Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացե՞լ է, թե՞ չի կայացել թեժ աշունը

Դեկտեմբեր 05,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Երվանդ Բոզոյանը:

Արամ Աբրահամյան.– Թեժ աշունը կայացա՞վ, թե՞ չկայացավ:

Ալեքսանդր Իսկանդարյան.- Իհարկե, ոչ մի թեժ աշուն էլ չեղավ, չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ համար հասկանալի էր, որ դա չի լինի, մինչեւ նրա սկսվելը:

Ա. Ա.– Թեժության ի՞նչ նշաններ պետք է լինեն:

Ալ. Ի.– Ինձ թվում է, որ թեժ աշուն լինում է այն դեպքում, երբ ընդդիմությունը կարող է հավաքել կրիտիկական զանգված, որպեսզի այդ կրիտիկական զանգվածը լրջորեն ազդի քաղաքական էլիտայի վրա: Մի խոսքով՝ որ լինեն հսկայական միտինգներ, որ դրանք լինեն շատ, լինեն այնքան ակտիվ, որ դրանք հնարավոր չլինի չնկատել, եւ դա ուղեկցվի ինչ-որ թեժ ակտիվությամբ ԱԺ-ում, լրատվության մեջ եւ այլուր: Պետք է ճնշում լինի գոյություն ունեցող քաղաքական էլիտայի վրա այնպիսի պայմաններում, որ նրանք ցանկանան գնալ ինչ-որ փոփոխության: Ես կասկածում եմ, որ ընդդիմադիր կուսակցություններն այդպիսի ռեսուրս ունեն, ուստի միանշանակ է, որ թեժ աշուն չի ստացվել:

Ա. Ա.- Ստացվե՞լ է, թե՞ չի ստացվել, եւ ի՞նչ եք հասկանում «թեժության» տակ:
Երվանդ Բոզոյան.– Գիտեք` թեժ աշուն հասկացությունը հարաբերական է, որովհետեւ ամեն տարի խոսում են թեժ աշնան, թեժ գարնան մասին: Բայց ես կարծում եմ, որ այս աշնանը մի շատ հետաքրքիր երեւույթ կատարվեց` քաղաքական օրակարգը սկսեցին արդեն ձեւավորել ոչ իշխանական ուժերը: Դա շատ կարեւոր երեւույթ է, որովհետեւ ընդհանրապես նմանատիպ երկրներում քաղաքական օրակարգը հիմնականում ձեւավորում է իշխանությունը, իսկ ընդդիմությունը փորձում է հակադարձել կամ պատասխանել, կամ հետեւից գնալ: Առաջին անգամ այս աշնանը փաստացի ստացվեց ճիշտ հակառակը: Այս տարվա գարնանը, երբ ընդդիմությունը մի շարք հանգամանքների բերումով միացավ եւ նաեւ հասարակական շարժումների ճնշման արդյունքում առաջացավ այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունը զիջեց սեփական վարչապետին, ընդդիմությունը առաջարկեց 12 սոցիալական պայմաններ, որոնք ներկայացրել է իշխանություններին: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ քաղաքական ընդդիմությունը ներկայացրեց ոչ թե քաղաքական պահանջներ, այլ պահանջներ սոցիալական բնույթի, սոցիալ-տնտեսական բնույթի, որոնք հուզում են լայն հասարակությանը, տեսանելի են եւ հասկանալի: Դրանց մեծ մասը իշխանությունը շատ հանգիստ կարող է լուծել: Երբ որ իշխանությունը, ըստ էության, կարելի է ասել, մերժեց այդ պահանջները, ընդդիմությունը սեպտեմբերի 30-ից հետո կանգնած էր արդեն երկընտրանքի առջեւ` ի՞նչ անել, եւ ընդդիմությունը այլընտրանք չուներ, քան գնալ թեժացման ճանապարհով: Առաջին հանրահավաքի նպատակը` հավաքել այնքան քանակի մարդ, որ իշխանությունը մտահոգվի եւ հասկանա, որ ժողովրդի մեծ մասն այսօր կանգնած է եռյակի` ոչ իշխանական ուժերի կողքը, իսկ երկրորդ հանրահավաքի ժամանակ ներկայացվեցին պայմաններ, որոնց մեջ գրված էր նաեւ սահմանադրական հանրաքվեից հրաժարվելը, երկրորդ պայմանը 12 կետերի պահանջներն էին: Եվ եթե այդ կետերը չիրականացվեն իշխանության կողմից, ապա հայտարարվեց, որ կպարտադրվեն արտահերթ ընտրություններ: Ճիշտ է, այս շարժումը դեռ ամբողջական օրակարգ չունի: Սակայն ես կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան, մեծ շանս եւ մեծ հավանականություն կա, որ այս պրոցեսները կհանգեցնեն այնպիսի մի վիճակի, որ իշխանությունը կգնա պարտադրված քայլերի:

Քննարկումն ամբողջությամբ


Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Կարաբեկյան says:

    Չեմ կարող գնահատել պարոն Իսկանդարյանի պրոֆեսիոնալիզմը՝ քաղաքագետ չեմ, սակայն երբ մարդ, որն ապրում է Հայաստանում տասնյակ տարիներ և իր հացն է վաստակում մասնավորապես Հայաստանի ներքին խնդիրների քաղաքագիտական վերլուծությամբ, այդպես էլ չի բարեհաճում սովորել հրապարակային ելույթները հայերենով ձևակերպել, ակամա վստահության պակաս ես զգում իր մասնագիտական գնահատականների արժանահավատության նկատմամբ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031