Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ազգային ժողովում չեն ընդդիմանում ԵՏՄ-ին միանալուն

Դեկտեմբեր 05,2014 16:00

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում էր «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը: Եվ այդ օրերի ընթացքում Ազգային ժողովի 131 պատգամավորներից, որոնց մեծ մասը ժամանակին Հայաստանի անկախության համար պայքարի առաջամարտիկներից էին, ընդամենը չորս-հինգն են բացահայտ դեմ խոսել Եվրասիական տնտեսական միությանը միանալուն: Ինչպե՞ս դա բացատրել, որքանո՞վ է դա նորմալ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ անկախության եւ ինքնիշխանության գաղափարը արժեզրկվել է մեր հասարակության մեջ, թե՞ ընդամենը պատեհապաշտության դրսեւորում է՝ ինչպես այս պահին հարմար է իրենց եւ իրենց քաղաքական ուժին, այդպես էլ անում են:
«Առավոտն» այս հարցով դիմեց հասարակական մի քանի գործիչների:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է. «Ոչ թե մեկն է կամ մյուսը, այլ երկուսն էլ: Բայց դա վերաբերում է ոչ թե հասարակությանը, այլ քաղաքական վերնախավին, որը լիովին նույնացվել է խորհրդային ժամանակների նոմենկլատուրայի վատագույն մասի հետ: Այսինքն՝ կենտրոնացած է բացառապես սեփական բարեկեցության վրա ու անտարբեր է պետական, ազգային շահերի նկատմամբ: Այդպիսի մտածելակերպին եւ հոգեվիճակին համապատասխանում է այն, ինչ նախատեսվում է ԵՏՄ-ին միանալու դեպքում՝ պետականության հետ կապված բոլոր հոգսերը հանձնել որեւէ մեկին եւ զբաղվել միայն երկրի ռեսուրսները իրար մեջ բաշխելու մասին մտածելով: Այս հարցում «ինքնիշխանության» համար կպայքարեն, իսկ երկրի զարգացման, ազգային արժանապատվության պահպանման պատասխանատվությունը որպես խանգարող ավելորդություններ են ընկալվում»:

Մեր հարցին՝ դա՝ քաղաքական վերնախավը, իսկ հասարակությո՞ւնը, հասարակության համար էլ կարծես անկախության գաղափարը նախկինի պես չի կարեւորվում, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Հասարակությունն էլ դարձել է քաղաքական-օլիգարխական այդ վերնախավի պատանդը՝ կամ խաբված-ապակողմնորոշված է, կամ անհույս: Չնայած քիչ չեն նաեւ նրանք, ովքեր հստակ գիտակցում են իրավիճակի ողբերգությունը, եւ այդպիսիների թիվը արագ աճելու է մոտակա ամիսներին: Արդյոք դա դրսեւորվելո՞ւ է, կամ ե՞րբ է դրսեւորվելու կոնկրետ գործողություններում՝ չգիտեմ»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը նույնպես կարծում է, որ թե՛ պատեհապաշտության պահը կա, թե՛ ընդգծված ռուսամետության. «Անշուշտ, պատեհապաշտություն կա, որովհետեւ այդ մարդկանց մեծ մասը գիտակցում է, թե դա ինչի է բերելու, բայց հիմա իրենց քաղաքական եւ տնտեսական շահերը պահանջում են, որ իրենք «կողմ» լինեն այդ միությանը, եթե վաղը իրենց շահը այլ բան պահանջի, նրանք այլ բան կպնդեն: Դրա հետ մեկտեղ կա մեկ այլ խումբ, որը միշտ իր քաղաքական եւ տնտեսական ճակատագիրը կապում է Ռուսաստանի հետ, իրենք մտածում են, որ դա է ճիշտ ուղին»:

Պարոն Արշամյանի համար, սակայն, առավել զարմանալին խորհրդարանական ընդդիմություն համարվող ՀԱԿ-ի պահվածքն է այս հարցում. «ՀԱԿ-ի մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ նրանց քաղաքական ակտիվը՝ ինչպես երիտասարդությունը, այնպես էլ հին սերունդը, շատ ավելի մեծ ջերմեռանդությամբ են պաշտպանում ԵՏՄ մտնելու գաղափարը, քան անգամ ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ականների մեծամասնությունը սուսուփուս գնում են եւ իրենց հանձնարարվածն են անում՝ կոճակ են սեղմում, չգիտեմ՝ նախագահականի, թե Կրեմլի թելադրությամբ: Նրանք դա անում են՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում, անգամ մարդկանց մի տոկոս կա, որ խղճի խայթով եւ տհաճությամբ է գնում այդ քայլին: Սակայն ՀԱԿ-ականները իրենց ներկայացնում են որպես ազգի փրկիչներ՝ իբր ԵՏՄ մտնելուն կողմ են քվեարկում, որպեսզի փրկեն երկիրը «ռուսի սապոգի տակ մտնելուց, Արցախը կորցնելուց եւ այլն»: Անգամ բացահայտ հայտարարում են, թե միակ ճիշտ որոշումը ռուսական արջին չբարկացնելու համար ԵՏՄ մտնելն է՝ ասելով, որ այլ անվտանգության համակարգ չկա, ասում են՝ տեսեք՝ ՆԱՏՕ-ն ինչ արեց Ուկրաինայի պարագայում, այնպես որ՝ այդ սխալը պետք չի կրկնել: Ավելին՝ երբ փորձում ես հետները բանավիճել, լրիվ այլ դաշտ են մտնում, այլ բաներ են խոսում:
Երբեմն ինձ թվում է, որ ոչ թե Պուտինն է Սերժ Սարգսյանին ստիպել մտնել ԵՏՄ, այլ Տեր-Պետրոսյանն է զոռով համոզել, ձեռքը բռնած տարել դեպի ԵՏՄ, այդ պատճառով էլ ամեն ջանք գործադրում են, որ ապացուցեն, թե այս քվեարկությունը ազգափրկիչ քվեարկություն է լինելու, եւ իրենք դա անելու են»:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը հարցին մոտեցավ այլ տեսանկյունից. «Ես սովետական ժամանակաշրջան ապրած մարդ եմ, տեսել եմ այդ ժամանակները: Երբ 1979-ին Բրեժնեւը որոշեց զորք մտցնել Աֆղանստան, նա ինձ հարցրե՞ց: Կամ իմաստ ունե՞ր, որ ես դրա մասին կարծիք ունենայի: Ես երբեւէ ոչ մի կուսակցական կամ իշխանական քաղաքականության մասին կարծիք չեմ ունեցել, քանի որ դրանցից միայն վատն եմ տեսել: Մի երկու առիթով տարվել եմ, ասենք, որեւէ քաղաքական ուժի առանձին վերցրած լավ արարքով կամ դրա խոստումով… Բայց երբեւէ ոչ մի քաղաքական ուժի լրջորեն չեմ ընդունել, չեմ հավատացել, չեմ հետեւել, այլ իմ կյանքն ու գործը կառուցել եմ դրանցից անկախ: Նույնն էլ այս պարագայում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031