Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ է անում նաիրտիցիներին դիմել դատարան (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 05,2014 12:39

«Աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է` հաստիքների, այսինքն` աշխատակիցների կրճատման դեպքում պետք է աշխատանքից ազատման օրը վերջնահաշվարկ կատարվի, վճարվեն աշխատավարձերի պարտքերը»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Նրա խոսքերով` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին` աշխատանքից ազատման մասին ծանուցման մեջ չկա նշված վերջնահաշվարկի եւ աշխատավարձերի պարտքերի մարման մասին: Պարոն Փիլիպոսյանի խոսքերով` «Նաիրիտ»-ից մնացել է ընդամենը 2100 աշխատող, աշխատատեղերում մնալու են ընդամենը 500-ը, իսկ 1600 աշխատող կրճատման կապակցությամբ ազատվելու է աշխատանքից: Ըստ Փիլիպոսյանի, նաիրիտցիներին աշխատանքից ազատելու գործընթացը օրենքի խախտումով է:

«Մենք առաջարկել ենք նաիրիտցիներին մեր ծառայությունները, որ հարկավոր է հետագա անելիքների մասին մտածել. եթե շարունակվեն չվճարել, դիմել դատարան եւ պահանջել աշխատավարձերի պարտքերի վճարում:

Մեկ այլ խնդիր է առաջանում` եթե այսօր «Նաիրիտը» միջոցներ չունի, պարտապանները դիմում են դատարան, ապա դատարան ուրիշ ելք չկա, մնում է սնանկ հայտարարի, այն 500 աշխատողն էլ կզրկվի աշխատատեղից, վստահ չեմ, որ 500-ի համար էլ կապահովվի հիմնական աշխատանք»,-ասաց Փիլիպոսյանը: Նրա ներկայացմամբ` որեւէ ձեռնարկություն սնանկ ճանաչելու դեպքում, մեր օրենսդրությամբ պարտքերի մարման հերթականություն է սահմանված` 1-ին, 2-ր, 3-րդ, 4-րդ, 5-րդ, ««Նաիրիտն» ընկնում է 5-րդի տակ, այսինքն` առաջին հերթին այլ պարտատերերի պահանջներն են բավարարելու»:

Aravot.am-ի հարցին` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան աշխատողների շահերը պաշտպանող կազմակերպություն է, արդյոք այս տարիների ընթացքում, երբ նաիրիտցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, ու պահանջում իրենց աշխատավարձերը, կոնֆեդերացիան դիմե՞լ է կառավարությանը, պարոն Փիլիպոսյանն ասաց. «Վիճակը մինչ օրս էլի տանելի էր, սպասում էինք ինչ-որ բանի, իսկ սա կայծակնային եղավ 2-3 օր առաջ, մենք տեղեկացանք երեկ չէ առաջին օրը: Իհարկե, մենք կանենք, մենք  քնած չենք»:

Պարոն Փիլիպոսյանն ասաց, որ եթե նաիրիտցիները դիմեն դատարան, դա լինելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը. «Եթե 1600 աշխատող հայցադիմումներով դիմի դատարան, դե պատկերացրեք դատարանի վիճակն` ինչ է լինելու»:

Aravot.am-ի մյուս հարցին էլ` որքանո՞վ է նպատակահարմար դատարան դիմել, եթե խոսակցություններ կան, որ գործարանը սնանկացման են տանելու, իսկ այդ դեպքում առաջին հերթին հարկային եւ այլ խոշոր ընկերությունների պարտքերն են վճարվելու, Փիլիպոսյանն ասաց. «Առաջին հերթին պետք է պարզել` աշխատանքային պայմանագրի լուծումը որքանով է համապատասխանում այսօրվա «Աշխատանքային օրենսգրքին», իսկ պարզելու համար միակ ճանապարհը դատարանն է, միայն դատարանով կարելի է պարզել` որքանով է օրինական աշխատանքային պայմանագրի լուծումը»:

Մանրամասն`  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031