1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքները մասնագետների համար անսպասելի չէին եւ ոչ էլ զարմանալի, քանի որ մարդկային զոհերը եւ նյութական վնասները պայմանավորված էին ոչ սեյսմակայուն շինությունների փլուզմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշպանության ծառայության շենք- շինությունների բաժնի պետ Գուրգեն Նամալյանը. «Փորձը ցույց է տալիս, որ ավերիչ երկրաշարժերը աղետալի են լինում միայն տնտեսապես թույլ զարգացած երկրների համար, քանի որ այնտեղ չեն կարողանում կառուցել սեյսմակայուն շենքեր»:
Ըստ բանախոսի՝ Սպիտակում շենքերի մասսայական փլուզման հիմնական պատճառները մի քանիսն էին՝ սեյսմիկ վտանգի թերագնահատումը, սեյսմակայուն շինարարության անկատար նորմերը, նախագծերում թույլ տված բազմաթիվ սխալները եւ շինարարական աշխատանքների շատ ցածր որակը. «Մյուս հանգամանքն էլ այն ինքնագործունեւությունն էր, որը մեր երկրում անում են՝ քանդում են տան պատերը, վերնահարկեր են կառուցում, նկուղային հարկերն են քանդում»:
Պրն Նամալյանը տեղեկացրեց, որ Հայաստանում սեյսմիկ ռիսկերը նվազեցվել են երկրի հյուսիսային հատվածում: Երեւան քաղաքում շատ քիչ քայլեր են արվել շենքերի սեյսմադիմացկունությունը բարձրացնելու համար. «Երեւանը մեր երկրի ամենառիսկային գոտին է երկրաշարժերի համար: Այն ոչ միայն ցածր սեյսմակայունությամբ շենքերով է կառուցապատված, այլեւ շատ խտությամբ է կառուցապատված»:
ՀՀ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքով էլ՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անցել է 26 տարի, սակայն հիմա Հայաստանն ավելի պատրաստ է ուժեղ երկրաշարժերին: Ըստ նրա՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար երեք կարեւորագույն բաղադրիչ կա. «Մեկը սեյսմիկ վտանգի ճիշտ գնահատումն է, մյուսը շենքերի եւ շինությունների սեյսմակայունության ապահովումն է, իսկ երրորդը հասարակության իրազեկվածությունն է սեյսմիկ պաշտպանության վարքականոններին»:
Կարդացեք նաև
Պրն Պետրոսյանի համոզմամբ՝ «Ակնհայտ է, որ մենք պատրաստ չէինք Սպիտակի աղետալի երկրաշարժին եւ դրա դասերը մեր կառավարությանը ստիպեցին 1991 թվականին ստեղծել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի գործառույթն է Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը»:
Անդրադառնալով ներկայումս Երեւան քաղաքում սեյսմակայուն շինություններին, նա նշեց, որ մայրաքաղաքում վտանգից խուսափելու համար շինությունները պետք է կառուցվեն 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու համար. «Նախկինում մայրաքաղաքում շենքերը կառուցվում էին 7 բալ ուժգնության համար, որը պետք է 2 բալով ավելացնել»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ