Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը` ԵՏՄ անդամակցության որոշման առիթով. «Դուք մոլորության մեջ եք»

Դեկտեմբեր 05,2014 14:22

«Կրկնում եմ, Ռուսաստանի տնտեսությունն իր լավագույն շրջանը չի ապրում»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե ԵՏՄ անդամակցության միայն դրական կողմերն է հայտնում,  իսկ ի՞նչ կասի մտահոգությունների մասին` ինքնիշխանության կորուստ, անկայուն շուկա մուտք գործել և այլն, «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, թե իր համոզմամբ, Ռուսաստանը շուտով կհաղթահարի այս փուլը և «վաղ թե ուշ այս շրջանին հաջորդելու է փնտրտուքի շրջանը, և ԵՏՄ-ԵՄ տնտեսական տարածքի համագործակցության մեջ ենք լինելու»:

Մեր հարցին ի պատասխան Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց. «Այլընտրանքը ո՞րը պիտի լիներ. ՀՀ-ի անդամակցությունը նախ և առաջ անվտանգության համատեքստում պիտի տեսնել: Վրաստանի և Ուկրաինայի օրինակը աչքներիս առաջ էր, թե ինչ գին վճարեցին: Ի՞նչ գին մենք պիտի վճարեինք»: Մեր այն դիտարկմանը, թե ինչ է երաշխիք, որ ՌԴ-ն մեր անվտանգության երաշխավորն է լինելու, օրինակ` ի՞նչ է մինչև այժմ արել ՀԱՊԿ-ը, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Ոմանց թվում է, թե Ռուսաստանը, ՀԱՊԿ կամ այլ ուժեր ՀՀ անվտանգության հետ կապված ունեն դերակատարություն: ՀՀ-ի` Ադրբեջանին դիմակայելը և Ադրբեջանի ոտնձգություններին արձագանքելը ՀՀ-ի խնդիրն է, որն ինքը լուծում է ՀԱՊԿ շրջանակներում իր ռազմատեխնիկական ներուժի բարձրացման հեռանկարով: Ռուսական բազաների ներկայությունը ՀՀ-ում նպատակ ունի փորձել չեզոքացնել Ադրբեջանի հիմնական սպառնալիքները»:

Այն դիտարկումներին, թե ԵՏՄ-ի անդամակցության որոշումը Սերժ Սարգսյանը միանձնյա է կայացրեց, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Դուք մոլորության մեջ եք, այս խնդիրը Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման հետ աղերսներ չունի: Ես կարող եմ Սերժ Սարգսյանի որոշումներին դեմ լինել, բայց երբ մեր անվտանգության հարցը հաշվի առնելով է այդ որոշումը կայացվում, ես միայն կարող եմ դա դրվատանքի արժանացնել»:

Խոսրով Հարությունյանը դրվատանքի արժանացրեց նաև ԵՏՄ-ին` ՀՀ-ի միանալու պայմանագրի քննարկման ժամանակ Դաշնակցության դիրքորոշումը:

Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կմեկնաբանի քվեարկության պատկերը,  երբ որոշ պատգամավորներ չքվեարկելով խուսափել են դիրքորոշում հայտնել, պարոն Հարությունյանը գերադասեց չմեկնաբանել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031