Եթե պարզվի, որ ԵՏՄ-ի որոշումը սխալ է եղել, պատրա՞ստ եք ներողություն խնդրել այդ որոշման համար: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ականներին ուղղված այս հարցին Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ներողություն խնդրելն ուժեղի հատկանիշ է. «Եթե մենք տեսնենք, որ մի քայլ ենք արել, որից երկիրը տուժել է, անշուշտ, կխնդրենք ներողություն, բայց ես այս պահին չեմ տեսնում այդ տեղը»:
Միքայել Մելքումյանը նույնպես համաձայն էր, որ ուժեղի գործն է ներողություն խնդրելը, եթե կան դրա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքերը. «ԵՏՄ շրջանակներում աշխատելը չի փոխարինում իշխանափոխության պահանջը կամ համակարգային փոփոխությունների պահանջը»:
Ըստ Ստեփան Մարգարյանի, ներքաղաքական իրավիճակից շատ բան է կախված:
Հարցին՝ կիսո՞ւմ եք Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ ձեր քվեարկությամբ ցույց տվեցիք, որ պաշտպանում եք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, վստահում եք նրան՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Որեւէ կապ չունի մեր քվեարկությունը ծափահարելու, կիսելու կամ կողմ լինելու մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանը: Երեկվա մեր քվեարկությունը որեւէ կապ չունի Շարմազանովի ասած պատճառների հետ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ձեր եւ ՀՀԿ-ի քվեարկությունը կարո՞ղ է նույն նպատակին ծառայել՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց՝ «Մենք էլ ենք կողմ քվեարկել, ՀՀԿ-ն էլ է կողմ քվեարկել: Մենք տեսել ենք, որ ճիշտը դա է: ՀՀԿ-ն չգիտենք ինչու է կողմ քվեարկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ