2014 թ. նոյեմբերի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետին՝ ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցների ապօրինությունների վերաբերյալ, որոնք դրսևորվել են Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա. Բ.-ի և նրա հոր՝ Հ. Բ.-ի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հոգեբանական բռնությունների և հոգեբանական ճնշումների տեսքով, որոնք հասցրել են Ա. Բ.-ին ինքնասպանության փորձի կատարման: Հաղորդումը փոստով ուղարկելուն զուգահեռ հրապարակվել էր նաև կազմակերպության պաշտոնական կայքէջում, որում ամբողջությամբ ներկայացված չէր անձանց անունները, որոնց իրավունքները խախտվել էին ։
Կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը տարբեր լրատվական կայքէջեր բնականաբար տարածել էին, և ճիշտ էին վարվել՝ աջակցելով մարդու իրավունքի խախտման դեպքի հրապարակայնացմանը։ Մինչ ՀՀ ՀՔԾ-ից և ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանի կամ արձագանքի ստացումը, զարմանալի օպերատիվությամբ, 24-ամյա Ա․Բ․-ի անձնական հեռախոսներին է զանգահարում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից ներկայացող անձը՝ հայտնելով Ա․Բ․-ից բացատրություն վերցնելու պահանջի մասին։ Նույն օրը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից ներկայացած անձին է զանգահարել Կազմակերպության իրավաբան, ոչ թե փաստաբան, իրավական բաժնի համակարգող Ա․Զալյանը, և փորձում է ճշտել, թե ինչպես են իմացել, թե ով է «Ա․Բ․» հապավումով անձի ինքնությունը կամ նրա անձնական հեռախոսահամարը, և ինչ հիմքով է իրականացվում ծառայողական քննություն, եթե ակնհայտ է քրեական հանցագործության հիմքերը, որով պետք է իրականացվի քրեական հետապնդում։ Ա․Զալյանը չի ներկայացել, և չէր կարող ներկայանալ, որպես փաստաբան, ինչպես փորձում է պնդել ՀՀ ոստիկանությունը իր պարզաբանման մեջ։
Առավել ևս դրա համար ոչ մի անհրաժեշտություն և հիմքեր չկար։ Հատկապես, որ արդեն իսկ հաջորդ օրը Ա․Բ․-ն ապահովված էր փաստաբանով ՝ հանձին Տիգրան Սաֆարյանի, որն արդեն իսկ մասնակցել է քննիչի մոտ Ա․Բ․-ի երկրորդ հարցաքննությանը՝ ինքնասպանության փորձից հետո։ Այսպիսով, չնայած ոստիկանության և քննիչի փորձերին համոզելու Ա․Բ․-ին, որ փաստաբանի կարիք չկա, և «ամեն ինչ կարվի ծածուկ և առանց աղմուկի», Ա․Բ․-ն օգտվեց իր փաստաբան ունենալու իրավունքից։ Մեզ հայտնի է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետ Արմեն Հակոբյանի գործելաոճը, որի անմիջական ղեկավարությամբ գործած քննչական խմբի կողմից էր իրականացվել հայտնի «Մատաղիսի» գործի քննությունը, երբ նա աշխատում էր որպես ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ 1999-2007թթ, որը խայտառակ կերպով հերքվեց նույնիսկ ՀՀ դատական ատյաններում։
Հենց նման «աշխատանքային կենսագրություն ունեցող» վայ-աշխատակիցներից պետք է ազատվի ՀՀ ոստիկանությունը, որոնք հեղինակազրկում են ոստիկանությանը և չեն նպաստում ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը: ՀՀ ոստիկանությունը իր պարզաբանման մեջ նաև փորձում է 24-ամյա Ա․Բ․-ին հրապարակավ բացասական կերպարով ներկայացնել՝ իբր թե նա ունեցել մի քանի մտերիմ ընկերներ։ Նման մոտեցումն իսկ արդեն անթույլատրելի է անձի անձնական կյանքին միջամտելու տեսակետից։ Ա․Բ․-ն ազատ է իր անձնական կյանքը տնօրինելու ըստ իր ընտրության և հայեցողության, և դա որևէ մեկին չպետք է անհանգստացնի, առավել ևս ոստիկանությանը։ Մյուս կողմից ՀՀ ոստիկանությունը հանդես է գալիս բարոյախոսի դիրքերից ՝ փորձելով գնահատել անհատի անձնական կյանքը, վարքագիծը ըստ բարոյականության իր, չգրված ու մեզ անհայտ պատկերացումների, որը ՀՀ օրենսդրական որևէ նորմով չի հանդիսանում նրա գործառույթը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման և պաշտոնական կայքէջում հստակ ներկայացված են ոստիկանության աշխատակիցների կողմից Ա․Բ․-ի և նրա հոր իրավունքների խախտմանը հանգեցրած գործողությունների նկարագրությունը, և ՀՀ ոստիկանությունը հենց այդ հանգամանքներին պետք է անդրադառնար իր պարզաբանումներով, ոչ թե բավարարվի միայն «չեմ հավատում» ձևակերպմամբ։ Մենք չենք կարող ղեկավարվել «հավատում եմ, չեմ հավատում» մոտեցմամբ, այլ միայն օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության իրականացման սկզբունքներով և ընթացակարգերի հստակ իրականացման արդյունքում ստացված եզրակացությամբ, որի ստացման ուղղությամբ հուսով ենք կզբաղվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ