Դեկտեմբերի 5, 2014 թ., Երևան – Այսօր ողջ աշխարհում նշվում է կամավորների միջազգային օրը (ԿՄՕ): Համաշխարհային շարժման շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորները և գրասենյակում ուսումնական պրակտիկա անցնող երիտասարդները կազմակերպեցին Կամավորության տոնավաճառ՝ ուղղված երիտասարդության շրջանում կամավորության խթանմանը և Հայաստանում կամավորական աշխատանք ու հնարավորություններ ապահովող կազմակերպությունների ներկայացմանը:
Կամավորության տոնավաճառի բացումն ազդարարեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Հենրիետ Արենսը՝ անդրադառնալով զարգացման աշխատանքում կամավորության ուժին. «Կամավորությունը հզոր միջոց է՝ ներգրավելու մարդկանց զարգացման մարտահրավերներին դիմակայելու հարցում, և այն կարող է փոխակերպել զարգացման ընթացքն ու բնույթը: Կամավորությունից շահում է ամբողջ հասարակությունը, շահում է և անհատ կամավորը՝ քաղաքացիների միջև վստահությունը, համախմբվածությունը և փոխգործակցությունն ամրապնդելու և նպատակասլաց կերպով մասնակցության հնարավորություններ ստեղծելու միջոցով»:
Օրվա շրջանակներում ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվեց նաև արյան նվիրաբերություն, և, ինչը շուրջ 50 երիտասարդներ արյուն նվիրաբերեցին նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:
Տոնավաճառին մասնակցեցին Հայաստանում մարդու իրավունքների և համայնքների զարգացման ոլորտում աշխատող ավելի քան 20 միջազգային և տեղական կազմակերպություններ: Տոնավաճառը լավ հնարավորություն էր երիտասարդների համար՝ գտնելու կամավորության կամ ուսնակության հնարավորություններ, որպեսզի կարողանան օգնել իրենց համայնքներին և ազդեցություն ունենալ այնտեղ:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի կամավորներ (ՄԱԿԿ) ծրագրի համակարգող, ՄԱԶԾ հայաստանյան գործակալության ներկայացուցիչ տիկին Նաիրա Օլքինյանի կարծիքով քաղաքականություններում և ծրագրերում կամավորության ներառումը կարևոր է. «Ներկայումս ՄԱԿԿ-ն արձագանքներ է հավաքում 2016-2025 թթ. գործողությունների տասնամյա ծրագրի վերաբերյալ՝ զարգացման աշխատանքում կամավորական ներգրավվածության նպատակով, նախքան ծրագրի ներկայացումը ՄԱԿ-ի 2015 թ. Ընդհանուր վեհաժողովին։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կամավորության արժևորումը և այդ նպատակով ստեղծել հնարավորություններն ընդլայնող միջավայր»։
ՄԱԿԿ ծրագիրը ՄԱԿ-ի կազմակերպություններից է, որը քարոզում և խթանում է կամավորությունը ողջ աշխարհում: Հայաստանում ՄԱԿԿ-ը սկսել է գործել 1994 թվականից՝ երկրում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրմանը զուգահեռ: Առայսօր ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում և ծրագրերում աշխատել են ՄԱԿ-ի 45 տեղացի և միջազգային կամավորներ, այդ թվում՝ Միացյալ թագավորությունից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սուդանից, Կանադայից, Պակիստանից, Չեխիայի Հանրապետությունից, Բուլղարիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից:
Սկսած 1985 թ., երբ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից դեկտեմբերի 5-ը հայտարարվեց Կամավորների միջազգային օր, կառավարությունները, ՄԱԿ-ի համակարգը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաջողությամբ միավորեցին ամբողջ աշխարհի կամավորներին՝ նշելու այս օրը: ԿՄՕ-ն հնարավորություն է կամավորներ ընդգրկող կազմակերպությունների և անհատ կամավորների համար՝ իրենց ներդրումներն ուղղելու տեղական, ազգային և միջազգային զարգացմանը: