ՀՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու խնդիրները:
Հանդիպման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող թեմաները, սկսած Երևանում և մարզերում մարզամշակութային և կրթական օբյեկտներում մատչելի թեքահարթակների առկայությունից, ավարտած՝ շենքի ներքին հատվածներում՝ սանհանգույցների, դռների լուծումներով և այլն, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելուց: Ներկաները նախարարի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն խորհրդային շրջանում կառուցված, այլ նաև՝ նորակառույց շենքերին, վերջին շրջանում կառուցված վերգետնյա և ստորգետնյա անցումներին:
Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ թեպետ այս ոլորտի օրենսդրական դաշտն ամբողջությամբ կարգավորված է, սակայն իրականում հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք ամեն քայլափոխի հանդիպում են խոչընդոտների:
ՀՀ քաղաքաշինության նախարարը, կարևորելով հանդիպումը, լսելով բարձրացված հարցերը, կիսելով հ/կ-ների ներկայացուցիչների մտահոգությունները, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել՝ բարձրաձայնված խնդիրների հիմնարար լուծմանը, որի արդյունքում միայն կձևավորվի հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին որոշվել է համատեղ ծրագիր մշակել, որում նախանշված կլինեն բարձրացված խնդիրները և դրանց իրականացման ժամկետները:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ