող ես քո մտքերը, պատկերացումները, մոտեցումներն արտահայտել: Իսկ այդ  ամենը ի վերջո պարփակված է այն գիտակցման մեջ, որ դու Աստծո կողմից ես ստեղծված: Կարծում եմ՝ սա գրքի առաջին՝ ամենակարևոր դասն է: Երկրորդն այն է, որ  այս  ստեղծագործությունը ցույց է տալիս՝ որքան արատավոր է, երբ քաղաքական կուսակցությունը դիտվում է  որպես անձանց մի խումբ, որոնց նպատակը ցանկացած գնով իշխանության գալուց հետո այդ իշխանությունը պահպանելն է: Սա դաս է այսօրվա իրականության մեջ, և այն ուղղված է բոլոր քաղաքական ուժերին: Կապ չունի, իշխանություն ես, ընդդիմություն ես, թե՝ չեզոք, եթե դու ուզում ես գալ իշխանության, ապա քո նպատակը դա չպետք է լինի»:

Aravot.am-ի մյուս  հարցին, թե  օրուելյան «1984»-ի ու հայաստանյան 2014-ի մեջ պատգամավորն ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ է, պատասխանեց. «Ես չգիտեմ՝  Մեծ Եղբորը ում հետ կարելի է համեմատել մեր իրականության մեջ,բայց այն ավելի շատ հավաքական կերպար է՝ իշխանական-օլիգարխիկ համակարգն է: Եվ եթե բոլորը սկզբում ատում են Մեծ Եղբորը, և հանկարծ սկսում են ինչ-որ պահից սիրել նրան, նշանակում է, որ հասարակության մեջ որոշ պահից սկսած փոփոխության չեն ենթարկել  պատկերացումները, զարգացման ուղղությունները: Քանի ուշ չէ, կառավարող մարմիններն այդ  փոփոխությունները պետք է սկսեն իրենցից, թե չէ հետո գրքին մոտ իրավիճակ կստեղծվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը նաև կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց, որ  սեփական նախաձեռնությամբ ցանկանում է  Ջորջ Օրուելի «1984»-ի մի քանի օրինակ բաժանել ԱԺ՝ տարբեր խմբակցությունների պատգամավորներին:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031