ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը ԵՏՄ անդամակցության հետ կապված ասել էր, որ Հայաստանը սովոր է լծի տակ ապրել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ փաստորեն, հայ ժողովրդին նորից լծի տա՞կ եք դնում այդ որոշմամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նա նկատի է ունեցել, որ մենք հիմա լծերից ազատվում ենք: Եղել է ժամանակ, որ մենք չենք ունեցել պետականություն, հիմա մենք ինքնուրույն, անկախ պետություն ենք»:
Լրագրողներից մեկի հարցին, որ ՀՀԿ-ի պատկերն առաջին անգամ չէ, որ երեւում է հանրության առաջ, բայց երկրի համար կարեւորագույն որոշում էր ընդունվում եւ ձեր խմբակցությունից շատ մարդիկ չգիտեին՝ ԵՄ-ին են ինտեգրվո՞ւմ, թե՞ ԵՏՄ-ին, չե՞ք ամաչում Ձեր գործընկերների համար: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իսկ դուք չե՞ք ամաչում ձեր տված հարցի համար: Այո, ՀՀԿ-ի դեմքը միշտ երեւում է, եւ մենք հպարտանում ենք այդ դեմքի համար, որովհետեւ մենք անում ենք կառուցողական քաղաքականություն: Նրանք ասել են՝ էական չի, թե մենք ուր ենք գնում՝ դա կլինի ԵՄ, թե ԵՏՄ, մեզ համար կարեւորն այն է, որ մենք պահպանենք մեր անկախությունը: Կան մարդիկ, որ ունեն հստակ դիրքորոշում, իսկ ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ում մարդիկ չեն կարող առանձին մտածելակերպ ունենան»:
Հարցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քվեարկության ժամանակ ՀՀԿ որոշ պատգամավորներ կողմ եւ ձեռնպահ քվեարկեցին, այսինքն, խրամատից կրակեցին ժողովրդի օգտին, ինչպե՞ս եք դա բացատրում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որեւէ մեկն այդ կրակոցներից վիրավորվե՞լ է: Դե լավ է, որ վիրավորներ չեն եղել: Մենք կատեգորիկ չենք դրել, թե ով ինչ կարծիք հայտնի: Բայց դրանք եղել են թյուրիմացություն, 3 պատգամավոր ձեռք են բարձրացրել, որ շփոթվել են: Քանի որ դա քվեարկության արդյունքների վրա ազդեցություն չի ունեցել, քարտուղարությունը ուշադրություն չի դարձրել: Բայց ես վատ չեմ նայում դրան, որովհետեւ ԸՕ-ն բարեփոխումների կարիք ունի, մենք միշտ դա ասել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ