Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, եղել է փխրուն տնտեսական աճ

Դեկտեմբեր 05,2014 15:22

2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում եղել է փխրուն տնտեսական աճ:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը՝ խոսելով համաշխարհային տնտեսության հեռանկարներից եւ դրանց հնարավոր ազդեցությունից Հայաստանի տնտեսության վրա:

«Աշխարհի խոշոր երկրների տնտեսությունները դեռեւս վերջնականապես չեն վերականգնվել»,-նշեց տիկին Սանչեսը: Ըստ նրա՝ 2015 թվականին ԱՄՆ-ում կանխատեսվում է 5 տոկոս տնտեսական աճ, եւ որ այս ցուցանիշը կարեւորագույն դեր է խաղում աշխարհի մյուս երկրներում տնտեսական աճի համար: Եվրամիության երկրներում կանխատեսվում է 1,4 տոկոս տնտեսական աճ, Չինաստանում՝ 7,1 տոկոս, սակայն այս ցուցանիշները նախկինում արձանագրած տվյալներից ցածր են: Դե իսկ Ռուսաստանը չի էլ կարողանա ապահովել անգամ մեկ տոկոս տնտեսական աճ եւ առավելագույնը կգրանցի 0,8 տոկոս:

Թերեզա Դաբան Սանչեսի խոսքով՝ համաշխարհային տնտեսության նման զարգացումների ֆոնին, Հայաստանում այս տարի գրանցվել է աճի դանդաղում՝ մինչեւ 2,6 տոկոս, իսկ հաջորդ տարի կլինի մի փոքր ավելի՝ 3,3 տոկոս. «Նվազման նման ռիսկերը պայմանավորված են աշխարհաքաղաքական դրությունով՝ հատկապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված կոնֆլիկտային դրությամբ, որն էլ տանում էլ դեպի Եվրոպայի եւ Ռուսաստանի դանդաղ տնտեսական զարգացմանը»:

Ռուսաստանում ստեղծված տնտեսական դրությունը, ըստ բանախոսի, ուղղակիորեն ազդում է դեպի Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների վրա, ինչպես նաեւ արտահանման վրա. «Դե իսկ այս ամենն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի արժեզրկվի հայկական դրամը՝ պայմանավորված ռուբլու՝ դոլարի նկատմամբ արժեզրկմամբ»: Տիկին Սանչեսը վստահեցնում է, որ համաշխարհային տնտեսության նման փխրուն դրության պայմաններում արժեզրկվում են լարին եւ եվրոն:

Թերեզա Դաբան Սանչեսը Հայաստանում իրավիճակի շտկման համար մի քանի գործիքներ է առաջարկում, որոնցից մեկն էլ հենց Կենտրոնական բանկի միջամտությունն է:

Բանախոսը, նաեւ տնտեսության մեջ նման տատանումներից զերծ մնալու համար, Հայաստանի կառավարությանն առաջարկում է օգտագործել այն հիմնական գործիքը, որով նրանք կարող են կարգավորել դրությունը. «Հայաստանի իշխանությունները, նախ եւ առաջ պետք է օգտագործեն բյուջեն եւ այս միջավայրում, երբ Ռուսաստանի տնտեսությունն ուղղակիորեն ազդում է Հայկական տնտեսության վրա, բյուջեի նպատակաուղղված օգտագործումը կբերի նրան, որ գները կկարգավորվեն երկրում»:

Հարցին, թե ինչպիսին կլինի դրամի արտարժույթի տատանումը մինչեւ տարվա վերջ, Թերեզա Դաբան Սանչեսը ասաց, որ դա շատ դժվար է կանխատեսել:

Անդրադառնալով Հայաստանում վերջերս գրանցված գնաճին, բանախոսը նշեց, որ փոխարժեքի տատանումների հետ գները կարող են փոխվել. «Գնաճի վրա դրամի արժեզրկման ազդեցությունը հնարավոր է կառավարել: Սակայն հետագա կանխատեսումների վերաբերյալ դեռեւս տվյալներ չկան, իսկ կառավարությունն էլ կանխատեսել էր, որ գնաճը կլինի 5 տոկոս»: Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը կարող է բարձրացնել դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների գները, որն էլ կարող է լավ առիթ հանդիսանալ տեղական ապրանքների մրցունակության բարձրացման համար:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031