Քաղաքագետ Արթուր Ղազարյանը այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Հենարան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսում բարձր մակարդակով նշվում է Արցախի անկախության օրը: Նա համարում է, որ այդտեղ բացի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հաջողությունից, մեծ հաջողություն ունեն նաեւ լոբբիստական կառույցները. «Սա նշանակում է, որ փաստացի Արցախը ճանաչված է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության կողմից: Այս ճանաչումը նոր երեւույթ չէ, քանի որ այն օրը, երբ Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ Արցախին պետք է ֆինանսապես օգնել, այդ օրվանից նա փաստացի ճանաչեց Արցախը»:
Նրա խոսքերով՝ այդ ճանաչմանը խթան է հանդիսանում նաեւ վերջին տարիների ընթացքում հնչած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, ռազմական գործողությունների անցնելը. «Սա իր հերթին նշանակում է, որ այսօր Արցախը ճանաչում է ձեռք բերում, որը արդեն տեսնում ենք տեղի է ունենում Ավստրալիայի տեղական իշխանությունների մակարդակում, Միացյալ Նահանգների նահանգային իշխանությունների մակարդակում: Եվ այստեղ պետք է մի նուրբ կետ նշել, որ տեղական իշխանությունների մակարդակում ընդունված որոշումները կամ բանաձեւերը չեն կարող լինել հակասող, նույնիսկ հակադրվող կենտրոնական իշխանությունների քաղաքական գծին»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ Վաշինգտոնում հանդիպմանը՝ հայտարարեց, որ դա փաստացի ճանաչման եւս մեկ ապացույց է. «Կարելի է այս քայլը հակաադրբեջանական դիտարկել, քանի որ Ադրբեջանը այս տարի հատկապես չափ ու սահմանն անցավ ռազմական գծում, սա եւս Ադրբեջանին զսպող եւս մեկ քայլ է: Էական տարբերություն չկա, թե նրանք, որտեղ կհանդիպեին, բայց փաստացի ճանաչմանը նպաստում է այդ քայլը: Դա դրական ազդեցություն կունենա հետագա գործընթացների վրա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ