Ինչո՞վ է բացատրվում Աղվան Վարդանյանի ձեռնպահ քվեարկությունը ԵՏՄ անդամակցության հարցի հետ կապված, երբ ՀՅԴ-ն միշտ միասնական դիրքորոշում է ունեցել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Աղվան Վարդանյանը բացատրել է, նոր բան չունեմ ավելացնելու: Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական, անձնական խնդիր ուներ, մենք ըմբռնումով մոտեցանք: Այն, ինչ մենք ներկայացրել ենք, դա ՀՅԴ-ի տեսակետն էր՝ շատ հստակ, հետեւողական եւ մինչեւ հիմա այդ հարցի հետ կապված երբեք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի եղել: Պետք չի այդ հարցը վերածել խնդրի: Դա գոյություն չունի պարզապես: Մտավորական մարդ է, իր մոտեցումները, իր տեսակետներն ուներ, բայց ամբողջությամբ հասկանում եւ ընկալում է այն, ինչ այսօր գոյություն ունի եւ ստեղծված իրավիճակում մենք պետք է այդպես վարվեինք»:
Նա հիշեցրեց իր ելույթը ԱԺ-ում, որ միշտ լինում են փորձություններ, եւ պետք է կարողանաս դրանք հաղթահարել. «Ոչ մի համակարգ լիարժեք չի կարող ամբողջապես բավարարել որեւէ երկրի շահերը: Ինչ-որ համակարգի մաս որ կազմում ես, միշտ ինքնիշխանության ինչ-որ մասի կորուստ ունենում ես: Բայց այս իրավիճակում այլընտրանքի բացակայությունը, անվտանգության խնդիրները, ԼՂՀ-ի խնդիրը, պատերազմի հանգամանքը մեզ դրել էր նոր աշխարհաքաղաքական խնդրի մեջ»:
Հարցին՝ երեկ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը հայտարարել էր, որ Հայաստանը սովոր լինել ինչ-որ մեկի լծի տակ, համաձա՞յն եք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես չգիտեմ որտեղից է նա այդ ամենը մոգոնել: Այո, հայ ժողովուրդն ունեցել է շատ դաժան ճակատագիր, բայց ի՞նչ է նշանակում սովոր է լինել լծի տակ: Շատ բան պիտի սովորեն հայ ժողովրդին՝ կենսունակություն, հարատեւություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ