«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ձեզ գրեթե մեղադրեց եռյակի գործունեությունը տապալելու մեջ: Նա ասաց, որ երբ առաջնորդները միացան, ունեցանք բացթողումներ եւ եթե որեւէ ղեկավար ձգտի, որ այդ հանդիպումները չկայանան, ուրեմն այդ ղեկավարը՝ ենթադրաբար Գագիկ Ծառուկյանը, այլ նպատակ է հետապնդում: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս հարցին ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նախ ճշտեց՝ իսկ ինչի՞ց է երեւում, որ խոսքը հենց Գագիկ Ծառուկյանի մասին է:
Հետո Միքայել Մելքումյանն ասաց, որ ասուլիսից առաջ Ռուբեն Հակոբյանի հետ սուրճ են խմել եւ գիտեն, թե նա ինչ է ասել իր ասուլիսում. «Ռուբեն Հակոբյանն ասել է, որ դրանք տեխնիկական հարցեր են, որեւէ արգելք, որեւէ ձեւական կողմ չի կարող լինել: Եռյակի ձեւաչափը թույլ է տալիս, որպեսզի եթե տվյալ պահին առաջնորդները չեն հանդիպել, եռյակի ներկայացուցիչներն այդ հարցերն օրակարգում քննարկեն: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Լրագրողների դիտարկմանը, որ, փաստորեն պատրաստված եք եկել ասուլիսին՝ նա պատասխանեց. «Ես միշտ պատրաստ եմ»:
Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ ինչպես խորհրդարանում կամ եռյակում լինում են տարաձայնություններ, տարակարծություններ, երբեմն մոտեցումների լուրջ տարբերություններ, որ մենք աշխատում ենք հարթել, բնականաբար, այդպիսի տարբեր մոտեցումներ կարող են ունենալ նաեւ ղեկավարները: Ղեկավարների հանդիպումն այնպիսի միջոցառում է, որից հետո որոշակի կոնկրետ ինչ-որ քայլի ենք մենք գնում:
Կարդացեք նաև
Երկկողմանի հանդիպումներ մշտապես են տեղի ունենում, տեղի են ունենում նաեւ եռակողմ հանդիպումներ, բայց եռակողմ հանդիպումները մենք աշխատում ենք կազմակերպել այն ժամանակ, երբ նախապես աշխատել ենք, որ հասցնենք մինչեւ ղեկավարների մակարդակի: Ղեկավարների հանդիպմանը որոշվում է ինչ անել: Այդ պրոցեսը կարող է երկարել, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներով, երբեմն լինում են հարցեր, որ չենք կարողանում համաձայնության գալ: Դնում ենք մի կողմ, ասում ենք՝ կանդրադառնանք հետո: Սա ես համարում եմ նորմալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ