Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թ-ից ամբողջ աշխարհում, որին մասնակցում են 150 երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր:
Այս տարի Երգչախմբային արվեստի միջազգային օրը Հայաստանում կնշվի դեկտեմբերի 6-ին, որի շրջանակներում ելույթ կունենան Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, ինչպես նաև Արցախի երգչախմբերը մարզկենտրոններում, իսկ Հանրապետության լավագույն 11 պետական, մանկական և սիրողական երգչախմբերը հանդես կգան Երևանի «Արամ Խաչատրյանի» անվան մեծ համերգասրահում ժամը 14:00-ին:
«Այս տարի մեզ միացել են որոշ մարզեր, և ես վստահ եմ, որ կանցնեն տարիներ ու ամբողջ Հայաստանի մարզերով ենք միանալու: Մենք ուզում ենք, որ Արմենիա բառի տակ շատ երգչախմբեր և երգիչներ երևան: «Արամ Խաչատրյանի» մեծ համերգասրահում վաղը հանդես կգա 11 երգչախումբ, որտեղ կան և նոր երգչախմբեր: Այս տարի դեբյուտի նման բան ենք ունենալու և արդեն մեկ տարի ձևավորված արական երգչախումբ ենք ներկայացնելու», – ասաց ասուլիսին ներկա գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
«Մեդիա կենտրոնի» ասուլիսին ներկա էին Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը, Փարոս երգչախմբի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Միքայելյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը, և ՀՀ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանն ասաց, որ երգչախմբային արվեստը մասսայական բնույթ կրող արվեստ է:
«Եվ հայ ժողովուրդը, հանձինս Կոմիտասի պատգամի, շարունակում է հետևողական լինել այս արվեստի զարգացմանը: Սրանք պետական, ռազմավարական նշանակության քայլեր են, հատկապեսˋ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Շնորհիվ մեր նվիրյալ խմբավարների, մեր երգչախմբերը լայն գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»,-ասաց Արմինե Ղազարյանը:
Նա հավելեց, որ տարեցտարի քայլեր է կատարվումˋ ուղղված երգչախմբային արվեստի զարգացմանը, և այս տարի կա զարգացում նաև դիմորդների հարցում:
«Մենք երկրորդ տարին է անընդմեջ մասնակցում ենք և դպրոցական երգչախմբերից սկսած մինչև պրոֆեսիոնալներ, բոլորը իրար հետ հավասար երգում են: Դրանցի ավելի հաճելի բա չկա: Եվ մեր երգչախմբի անդամները, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, նույնպես մասնակցում են ու զգում մեր հասարակության մեջ իրենց լիարժեք: Սա ևս մեկ քայլ է, որ բոլորս մեկ բեմում ենք ու երգում ենք միասին: Ես երազում եմ, որ մի օր կգա, որ մենք ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահը կլցնենք, այլ Մերձբալթյան երկրների նման մի ամբողջ մարզադաշտ կլցնենք և տաս հազարներով կերգենք»,-ասաց «Փարոս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Միքայելյանը:
Տիգրան Հեքեքյանն էլ նշեց, որ այս երգչախմբային արվեստի միջազգային օրը նպատակ ունի նաև երիտասարդ խմբավարներին առաջ բերելու:
«Երգչախմբային արվեստը դա համախմբող արվեստ է, և այս առումով այս մշակութային կամուրջը մարզերի և մայրաքաղաքի միջև, բավականին լավ առիթ է, որպեսզի այդ կամուրջը, այդ հետադարձ կապը ձևավորվի համատեղ գործունեության միջոցով»,-ասաց ՀՀ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:
«Մեդիա կենտրոն»