Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Դեկտեմբեր 05,2014 10:23
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսանյոթերորդ

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Եվ Հավատացյալը զարմացած ինձ հարցրեց՝ «ի՞նչ գլխացավեր ես ունեցել», եւ հիմա, որպեսզի ձեզ համար էլ  պարզ լինի, կփորձեմ համառոտ պատմել գլխացավերիս պատմությունը, եւ որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, ասեմ, որ իմ գլխացավերն սկսվեցին իմ դպրոցական առաջին տարիներին, երբ, դպրոցիցս բացի, նաեւ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի էի գնում, եւ, փաստորեն, շուրջ երեք տարի դաշնամուրի դասերս ու գլխացավերս զուգահեռաբար շարունակվեցին՝ ընդհուպ էն պահը, երբ Շիլաչու մեր պոլիկլինիկայի բժշկուհին գլխացավերիս դեմ որեւէ դեղուճար չգտնելով՝ կարծիք հայտնեց, որ, հավանաբար, գլխացավերիս բուն պատճառը գերհոգնածությունն է, եւ երբ մայրս բժշկուհուն տեղեկացրեց, որ սովորական հանրակրթական դպրոցին զուգահեռ նաեւ երաժշտականում եմ սովորում, բժշկուհին հայտնագործություն անելու պես բացականչեց՝ «էդ ա, որ կա», եւ չնայած մայրս տարիներ շարունակ իմ դաշնակահար դառնալը փափագել էր, պոլիկլինիկայից դուրս գալուն պես ինձ ասաց՝ «երաժշտականդ թող գրողի ծոցը կորչի», եւ չնայած հաջորդ օրն իսկ մայրս ինձ երաժշտականից հանեց, մեր դաշնամուրի ու իր գժտությունն առանձնապես  երկար չտեւեց. մայրս ազատ ժամերին երբեմնի իմ նախկին դասերն էր տնկտնկացնում, երբեմն էլ չորս տարեկան քրոջս գիրկն առած՝ երկուսով ուրախ ու զվարթ տնկտնկացնում էին, եւ ես  զգում էի, որ մայրս ու մեր դաշնամուրն անհամբեր սպասում են քրոջս մեծանալուն, եւ քանի որ գլխացավերիս թեման սկսեցի, շարունակելով ասեմ, որ երբ յոթ թե ութ տարեկանում նշագեղձերս հեռացրին ու կոկորդիս պերմանենտ ցավերից պրծա, անմիջապես ռեւմատիզմս սկսվեց, եւ չնայած մայրս աշխարհն իրար խառնեց ու ռեւմատիզմիս դեմն  առավ, ռեւմատիզմիցս անմիջապես հետո անտանելի ու շարունակական գլխացավերս սկսվեցին, եւ քանի որ գլխացավիցս որեւէ բժիշկ գլուխ չհանեց, ես ինձ հանձնեցի Աստծո ու մորս խնամքին, եւ էդ տարիների մեր միակ մխիթարությունն էն էր, որ գլխացավերս հիմնականում վաղ առավոտյան էին սկսվում, եւ ոտքերս եռման ջրի մեջ դնելով ու մորս պատրաստած մեղրաջուրը խմելով՝ մշուշապատ ու անորոշ վայրերից ինձ մի կերպ հետ՝ մեր աշխարհ էի բերում, եւ եռման ջուրն ու մեղրաջուրը, Աստծո ու մորս  բարեհաճությունն ինձ մեր աշխարհի հետ կապող հիմնական գործոններն էին, եւ հիմնական ցավոտ տեղս աջ աչքիս շուրջբոլորն  էր, ու ցավերի ընթացքում լեզուս թմրում էր, ու բառերը չքվում էին, եւ արդեն չէի կարողանում վիճակս մորս բացատրել ու նկարագրել, եւ իմ համր տառապանքն ու մորս ձայնեղ ողբը, միաձուլված ու ի մի եկած, մեր մի քանի դժոխային ժամերի միջով հասնում էին մեր Աստծուն՝ որ մեր վերջին ու հիմնական հույսն էր, ու շաբաթվա մեջ առնվազն մի անգամ էդ վիճակում էինք հայտնվում՝ հիմնականում առավոտ շուտ, ու շաբաթվա մեջ առնվազն մի անգամ դասի չէի գնում, ու մայրս էլ էդ չարաբաստիկ առավոտներն իր դպրոց՝ ուսուցչության չէր գնում, ու էդ ցնորական առավոտները ես երանի էի տալիս դպրոց գնացած բոլորին, եւ հիմա հիշելով՝ հիշեցի նաեւ, որ ամենեւին էլ դրանք չէին իմ ամենավատ օրերը. ամենավատ օրերին գլխացավս ինձ այցելում էր դպրոցում՝ հենց դասի ժամին, ու էդ դեպքերում արդեն տառապանքս ու ցավս տեղի էին տալիս ամոթի զգացումին, ու թարսի պես հենց էդ պահերին էին ուսուցիչներն ինձ դաս հարցնում, ու ես, նախորդ օրը դասս հրաշալի սերտած, չէի կարողանում բառ անգամ արտասանել, եւ չգիտեմ կամ չեմ սովորել բառերն անգամ լեզուս ի  վիճակի չէր կցմցելով արտաբերել, եւ ահա՝ տասնամյակներ անց, երբ Հավատացյալ Խորենը հիշելով հիշեցրեց Եղբայր Վարդգեսի գլխացավերի մասին, ես էլ, բնականաբար, իմոնք հիշեցի ու Հավատացյալին պատմեցի, եւ հիմա էլ, ահա, ձեզ եմ պատմում, եւ չնայած ինստիտուտիցս ու մանավանդ բանակիցս հետո էդ գլխացավերս էականորեն պակասեցին, այդուհանդերձ, իսպառ չվերացան, եւ տարվա մեջ առնվազն երկու կամ երեք անգամ պատահում ու տեղի էին ունենում, եւ երբ գլխացավերիս  պատմությունը Հավատացյալին  պատմեցի, ինքը բավական հուզված հարցրեց՝ «էդ գլխացավերդ հիմի էլ կա՞ն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համարյա՝ չէ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «տարվա մեջ մի կամ էրկու անգամ կարող ա պատահի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դու էլ էի՞ր մարդկանց անունները մոռանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ոչ միայն մարդկանց անուններն էի մոռանում, այլեւ՝ համարյա բոլոր բառերը», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «մորդ անունն էլ էի՞ր մոռանում», եւ ես ժպտալով պատասխանեցի՝ «մորս, հորս, քրոջս  ու հարազատներիցս մի քանիսի անունները չէի մոռանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «երեւի Եղբայր Վարդգեսի գլխացավերն ավելի ուժեղ էին, որ մենակ մոր անունն էր հիշում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «բայց, փաստորեն, իրա էդ շատ ուժեղ գլխացավերը մի քանի րոպեում վերացրել ես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ցավոք սրտի, քոնոնք չեմ կարա վերացնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «եթե նույնիսկ շատ ուզենամ, էլի չեմ կարա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իմոնք համարյա վերացել են», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փառք Աստծո, որ  վերացել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե վերացած չլինեին, ես քեզ ոչ մի կերպ չէի կարա օգնեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ չէիր կարա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «մի քանի պատճառներով», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պատճառներով», եւ Հավատացյալը  բավական երկար մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «առաջին ու գլխավոր պատճառն էն ա, որ ես հիմա ինքս ինձ ու իմ ուժերին չեմ հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «չեմ էլ հավատում, որ իմ աղոթքներն ու աղերսանքները կհասնեն Տիրոջը» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «մինչեւ չհավատաս, ոչ մի բան չի ստացվի»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031