Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Խաչատրյանի անվան և մյուս փառատոներն ամրապնդում են մեր դիրքը աշխարհի մշակութային քարտեզում»

Դեկտեմբեր 05,2014 12:28

Դեկտեմբերի 4-ի երեկոյան մեծ հանդիսավորությամբ փակվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Համերգն ուղիղ եթերով դիտում էին հարյուրհազարավոր երաժշտասերներ հեղինակավոր euronews.com կայքով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ 21-րդ դարի բոլոր տեխնիկական հնարքները հնարավորություն են տալիս, որպեսզի ամբողջ Եվրոպան հետևի, թե ինչ է կատարվում Հայաստանի մշակութային կյանքում։ «Ցավոք, այսօր ավելի շատ են խոսում Հայաստանի խնդիրներից, քան հաջողություններից։ Մենք ունենք անհավանական մշակութային ժառանգություն և ներկա, ինչն էլ այսօր Եվրանյուզի միջոցով ներկայացնում ենք աշխարհին»,- ասաց դիրիժորը։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ներկա էր համերգին, նշեց, որ հետևում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործունեությանը, ելույթներին և հպարտ է, որ Հայաստանն ունի նման նվագախումբ. «Այսքան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ համախմբվել են, ներկայացնում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մեծ հույզեր պարգևելով հանդիսատեսին»։ Խոսելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային և այլ փառատոների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը փառատոների երկիր է։ Դրանց նպատակն է զարգացնել ազգային մշակույթը և հաստատուն տեղ գրավել աշխարհի մշակութային քարտեզում, ինչը հաջողությամբ արվում է։

Համերգային ծրագիրը բացառապես խաչատրյանական էր։ Հնչեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, մենակատար՝ Մայու Կիշիմա (ջութակ, Ճապոնիա), Սիմֆոնիա թիվ 3-ը, «Ձոն ցնծության» մեցցո սոպրանոյի, տավիղների անսամբլի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի և նվագախմբի համար, մենակատար՝ Մարինա Դոմաշենկո (մեցցո սոպրանո, Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հանդես եկավ նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը։

Մեցցո սոպրանո Մարինա Դոմաշենկոն «Ձոն ցնծությանը» առաջին անգամ կատարել է 10 տարի առաջ Նյու Յորքի Կարնեգի հոլում՝ Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանին։ Նա ընդգծեց, որ ուրախ է մասնակցել այս նախագծին, քանի որ Խաչատրյանի երաժշտությունը և երիտասարդ նվագողները մեծ ազդակ են տալիս իրեն։

Ճապոնացի ջութակահարուհի Մայու Կիշիման էլ նկատում է, որ իր երկացանկում կա Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, սակայն ուրախ է, որ այն այսօր կատարում է հենց Խաչատրյանի հայրենիքում։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը նվիրված էր XX դարասկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր գործիչներից Արամ Մանուկյանի 135-ամյակին։

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում Երիտասարդական նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին նվիրեց 16 համերգ՝ ներկայացնելով հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Եղան բազմաթիվ պրեմիերաներ, Երևանը հյուրընկալեց մեծահամբավ երաժիշտների, ովքեր բարձր գնահատեցին խաչատրյանական փառատոնի անցկացումը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնն աչքի ընկավ նաև նորամուծությամբ. բոլոր համերգներն ուղիղ եթերում Վիվա Սել-ՄՏՍ-ի աջակցությամբ հեռարձակվեցին առցանց տիրույթում։

Փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031