Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է մի իրավիճակ, երբ ընդդիմադիրը չի պայքարի ընդդիմադիրի դեմ»

Դեկտեմբեր 05,2014 17:49

«Ժառանգության» կազմակերպած քաղաքացիական ժողովը Ազատության հրապարակում այս պահին սկսվել է:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ երեկ ԱԺ-ում ԵՏՄ-ի անդամակցության մասին պայմանագրի քվեարկությանը ու ասաց, որ չի ցանկանում դավաճանություն անվանել. «Դավաճանություն է, որ թույլ տվեցինք այս իշխանությունները մնան ու երեք ու կես տարի եվրոպացիների հետ տունտունիկ խաղան, որ եվրոպացիները ճանաչեն կեղծված ընտրությունները, դավաճան ենք, որ չկարողացանք պաշտպանել մեր պետության ազատությունն ու ինքնիշխանությունը: Որեւէ մեկին դավաճան չեմ ասելու: Այս իշխանություններն իրենց լեգիտիմությունը պահելու համար մեր անկախության հետ խաղ խաղացին: Մենակ իրենց մեղավորությունը չէ, մերն էլ է: Եղել ու մնում եմ համոզված կողմնակիցը միասնական պայքարի, առանց միասնական պայքարի չենք կարողանալու առաջ շարժվել:

Բայց ակնհայտ է, որ ամեն մեկը քաղաքական իրենց նեղ շահերով առաջ շարժվեցին, դրա պատճառով այսօր այս վիճակում ենք, այս իշխանությունները կեղծված ընտրություններով մեզ բերեցին հասցրին այս օրին: Կոնյունկտուրայից ելնելով խորհրդարանական ուժերը քվեարկություն կատարեցին, երեւի պետք չէր անել, բայց հաշվարկեցին քաղաքական անհրաժեշտությամբ:

Կեղծ նախագահության կողքին կանգնելով՝ բերեցին մեզ այս օրը: Մենք մինչեւ իշխանափոխություն Հայաստանում չիրականացնենք, չենք կարողանալու ազգային շահի վրա հիմնված արտաքին քաղաքականություն իրականացնել, իշխանությունները կեղծում են՝ ասելով, թե տնտեսական համաձայնագիր էր ու անվտանգության հետ կապ չունի, եթե այդպես է՝ ապա Հայաստանը միանալու շարժառիթ չուներ, տնտեսական առումով խոցելի ենք լինելու, եթե անվտանգության հետ կապված համաձայնագիր էր, ապա Ռուսաստանի հետ 49 տարով համաձայնագիր ունենք, ՀԱՊԿ անդամ ենք, դրանք են անվտանգության կառույցները: Մեզ պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի միջոցով Հայաստանում կկարողանանք բերել լեգիտիմ իշխանություն ու կկարողանանք աշխարհի հետ նորմալ հարաբերվել: Եվ չի լինի մի իրավիճակ, որ իշխանությունը թաքնվի ընդդիմադիրի թիկունքում ու ընդդիմադիրը պայքարի ընդդիմադիրի դեմ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031