Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ստորագրած որեւէ փաստաթուղթ ուժ չունի, անվավեր է, հիմա ԵՏՄ-ի հարցով նրա ստորագրությունն ուժ ունի՞, թե՞ ոչ: Այսօր, ԱԺ ճեպազրույցում այս մասին հարցին ի պատասխան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Հիմա այս պայմանագրին մենք մեր համաձայնությունը հայտնել ենք: Այս վիճակում ուրիշ բան հնարավոր չէր: Այնպես որ ես կարծում եմ հարցը տեղին չէ: Մենք մեր որեւէ սկզբունքին դե՞մ ենք գնացել՝ չկա նման բան»:
Նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ը երբեւէ չի հայտարարել, որ դեմ է եղել ԵՏՄ-ին, հետո փոխել են իրենց դիրքորոշումը. «Նման հայտարարություն դուք որեւէ տեղ չեք գտնի, մենք մեր դիրքորոշումը չենք հայտնել եւ արտահայտվել ենք մենակ այն ժամանակ, երբ հարցը դրվել է քվեարկության»:
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցության դեմ ցույցերին՝ նա ասաց. «Հարգում եմ հավաքվածների քաղաքացիական կեցվածքը, համոզմունքն ու հավատը: Ավելին, ես համարում եմ, որ այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ անկախության կորուստ է ԵՏՄ-ին անդամակցումը եւ չեն եկել ցույցի, իրենք են իսկական դավաճանները, եթե չեն եկել ԱԺ չափառները ջարդելու: Եթե ես հավատայի, որ անկախության կորուստ է, ես կգայի ջարդեի, թույլ չտայի, որ նման որոշում կայացվեր: Այն 15 հոգին, որ հավաքվել էին, ազնվագույն մարդիկ են, որ հավատում են եւ եկել են դրա դեմ պայքարելու, իսկ ով հավատում է, որ եղել է անկախության կորուստ եւ չի եկել ԱԺ-ն փշրելու, ջարդելու, այդ մարդիկ դավաճաններ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ