Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան մանկապարտեզից պետք է իր կողքին հաշմանդամություն ունեցող մարդ տեսնի

Դեկտեմբեր 05,2014 15:00

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում ամենաաղքատը Շիրակի տարածաշրջանն է: Աղքատությամբ էլ պայմանավորված՝ այս մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ամենաբարձրն է:

Ներկայումս Շիրակի տարածաշրջանում մոտ 3000 հատուկ կարիքներով մարդ է ապրում, որից 400-ը երեխաներ են: Գյումրիի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համակարգող Թամարա Վանոյանը համոզված է, որ իրենց մարզի երեխաների հաշմանդամության հիմնական պատճառը աղքատությունն է. կանայք մինչ հղիությունը եւ հղի ժամանակ էլ սոցիալապես վատ պայմաններում են անցկացնում, թերսնվում են, ինչի հետեւանքով էլ պտուղն առողջ չի լինում: Այս կենտրոնը Գյումրիում գործում է շուրջ վեց տարի, որտեղ խնամվում են 4-ից 15 տարեկան հատուկ կարիքներով 38 երեխաներ: Երեխաներից՝ Արթուրին ու Շողերին երեկ հանդիպեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առիթով կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ներկայացված էին հատուկ կարիքներով երեխաների նկարչական գործերը, ձեռքի աշխատանքները: Արթուրն ու Շողերը երկվորյակներ են, հաշմանդամություն ունեն ծնված օրվանից:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Վանոյանն ասաց, որ քույրն ու եղբայրն իրարից անբաժան են. անգամ մեկ նկարն էին երկուսով նկարել: Ինչպես տիկին Թամարան է վստահեցնում՝ այս փոքրիկները կենտրոն հաճախելուց հետո մեծ ձեռքբերումներ ունեն: Թամարա Վանոյանն ափսոսանքով է նշում, որ տարածաշրջանի հատուկ կարիքներով մյուս երեխաներն էլ հնարավորություն չունեն կենտրոն հաճախելու. նախ՝ Գյումրիում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված ավտոբուսներ չկան, հասարակական տրանսպորտը չի հասնում այդ կենտրոն, եւ բացի այդ՝ կենտրոնը սահմանափակ թվով մարդկանց կարող է ընդունել, մինչեւ որ պատրաստ կլինի ավելի մեծ հնարավորություններով կառուցվող նոր կենտրոնի շենքը: Նոր շենքում փորձելու են նաեւ կենտրոնն ավարտած պատանիների աշխատանքի խնդիրը լուծել, որպեսզի ձեռք բերած հմտությունները, կարողությունները կիրառվեն առօրյա կյանքում, եւ նրանց ինտեգրումը հասարակություն կես ճանապարհից չխաթարվի:

«Նախ տրավմա է նրանց համար նորից վերադառնալն ու տանը փակվելը: Եվ շատ ափսոս է, որ այդ ձեռք բերածը չկարողանան իրենց առօրյայում կիրառել»:

MAK-2

Թամարա Վանոյանի խոսքերով՝ հատկապես մարզերում կրթական հաստատություններն անհասանելի են: Գյումրիում 13 ներառական կրթություն իրականացնող դպրոց կա եւ միայն մեկ մանկապարտեզ, մինչդեռ մասնագետի համոզմամբ՝ հատուկ կարիքներով մարդկանց ինտեգրումը հասարակություն պետք է նախադպրոցական տարիքից կատարվի:
«Երեխան որքան վաղ է ստանում բժշկական եւ վերականգնողական աջակցություն, այնքան նա կարողանում է անկախ եւ ինքնուրույն լինել»,- ասում է տիկին Վանոյանը: Ըստ նրա՝ կարծրատիպերով պայմանավորված՝ մարզերում շատ ընտանիքներ դեռեւս շարունակում են իրենց հատուկ կարիքներով երեխաներին թաքցնել: Չնայած տիկին Թամարայի՝ տարիների փորձը ցույց է տվել, որ հաշմանդամություն ունեցող անձն ավելի շատ է պատրաստ ինտեգրվելու, քան հասարակությունը պատրաստ է նրան ընդունելու. «Մեր հասարակությունն այնքան էլ պատրաստ չէ հատուկ կարիքներով մարդկանց ներառելու: Հաշմանդամություն ունեցող մարդը մտածում է, որ ինքը հասարակության լիարժեք անդամ է՝ իր խնդիրներով հանդերձ, եւ նա ավելի հեշտ է գնում դեպի հասարակություն, քան թե հասարակությունը՝ դեպի նա»:

Չնայած նրան, որ արդեն 7-8 տարի է՝ մեր երկիրը ներդրել է ներառական կրթության մոդելը, սակայն «Փյունիկ» հաշմանդամների հայաստանյան ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը դեռ շատ բան ունի սովորելու այս ոլորտում: Ինչպես տիկին Սարգսյանն է ասում՝ «իսկական ներառումը» նա տեսել է ԱՄՆ-ում՝ մի քանի դպրոցներ եւ բուհեր այցելության ժամանակ. «Ամբողջ դասապրոցեսն այնպես էր կազմակերպված, որ մենք այնտեղ չէինք տեսնում հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձ: Ֆիզիկական պատրաստվածության դասին մասնակցում էին բոլորը: Եթե մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաները հիմնականում ազատվում են ֆիզկուլտուրայի դասերից, որովհետեւ չունենք համապատասխան պատրաստվածություն ունեցող մասնագետներ, որոնք հատուկ կարիքներով երեխաների հետ էլ կարողանան ֆիզկուլտուրա պարապել, նրանք չգիտեն ինչպես պետք է աշխատեն այս կամ այն խնդիրն ունեցող երեխայի հետ: Պարզապես նրանք վախենում են աշխատել ֆիզիկական խնդիր ունեցող երեխայի հետ՝ մտածելով, որ հանկարծ նրան կվնասեն, այդ պատճառով էլ ազատում են: Մինչդեռ այնտեղ պետք է տեսնեիք՝ ինչպես են աշխատում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, դասընկերները նույնպես օգնում էին, որ նրանք կարողանան մասնակցել դասին, վոլեյբոլ էին խաղում, բասկետբոլ, եւ երեխաները լիարժեք ինտեգրված էին»:

Տիկին Սարգսյանի խոսքերով՝ այսօր մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվ մեկ խնդիրը աշխատանքի բացակայությունն է, բայց նախեւառաջ՝ մատչելի միջավայրն է խնդիր. «Այս տարի քաղաքապետարանի աջակցությամբ փողոցների մատչելիության հարցը որոշ չափով լուծվեց. 920 փողոց, քաղաքի բանուկ մասեր ունեն թեքահարթակներ: Բայց մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը շատ ավելի վատ է՝ վերաբերմունքից սկսած, տեղաշարժման խնդիրներով վերջացրած: Եթե Երեւանում հաշմանդամ անձ ունեցող ընտանիքը փորձում է հնարավորություն ստեղծել, որ իր ընտանիքի անդամը ինտեգրվի, ներառվի հասարակություն, ապա մարզերում հակառակ պատկերն է՝ ընտանիքը թաքցնում է իր հաշմանդամություն ունեցող անձին»:

Ռուզաննա Սարգսյանն էլ գտնում է, որ ներառումը մանկապարտեզից պետք է լինի. «Երեխաներն իրենց կողքին չեն նկատում հաշմանդամություն ունեցող մարդուն, հաշմանդամությունը դա մեծերի խնդիր է, եւ մեծերն են իրենց երեխաների մոտ այդ հոգեբանությունը մտցնում, որ՝ ահա, սա այսպիսի խնդիր ունի: Երեխան չի տեսնում այդ խնդիրը, եթե նա սայլակով հաշմանդամություն ունեցող մարդ է տեսնում, այդպիսին էլ ընդունում է, նույնիսկ դա նրա համար առավելություն է, որ նա այդ պահին սայլակով է: Երեխան հենց մանկապարտեզից պետք է սովորի իր կողքին տեսնել հատուկ կարիքներով մարդկանց, եւ հետագայում՝ դպրոցում, հետո աշխատանքում նման խնդիրներ երբեւէ չենք ունենա, բնականաբար՝ հասարակությունում էլ չենք ունենա»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031