Դեկտեմբերյան մղձավանջ
– Եվ այսպես,- հայտարարում է Գլիգոլիչը,- մեր համագումարի պատվավոր նախագահություն եմ առաջարկում «Եդինայա Ռոսիա» կուսակցության Քաղբյուրոն՝ ազգերի մեծ առաջնորդ ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ: Ուռաաաաա…
Բոլորը ոտքի են կանգնում, հնչում են ծափահարություններ, որոնք աստիճանաբար վերածվում են օվացիայի…
– Այժմ հաշվետու զեկուցման համար ձայնը տրվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Հայաստանյան կազմակերպության առաջին քարտուղար Սերժ Ազատովիչ Սարգսյանին…
Բոլորը դարձյալ ոտքի են կանգնում, նորից հնչում են ծափահարությունները: Նախագահությունում հատկապես աչքի է ընկնում մի ծերացող, գանգրահեր տիկին, որ ծափահարելուն զուգահեռ թափահարում է «Կրասնայա Մոսկվա» օծանելիքի տուփը՝ անթաքույց ցուցադրելով իր հավատարմությունը հայրենի կուսակցությանը: Երբ ընկ. Ս. Ա. Սարգսյանը սկսում է զեկուցումը, գանգրահեր տիկնոջ կողքին նստած Մազանովը կամաց շշնջում է. «Որտեղի՞ց ես ճարել, էս մի շաբաթ է՝ էլ ծանոթ պահեստապետ ու խանութպան չմնաց՝ դիմեցի, որ կնոջս համար առնեմ, ոչ մի տեղ չկար…»… Գանգրահերը հաղթական նայում է ու ի պատասխան՝ շշնջում. «ռազգավորչիկի՜ վ ստրայու: Լսիր Սերժ Ազատիչին, ընդմիջմանը մի քանի կաթիլ կտամ կտանես կնոջդ, իրեն մի շաբաթ հերիք է…»:
Կարդացեք նաև
-… Մեր կուսակցությունը՝ թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչի գլխավորությամբ, միասնական ԵՏՄ-ն առաջ է տանում դեպի նոր հաղթանակներ… Ո՞ւր են այն հոռետեսները, որ սեւ ագռավների նման կռավում էին, թե մենք կկորցնենք մեր պետությունը ԵՏՄ-ին անդամակցելով…
…Էդ պահին իր տան խոհանոցում ռադիոյով համագումարի հեռարձակումը լսող տիկինը դառը հոգոց հանեց. «Սիբիրից ստեղ ո՞նց տեսնեն խեղճերը…», ապա վախեցած նայեց շուրջբոլորը՝ հո մարդ չլսե՞ց… Քիչ առաջ էր մթերային խանութից վերադարձել, հերթ էր՝ կարագ ու երշիկ էին ստացել, հազիվ մի-մի կիլո կարողացավ առնել, էն էլ հերթի մեջ մի լավ ճխլվելուց հետո… Նստեց խոհանոցի հնամաշ աթոռին եւ նորից կարդաց Սիբիրից՝ ամուսնուց ստացած նամակի տողերը. «Էստեղ շատ լավ է, ոնց որ Սոչիում լինենք: Մեզ լավ կերակրում են, շաբաթը մեկ սպիտակեղենը փոխում, բաղնիք ենք գնում… Դուք իմ մասին մի մտածեք, աշխատում ենք, անտառ ենք հատում…»:
… Իսկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության Հայաստանի կազմակերպության համագումարում ընկ. Սերժ Ազատիչի ելույթը շարունակվում է.
– Մենք կարողացանք հաղթահարել սաբոտաժի դիմող ժողովրդի թշնամիների հարուցած բոլոր դժվարությունները, մենք ապացուցեցինք, որ մեր կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիայի» Հայաստանյան կազմակերպությունը, միակ ուժն է, որ ընդունակ է առաջնորդելու մեր երկիրը դեպի հաղթանակներ: Ո՞ւր են մյուս, այսպես կոչված, կուսակցությունները, ինչո՞ւ ասպարեզում չեն… Չար լեզուները մեզ մեղադրում են, թե ԵՏՄ-ում հաստատել ենք միակուսակցական դիկտատուրա… Բայց ես հարց տամ՝ մենք որեւէ մեկին ստիպե՞լ ենք մտնել մեր կուսակցության մեջ… Թող ասեն դահլիճում եղած ընկերները… Ասեք, ընկերներ, համարձակ, ստիպե՞լ ենք… Արձագանք չկա, տատս կասեր՝ «չի էլ կարող լինել…»: Իհարկե, մարդիկ իրենք՝ տեսնելով, որ իրենց, այսպես կոչված, կուսակցությունները ոչ մի հեղինակություն չունեն ժողովրդի մետ, ինքնալուծարվեցին եւ դիմեցին մեզ՝ անդամակցելով հաղթական կուսակցությանը, որը մեր մեծ առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գլխավորությամբ միասնական ԵՏՄ-ն առաջնորդում է դեպի փայլուն ապագա…
Հնչում են ծափահարություններ, «ուռա, կեցցե ընկեր Պուտինը, կեցցե ընկեր Սարգսյանը, կեցցե մեր մեծ միությունը» բացականչություններ…
Մազանովը արծվենի հայացքով նայում է դահլիճին, ապա շշնջում գանգրահեր տիկնոջ ականջին. «Էն վերջին շարքից մի քանի հոգի շատ ծույլ-ծույլ են ծափահարում, պետք է դրանց անունները ճշտել ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկել…»: Գանգրահեր տիկինը քմծիծաղում է. «Քեզնից շուտ եմ նկատել, արդեն ձեռնարկած է, Վովայի տղերքը հարցերը կլուծեն…»: Դահլիճի հետեւի դռնից ներս են մտնում կաշվե սեւ բաճկոնավոր մի քանի երիտասարդներ ու անաղմուկ դուրս են հրավիրում վերջին շարքում նստած մի քանի հոգու…
… Ռադիոն շարունակում է հեռարձակումը… Իսկ իր խոհանոցում կարտոֆիլ խաշող տիկնոջ աշխատանքն ընդհատում է դռան զանգի ձայնը… Տիկինը վախեցած վեր է թռչում…
… Ճիշտն ասած՝ դռան զանգից ես վեր թռա քնիցս… Սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում, մտածեցի, թե սեւ կաշվե բաճկոնավորներն են եկել իմ հետեւից… Հանգիստ շունչ քաշեցի միայն, երբ լսեցի ժավել առաջարկող երեխայի ձայնը… Առայժմ՝ հանգիստ… Մինչ էդ ԵՏՄ-ին անդամակցելը…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
4.12.2014