Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճաղերի հետևում գտնվողները չպետք է իրենց մերժված զգան». Գևորգ Սիմոնյան

Դեկտեմբեր 05,2014 19:28

«Ճաղերի հետևում գտնվող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են: Ճիշտ է, նրանք հայտնվել են այնտեղ որոշակի արարք կատարելու հետևանքով, բայց չեն դադարում լինել հասարակության լիարժեք անդամներ: Շատ կարևոր է, որ նրանք իրենց մերժված չզգան, որովհետև այդ մերժվածությունը հետագայում չարություն, անհնազանդություն և բացասական այլ երևույթներ է ծնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների վարչության պետ Գևորգ Սիմոնյանը:

Այդ բացասական երևույթները կանխելու առումով նա շատ է կարևորում հոգևոր ծառայության դերը ՔՀԿ-ներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու և ՀՀ արդարադատության նախարարության միջև ստորագրվել է պայմանագիր, որով կարգավորվելու է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության գործունեությունը:

Հոգևոր ծառայության նպատակն է բավարարել կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, նպաստել ՔՀԿ-ներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ նպաստել կալանավորված անձանց և դատապարտյալների կեցության պայմանների բարելավմանը, նրանց ֆիզիկական, կրթամշակութային զարգացմանը, քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով՝ նպաստել պատժի կրումից հետո անձանց՝ հասարակական կյանքին ներգրավմանը:

Այսօր բանտային հոգևոր ծառայության մեջ ներգրավված է յոթ հոգևոր սպասավոր՝ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի գլխավորությամբ:

Տեր Ռուբենն այսօրվա հանդիպմանն ասաց, որ իրենց ծառայության հիմնական նպատակներից մեկը դատապարտյալների հավատքի վերականգնումն է. «Մարդիկ կան, որոնք շատ դառնացած են իրենց վիճակից, իրենց՝ բանտում հայտնվելուց և հույսի, նոր կյանք սկսելու խնդիր ունեն»,- ասում է նա: Տեր Ռուբենի խոսքով՝ դատապարտյալների մեծամասնությունը կարիք ունի հոգևոր խոսքի. «Երբ մարդը ֆիզիկական ազատության մեջ է, կյանքի բազմաթիվ հրապույրներ շեղում են նրան հոգևորից, բայց երբ մարդը զրկվում է այդ ազատությունից, արդեն նրա ներքին ազատությունն է սկսում առաջ գալ, զարգանալ, ավելի մեծ դեր խաղալ: Եվ շատ կարևոր է, որ այդ պահին նրա կողքին հոգևորական լինի, որովհետև նա կարիք ունի բավարարելու իր հոգևոր պահանջմունքները»,- ասում է աբեղան:

Տարիների փորձը նրան ցույց է տվել, որ ում հետ կալանավորվելու առաջին օրերին, այսինքն՝ ամենածանր ժամանակ են հանդիպում իրենք՝ հոգևոր սպասավորները, նրա մեջ հետագայում հավատքի նկատմամբ ուշադրությունն սկսում է մեծանալ:

Անդրադառնալով կալանավայրերում ինքնասպանությունների, ինքնախեղումների փորձերի կանխմանը՝ Տեր Ռուբենն ասաց, որ ինչպես ՔԿՀ-ներում, այնպես էլ զորամասերում, չկա վիճակագրություն, թե դրանցից քանիսն են կանխվել հոգևոր ծառայության արդյունքում. «Որովհետև ոչ մեկ չի գա ձեզ պատմի, որ ցանկացել է նման բան անել, բայց հոգևորականի խոսքը լսելով՝ մտափոխվել է»,- բացատրեց նա:

Տեր Ռուբենը կարևորեց նաև դատապարտյալների զբաղմունքի հարցը. «Անհրաժեշտ է, որ նրանք զբաղմունք ունենան, որովհետև դուրս գալուց հետո նրանց համար դժվար կլինի աշխատելը. «հետ վարժված» կլինեն: Իսկ այդպիսի դեպքերում, սովորաբար, հաջորդ քայլը լինում է ուրիշին վնասելը, ուրիշի ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունը, որպեսզի կարողանա ապրել»,- ասաց Տեր Ռուբենը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031