Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մասնակցությամբ աշխատանքներն է սկսել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված աշխատաժողովը

Դեկտեմբեր 05,2014 17:17

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցերով աշխատաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության համատեղ ջանքերով:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման  կազմակերպիչներին, հյուրերին և մասնակիցներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջ զարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների  կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրմամբ:

Այսօր համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը՝ հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Պետք է մեծ գոհունակությամբ նշեմ, որ բոլոր միջոցառումները, որոնք «ճանապարհային քարտեզով» նախատեսված էին իրականացնել մինչ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը, ի ուրախություն մեր բոլորի, կատարված են: Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:

Մասնավորապես, անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանն այն նոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Դրան էլ նվիրված է մեր  այսօրվա միջոցառումը:

Կցանկանայի հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի, այսինքն՝ «ճանապարհային քարտեզի» մշակման և իրականացման ուղղությամբ այս կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ համատեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք:

Կցանկանայի նաև ընդգծել տիկին Վալովայայի անձնական մեծ ներդրումն այս աշխատանքների իրականացման գործում:

Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները կօժանդակեն մեր գործարարներին՝ տնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման առումով»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031