Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներին վերջնահաշվարկ կտան, թե` ոչ, պարզ կլինի փետրվարի 9-ին

Դեկտեմբեր 05,2014 19:22

Այսօր առավոտյան նաիրիտցիները հավաքվելով «Նաիրիտ» գործարանի մոտ,  տնօրինությունից պահանջում էին խորհրդի նիստ հրավիրել, որտեղ պետք է քննարկվեր նաիրիտցիների աշխատավարձերի խնդիրը:

Հիշեցնենք, որ օրերս նաիրիտցիներին ծանուցել են, որ մեծ մասը փետրվարի 6-ից աշխատանքից ազատված է, սակայն աշխատավարձերի պարտքերի մարման մասին ոչինչ չի ասվել:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանն Aravot.am-ին ասաց, որ խորհրդի նիստ հրավիրելու իրենց առաջարկը տնօրինությունը մերժել է, պատճառաբանելով, որ նոյեմբերի 5-ին է եղել գործարանի խորհրդի նիստը: Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի մարմանն, ապա, ինչպես պարոն Թադեւոսյանն ասաց, տնօրենը վստահեցրել է, որ կառավարությունը զբաղվում է այդ խնդրով:

«Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն էլ Aravot.am-ին վստահեցրեց, որ դեկտեմբերի 8-ին` երկուշաբթի օրը ժամը 11.00-ին նաիրիտցիները նորից հավաքվելու են գործարանի մոտ եւ բողոքի ակցիա են անելու:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումներ ստանալուց հետո լուրեր են շրջանառվում, որ գործարանը հնարավոր է լուծարվի: Այս առնչությամբ էլ Անուշ Հարությունյանն ասաց, որ բոլորի մոտ էլ մտավախություն կա, բայց կառավարությունը խոստացել է, որ Համաշխարհային բանկի կողմից գործարանում կանցկացվի տեխնիկական աուդիտ . «Գուցե տեխնիկական աուդիտ անցկացվի եւ որոշեն վերագործարկել գործարանը, գուցե` ոչ: Բնականաբար, աշխատակիցները որեւէ լծակ չունեն ազդելու որոշման վրա, մարդիկ այս պահին պայքարում են իրենց վերջնահաշվարկը ստանալու համար»: Աշխատավարձերի պարտքն, ինչպես Անուշ Հարությունյանն ասաց,միջինը 18 ամսվա է:

Նշենք, որ նոյեմբերի 27-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտում» հանդիպել է աշխատակիցներ հետ. հանդիպման ժամանակ պարոն նախարարն ասել է, որ գործարանի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 միլիարդ դրամ, որից 6 միլիարդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 միլիարդը՝ վարկային պարտավորություններ են, 20 միլիարդ էլ պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը բյուջետային պարտք է, 1,4 միլիարդ պարտք է «Գազպրոմ Արմենիային», իսկ 1,2 միլիարդն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Թե ինչպե՞ս կլուծվի աշխատանքից ազատվածների աշխատավարձերի պարտքերի` վերջնահաշվարկի խնդիրը, գործարանի արհմիության նախագահն ասաց` «Պարզ կլինի փետրվարի 9-ին, փետրվարի 6-ով ազատված ենք, 3 օրում վերջնահաշվարկ եւ այլն են կազմում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031