Հայաստանի մաս-ռեստլինգի հավաքականը վերադարձել է Յակուտիայից, որտեղ անցկացված աշխարհի անդրանիկ առաջնությունում նվաճել է բեկ բրոնզե մեդալ:
Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հավաքականի մարզիչ Արտավազդ Նալբանդյանը, մասնակիցներ Կարեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Դավթյանը պատմեցին մեզանում անհայտ այս մարզաձեւի եւ աշխարհի առաջնությունում իրենց մասնակցության մասին:
«Մաս-ռեսթլինգը, որ ծնունդ է առել Յակուտիայում, շատ նման է հայկական «Փայտ քաշոցի» ավանդական խաղին, – ասաց Արտավազդ Նալբանդյանը: Այն ուժային մարզաձեւերի համադրություն է, որտեղ, սակայն, որոշիչ դեր է կատարում տեխնիկան: Մարզիկները նստում են դեմ-դիմաց, ոտքերով հենվում սահման հանդիսացող փայտին եւ աշխատում միմյանց ձեռքից խլել փայտը, կամ մրցակցին սահմանից քաշելով անցկացնել իր կողմը: Մենք մինչեւ Յակուտիա մեկնելը Հայաստանում անցկացրինք մրցումներ, հանրապետության առաջնություն, որին մասնակցեց 10-ից ավելի մարդ` ուժային եռամարտիկներ, վորթ քաութիստներ, ծանրորդներ, անգամ ձյուդոիստներ: Բոլորն էլ, հասկանալի է, ֆիզիկապես ուժեղ էին, բայց պարտվեցին: Այդպես եղավ նաեւ Յակուտիայում: 36 երկրների 200-ից ավելի մասնակիցների մեջ բոլոր 12 քաշային կարգերում հաղթեցին Յակուտիայի մարզիկները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանը»:
Կարդացեք նաև
Կարեն Մարտիրոսյանը, որ հանդես է եկել 70 կգ քաշային կարգում եւ 3-րդ մրցանակակիր դարձել, ավելացրեց. «Ես եւ Հովհաննես Դավթյանը պարապել ենք արմռեսթլինգով ու որոշակի անձնական հաջողություններ ունեցել ենք: Աշխարհի առաջնությունում մենք ցույց տվեցինք, որ ֆիզիկապես ոչ-ոքի չենք զիջում, բայց մեր մտքով անգամ չէր անցնում, որ փայտը խլել հնարավոր է տեխնիկական կատարման օգնությամբ: Անձամբ ես դրա պատճառով պարտվեցի: Մտքովս չէր անցնում, որ փայտը կարելի է պտտեցնել մրցակցի ձեռքերի մեջ եւ հեշտությամբ վերցնել: Հիմա մենք որոշակի փորձառություն կուտակեցինք ու մարզումների ժամանակ ավելի շատ աշխատելու ենք տեխնիկայի վրա: Հույս ունենք, որ դա մեզ, հավաքականի անդամներին կօգնի եկող տարի անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ու ավելի բարձր ձուլվածքի մեդալներ նվաճել»:
Բանախոսների խոսքերով 2001 թվականին հիմնադրված իրենց ֆեդերացիան չի ֆինանսավորվում եւ աշխարհի առաջնություն մեկնելու համար իրենց աջակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ասացին, որ հեռանկարում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ՀԱՕԿ-ի հետ համագործակցելու նախադրյալներ կան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ