«ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ ժողովրդավարական քաղաքական ռեժիմները չունեն ներկայիս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը փոխելու իրական շարժառիթներ». «Ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի հեռանկարները» խորագրով վերլուծության մեջ այսպիսի միտք է ամրագրված: Վերլուծությունը պատրաստվել է Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի աջակցությամբ՝ 2014-ին ՀՀ-ում անցկացված փաստաթղթերի վերլուծությունների, փորձագիտական հարցման և ֆոկուս-խմբերի քննարկման արդյունքում ստացված տվյալների հիման վրա:
Այսօր «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» դահլիճում տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարներին նվիրված քննարկում:
Կոնֆլիկտաբան Արտակ Այունցը նկատեց. «Մեր նյութի նորարարությունն այն է, որ չենք անդրադառնում լուծմանն այն տեքսով, որ այսօր անդրադառնում են, այլ անդրադառնում ենք տրանսֆորմացիային: Այսօր ղարաբաղյան հակամարտության մասին մակերեսային է խոսվում, գիտական խորքային վերլուծություններ քիչ են արվում հակամարտության տրանսֆորմացիայի հեռանկարների մասին»:
Արտակ Այունցը նկատեց. «Կոնֆլիկտը չի լուծվում միայն խաղաղության համաձայնագրի ստորագրման փաստով: Կա կոնֆլիկտի շուրջ ձևավորված մի մեծ դաշտ, որտեղ քաղհասարակությունը պիտի ծավալի գործունեություն»:
Կարդացեք նաև
Պարոն Այունցը նշեց, որ շեշտը հատկապես դրվել է նրա վրա, որ անհրաժեշտ է զերծ մնալ պատերազմական հռետորաբանությունից: Այնուհետև կոնֆլիկտաբանը մտահոգվեց. «Այդ հռետորաբանությունն անընդհատ նետվում է քարոզչության դաշտը, որը մեզ դրդում է տեղեկատվական պատերազմների»:
Վերլուծության մեջ ներկայացվել են նաև հստակ առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նրան, թե ստեղծված իրավիճակում ինչ կարելի է անել՝ մատնանշելով երիտասարդությանն ուղղված ծրագրերը, զինադադարի ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այլն: Իշխանություններին առաջարկում են թուլացնել ռազմատենչ հռետորաբանությունը:
Կոնֆլիկտաբանը նաև մտահոգություն հայտնեց, թե երբ իրենք թիրախային խմբերի հետ հանդիպումներ էին անում գարնանն ու ամռանը, սահմանամերձ շրջանների բնակիչներն ավելի բաց էին զրույցների, սակայն շփման գծում լարվածությունը «շատ վատ անդրադարձավ հակամարտության տրանսֆորմացիայի տրամաբանության վրա»:
Այս համատեքստում մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը՝ պատժել բոլոր այն գործիչներին, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են Հայաստանի հետ: Այս առիթով քաղաքագետ Միքայել Զոլյանն ասաց. «Խնդիրն այն է, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն փորձում են ընդհատել կապերը Հայաստանի հետ, այլև վերահսկողություն սահմանել անկախ աշխատել փորձող գործիչների նկատմամբ, ուստի վերջիններս հայտնվում են իշխանությունների թիրախում: Սակայն այդքանով հանդերձ կան գործիչներ, որոնք այժմ էլ իրականացնում են ծրագրեր»:
Անդրադառնալով վերլուծության արդյունքներին՝ Միքայել Զոլյանը նշեց. «Այս իրավիճակում կոնֆլիկտի լուծման հիմնական և անհրաժեշտ պայմանն այն է, որ վերնախավերը շահագրգռված լինեն հակամարտության լուծմամբ: Մենք եկել ենք այն եզրակացության, որ դրանք այսօր շահագրգռված չեն հակամարտության լուծմամբ, նրանք նաև շահագրգռված չեն կոնֆլիկտի էսկալյացիայով»:
Պատմաբան Տիգրան Զաքարյանը հիշեցրեց, որ գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ ու շեշտեց. «Տեղեկատվական պատերազմը չի ենթադրում թշնամության քարոզում: Օրինակ՝ ուղղաթիռի հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ ԼՂՀ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ օգտագործված էր ասկյար բառը, որը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»:
Նշենք, որ վերլուծությունը հնարավոր է տպագրվի միջազգային հեղինակավոր ամսագրերում, ինչը նախադեպային կլինի, երբ միջազգային ակադեմիական հանրությունը ընդունում է մի վերլուծություն ղարաբաղյան հակամարտության թեմայով, որը կատարել է հակամարտության կողմերից մեկը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ