Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը՝ Բաթումում. խնդիրներ, առօրյա հոգսեր, մշակութային կյանք

Դեկտեմբեր 05,2014 16:30

«Առավոտի» անդրադարձը աջարահայ համայնքին

Բաթում, Գոգեբաշվիլու 32, բնակարան 16. այս հասցեում` երկու նավահանգիստների մեջտեղում, 2008 թվականից գործում է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

«Առավոտը» զրուցեց Բաթումում տեղակայված Աջարիայում, Գուրիայում եւ Իմերեթիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի հետ: Մեր այն հարցին, թե որո՞նք են ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ամառային սեզոնին տասնյակ հազարավոր հայեր են այստեղ գալիս հանգստանալու, ինչը սովորաբար ուղեկցվում է տարբեր խնդիրներով` կապված ջրախեղդման, առողջական հարցերի, վթարների եւ այլ դժբախտ պատահարների, փաստաթղթային դժվարությունների հետ, որոնց արդյունավետ եւ արագ լուծումն անհնար է առանց gլխավոր հյուպատոսության առկայության»:

Արամ Գրիգորյանը նշեց, թե գլխավոր հյուպատոսությունը համակարգում է նաեւ Բաթումի եւ Փոթիի նավահանգիստներ` տարբեր վայրերից, հիմնականում ՌԴ-ից ժամանող բեռների ժամանակին եւ առանց կորուստների փոխադրումը Հայաստան: Արամ Գրիգորյանի ներկայացմամբ` իրենց գործունեության հիմնական ուղղություններից մեկն է Աջարիայի, Իմերեթիայի եւ Գուրիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը: Այս առումով հյուպատոսը կարեւորեց ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Վանաձորում ՀՀ Լոռու մարզի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը: Այնուհետեւ շեշտեց. «Սա առաջին նման պայմանագիրն է, որ կնքվել է մեր երկրների սուբյեկտների միջեւ եւ լայն հնարավորություններ է ընձեռում ամենատարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար: Գլխավոր հյուպատոսության գործառույթների ոլորտում է տնտեսական, մշակութային, գիտական, մարզական եւ այլ բնագավառներում վերոնշյալ տարածաշրջանների հետ հարաբերությունների զարգացումը»:

Աջարահայ համայնքում հիմնական բնակություն ունեցող քաղաքացիների թիվը 7-8 հազար է. նրանց մեծ մասը բնակվում է Բաթումում, մոտ 1500-ը` Քոբուլեթիում, քիչ թվով հայեր` մյուս համայնքներում: Այստեղ շատ են Արդվինից ու Արդահանից, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններից եկած հայերի հետնորդները: Աջարահայերը արհեստավորներ են, զբաղվում են մանր բիզնեսով, կան նաեւ վարսավիրներ, մետաղագործներ, հացթուխներ, վարորդներ: Քիչ չեն բժիշկները, ուսուցիչները: Արամ Գրիգորյանը ցավով նշեց, որ մարզում առկա են սոցիալ-տնտեսական դժվարություններ` կապված գործազրկության աճի եւ թանկացումների հետ, որի հետեւանքները, բնականաբար, կրում է նաեւ հայ ազգաբնակչությունը:

Բաթումում գործում է հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցին: Այն հիմնվել է 1885-ին՝ որպես փայտաշեն կառույց, իսկ 1898-ին դարձել է քարաշեն: Ինչպես տեղեկացրեց gլխավոր հյուպատոսը, եկեղեցին 20 տարի առաջ վերադարձվել է հայ համայնքին եւ վերանորոգվել: Աջարահայ համայնքի հոգեւոր հովիվը Արարատ քահանա Գումբալյանն է, որի ջանքերով ստեղծվել են եկեղեցուն կից ծխական խորհուրդ եւ մանկական երգչախումբ: Աջարահայ համայնքում ժամանակին լույս էր տեսնում «Աղբյուր» ամսաթերթը, սակայն այն այժմ միայն էլեկտրոնային տարբերակով է հրատարակվում: Գործում են երկու հայկական կազմակերպություններ` «Աջարիայի հայերի միությունը» եւ «Մեր տունը Վրաստանն է»: Կա նաեւ երիտասարդական «Մեր ապագա» կազմակերպությունը: Բաթումում եւ Քոբուլեթիում գործում են կիրակնօրյա դպրոցներ, վերջերս այդպիսին բացվել է նաեւ Օզուրգեթիում` Գուրիայի տարածաշրջանում: Լեզվապահպանության հարցի մասին պարոն Գրիգորյանն ասաց. «Երիտասարդներն արդեն ոչ այնքան լավ են տիրապետում հայերենին: Այս առումով մեծ կարեւորություն է ստանում կիրակնօրյա դպրոցը: Ժամանակին հանրակրթական դպրոցներում գործող հայկական բաժիններն աստիճանաբար փակվեցին` ծնողները գերադասում էին, որ երեխաներն ավելի լավ տիրապետեն վրացերենին, առանց որի իմացության հնարավոր չէ ինտեգրվել նստավայր պետության հասարակությանը»:

Արամ Գրիգորյանը նշեց նաեւ, որ ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ տեղական իշխանությունների միջեւ շփումները բավական կառուցողական են, եւ մասնավորապես՝ հայ համայնքին հուզող խնդիրները մշտական քննարկման առարկա են տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ԱԳՆ գործունեությունը վերջին իրադարձությունների հետ կապված, գլխավոր հյուպատոսը նշեց, որ ԱԳՆ կողմից իրականացվել են արդյունավետ քայլեր, որպեսզի միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք արտահայտի Ադրբեջանի գործողություններին եւ բնական գնահատի ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների դիակների տարհանման օպերացիան: Արամ Գրիգորյանը հավելեց, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում ընդունող երկրների իշխանություններին եւ հասարակություններին ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները ներկայացնելու հարցին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031