Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Իրականում, «Ֆեյսբուքը» շատ լուրջ հետեւում է»

Դեկտեմբեր 05,2014 14:36

«Իրականում, ոչինչ չի փոխվում. «Ֆեյսբուքը» պարզապես ի մի է բերում այն, ինչ գոյություն ունի»,- այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայտարարությանը, թե օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականություն է վարում, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ այդ քայլով սոցիալական ցանցը հաշվի է առնում վերջին տարիների ընթացքում «Ֆեյսբուքի» շուրջ բարձրացած աղմուկը. «Դրանցից մեկը ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ամբողջ տեղեկատվության վերահսկողության մասին տեղեկատվությունն է, որը տարածեց Էդուարդ Սնոուդենը, ըստ որի՝ Ազգային անվտանգության գործակալությունը փաստացի անմիջական մուտք ունի դեպի ներքին տվյալներ, ներառյալ՝ նամակագրությունը: Երկրորդը՝ մի քանի դեպքեր, երբ հայտնի դարձավ՝ օգտատերերի մասին տեղեկատվությունը փոխանցվել է տարբեր մարքեթինգային գործակալություններին, որը թույլ է տալիս ավելի թիրախավորված գովազդ իրականացնել: Երրորդն էլ այն ժամանակ էր, երբ պարզվեց, որ օգտատերերից մի մասի վրա գիտափորձ է անցկացվել՝ առանց իրենց զգուշացնելու»:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ «Ֆեյսբուքը» սկսել է հետեւել իր օգտատերերի գործողություններին այլ կայքերում եւս, որտեղ տեղադրված են «Ֆեյսբուքի» կոճակները. «Իրականում, «Ֆեյսբուքը» շատ լուրջ հետեւում է: Հաշվի առնելով, որ այսօր գրեթե բոլոր կայքերի վրա կան «Ֆեյսբուքի» «հետքերը»՝ դա նշանակում է, որ սոցիալական ցանցը տեղյակ է ցանցում գտնվող օգտատերերի բավականին լուրջ տոկոսի մասին, իսկ «Ֆեյսբուքում» այսօր ամսական ակտիվություն ունեցող 1 միլիարդ 3 միլիոնից ավել օգտատեր կա»:

Նա հավելեց, որ հունվարի 1-ից «Ֆեյսբուքը» իր օգտատերերի տվյալները տրամադրելու է զանազան գործակալությունների, բայց տրվող տվյալները թույլ չեն տա նույնականացնել օգտատերին. «Միայն մի դեպքում կարող է օգտատերի բոլոր տվյալները տրամադրվել երրորդ կողմին՝ պետական կառույցներին՝ քրեական գործերի հետ կապված: Հայաստանից այս տարվա ընթացքում եղել է չորս դիմում վեց օգտատերի մասին, որոնցից մեկն է պատասխան ստացել: «Ֆեյսբուքը» կարդում է նաեւ մեր նամակագրությունը, ինչը իրենք չեն մերժում, պատճառաբանելով, որ այդպես ցանկանում են բացահայտել մանկապիղծներին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, զերծ մնալ այդ վերահսկողությունից՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ լուծումը մեկն է. «Լուծումը մկրատն է, որով կտրում եք մալուխը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031