Հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ի պես կարեւոր հարցի շուրջ եռյակի միասնական դիրքորոշում չունենալու պարագայում դուրս գաք եռյակից եւ այսօրվա հանրահավաքին էլ հայտարարվի այդ մասին: Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այդ հարցին պատասխանեց, որ արտաքին քաղաքականության հարցում եռյակը չունի միասնական դիրքորոշում. «Այստեղ պրոբլեմ չի եղել եւ չկա: Խնդիր էր դրված համատեղել ուժերը պետության ներսում, երեք քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում էին, որ չունենալով միասնական դիրքորոշում արտաքին քաղաքականության հարցում, խնդիր էր դրված իշխանափոխություն անել: Այս ուժերին միավորող թիվ մեկ հարցը իշխանափոխությունն էր: Հետագայում ինչ զարգացումներ կլինեն՝ դժվարանում եմ ասել: Բայց այս պահին «Ժառանգությունը» շարունակում է գործել եռյակի շրջանակներում»:
Հարցին՝ այս դեպքում ձեր գործընկերների շահերը համընկան Սերժ Սարգսյանի շահերի հետ, ուրեմն ինչքանով է իշխանափոխությունն արդիական՝ նա պատասխանեց, որ պարտադիր չէ ամեն հարցում հակադրվել իշխանությանը:
Aravot.am-ի հարցին՝ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ գոնե Դուք չպետք է դեմ լինեիք ԵՏՄ պայմանագրին, նա նկատի ուներ, որ Դուք պրոռուսական հայացքներ ունեք եւ չպե՞տք է կուսակցական դիրքորոշումը պաշտպանեիք՝ նա պատասխանեց. «Կամ Վահրամ Բաղդասարյանը լավ չի լսել ես ինչ եմ ասում, կամ չի հասկացել: Ես ասացի, որ իմ մտահոգությունը Արցախի հետ է կապված, անվտանգության հետ է կապված եւ մի քանի ամիս հետո կպարզվի, որ իմ մտահոգությունը կարդարացվի: Մենք կարող ենք տարբեր կարծիքներ արտահայտել եւ երեւի թե կկարողանանք ավելի կոռեկտ գտնվել՝ գնահատականներ տալիս»:
Հարցին, թե ինչու եռյակի նիստեր չեն լինում, պասիվությունն ինչո՞վ է բացատրվում՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն է անում, բայց ԱԺ-ում հագեցված քննարկումներ կար, դա երեւի ազդեց, որ եռյակն իր ուշադրությունը շեղեց: Եռյակն իր գործունեությունը շարունակում է՝ կարողությունների սահմաններում: Մենք փորձում ենք շարունակել մեր գործունեությունը, իհարկե պետք է նկատի ունենալ նաեւ ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ