Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց եռյակի հետ կապված՝ ասելով, որ գաղտնիքներ կան, հարթակը միասնական չէ, Դուք կիսո՞ւմ եք նրա մտահոգությունները՝ այդ խնդրի հետ կապված: Նա պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այն մասին, ինչ ժողովրդի մեծ մասը զգացել էր: Այո, կային որոշակիորեն անհամաձայնություններ եւ չպետք է խուսափել այդ մասին հայտարարելուց: Խորհրդարանական ձեւաչափում բավականին լուրջ աշխատանք էր տարվում եռյակում, որովհետեւ այդ ընթացքում երբ եռյակի որեւէ ներկայացուցիչ ինչ-որ ձեւակերպում էր տալիս, դա ամբողջ եռյակի կողմից ընդունված ձեւակերպում էր: Պատահական չէ, որ ցանկացած աշխատանքային հանդիպումից հետ երբ որեւէ ներկայացուցիչ խոսում էր, խոսում էր եռյակի անունից: Եռյակի ներկայացուցիչները բացարձակապես միասնական կարծիք էին արտահայտում: Բայց պետք է խոստովանել, որ երբ խորհրդարանական ձեւաչափը դարձավ միջկուսակցական ձեւաչափ, արդեն նաեւ ղեկավարներն ընդգրկվեցին այդ աշխատանքներում, մենք այդտեղ ունեցանք որոշակի բացթողումներ: Եղան հայտարարություններ, որոնք միասնական ձեւակերպումներ չէին, միասնական քննարկումների արդյունքում ձեւավորված չէին: Եռյակի ղեկավարների ոչ մշտական հանդիպումները նույնպես նպաստում են, որ միասնական դիրքորոշում առանձին դեպքերում չունենար եռյակը: Այս ամբողջ ընթացքում մենակ մեկ անգամ է եղել եռակողմ հանդիպում, եւ խոսվում է այն մասին, որ այդտեղ մենք պրոբլեմ ունենք: Մենք դա չենք թաքցնում»:
Ռուբեն Հակոբյանը նաեւ ասաց, որ առայժմ դա դիտում են որպես տեխնիկական պրոբլեմ. «Բայց եթե եռյակի քաղաքական ուժերից որեւէ մեկի ղեկավարը ձգտի, որպեսզի այդ եռակողմ հանդիպումները չկայանան, ուրեմն տվյալ ղեկավարը բոլորովին այլ խնդիր է հետապնդում այս համաժողովրդական շարժման կազմում կամ եռյակի կազմում: Ես ուզում եմ հավատալ, որ սա ընդամենը տեխնիկական թերացում է: Եթե եռյակի բոլոր 3 ղեկավարներն ամբողջությամբ տեր կանգնեն շարժմանը, որեւէ այլ խնդիր չհետապնդեն, վստահ եմ, որ համաժողովրդական շարժումն արագ իր հաջողությունը կգրանցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ