Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզի բնակիչները գտել են ձեւը

Դեկտեմբեր 05,2014 14:30

Գյուղական բնակավայրերում հարսանյաց արարողությունների եւ որպես հետեւանք դրան հաջորդող խնամի-բարեկամ փոխադարձ այցելությունների ուտուշ-խմուշների կամ խաշի սեղանները լավ առիթներ են միմյանց տեսնելու, լսելու, անկեղծանալու՝ տանջող ցավերի մի մասն էլ բարձրաձայնելու եւ ինչո՞ւ չէ, նաեւ տեղում ծանոթանալու գյուղացիների բողոքներին: Մանավանդ որ, այդ ցավը համատարած բնույթ է կրում եւ վերաբերում է բոլորին ու լսողն էլ լրագրող է… Զրուցակիցներիս հավաստմամբ՝ 235-240 տնտեսություն ունեցող Եղնիկ գյուղը հիմնադրվել է 1828-1830թթ.: Եղնիկն առավել հայտնի դարձավ վերջերս, երբ եղնիկցիները մեծով ու փոքրով փակել էին Երեւան-Գյումրի միջպետական նշանակության ճանապարհը: Պատճառը՝ խմելու ջրի հիմնահարցն էր: Գյուղացիների պնդմամբ՝ Եղնիկի խմելու ջրի պրոբլեմը նոր չէր ծագել, նրանք շուրջ 4 տարի է՝ խմելու ջուր չունեին: Այդ խնդրով բազմիցս դիմել են պատկան մարմիններին: Մարզպետարանն ու մարզպետն անզոր են եղել խնդիրը լուծելու, նրանք էլ դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս հուսախաբ չէր արել նրանց, խմելու ջրագիծ անցկացնելու գործում՝ 2 կմ 600 մ ջրագծի ներդրում էր կատարել: Գյուղացիներն էլ իրենց հերթին տուն առ տուն մոտ 150-հազարական դրամի ներդրում են արել: Գյուղացիների պնդմամբ՝ այս նպատակով անգամ բնակիչների մի մասը վարկ էր վերցրել:

Ինչեւէ, խնդիրը լուծվել էր, սակայն Եղնիկի բնակիչների ուրախությունն այնքան էլ երկար չի տեւել, քանզի հարեւան Շղարշիկի գյուղացիները եկել, ջարդել են նորակառույց ջրագիծն ու ջուրը «գողացել»: Ինչն էլ դարձել է 2 գյուղի համար կռվախնձոր:

«Կարմրաշենը 1 վայրկյանում 100-120 լ ջուր է ստանում, Շղարշիկը՝ 60 լ, իսկ հիմա Շղարշիկն ուզում է մեր ունեցած 4 լ ջրի կեսն էլ տանել»,- ասաց գյուղացիներից մեկը:

«Սովետի վերանալուց հետո մենք ջուր չունենք, երկիրը քանդվեց, ջրերը կտրեցին: Մենք խմում ենք առվի ջուրը, որդերով ու ճիճուներով լիքը, հավաքած ջուրը ժամերով թողնում ենք, որ նստվածք տա ու նոր օգտագործենք, դրանով լվացք անում ենք, բայց չքլորացված ջրի խմելը խիստ վտանգավոր է, հատկապես երեխաների համար»,- ասաց տարեց կանանցից մեկը եւ հավելեց, որ իր թոռները ծառայում են Եղնիկներում, թուրքի դեմ են կանգնած, իսկ նրանց բնակավայր Եղնիկը տարիներ շարունակ խմելու ջուր չունի:
«Ձուրը միշտ ունեցել ենք, մեր սարերից ինքնահոս եկած ջուրը չեն կամենում, որ մենք օգտագործենք, բայց մենք այստեղ ենք ապրում, ինչպես մյուս գյուղերի՝ Շղարշիկի ու Կարմրաշենի բնակիչները, միշտ էլ այդ սարի ջրից օգտվել ենք 3 համայնքի բնակիչներով, վերջին մի քանի տարիներին է, որ բնակիչների միջեւ արհեստական վեճ են գցել՝ ջուրը տալով միայն Շղարշիկի ու Կարմրաշենի բնակիչներին՝ մեզ բացառելով»,- ասաց ալեհեր մի բնակիչ:

Իմ այն հարցին, թե մարզպետը չի՞ կարողանում լուծել այս խնդիրը, որ հասել է մինչեւ վարչապետի մակարդակ, հողի տարեց մշակներից մեկն ուշագրավ միտք հայտնեց, որ Եղնիկին ջրից զրկելու միտքը հենց մարզպետ Սարգիս Սահակյանինն է, որ նա է թեւ տալիս շղարշիկցիներին եւ լինելով Շղարշիկի թոռ, իրենց էլ սաստում է, թե իր պապն այնտեղ է թաղված, դրա համար էլ նրանց ավելի շատ ջուր պետք է տա… Չգիտեի հավատա՞լ, թե՞ չհավատալ, զարմանա՞լ, թե՞ խնդալ…

Hovik-Abrahamyan-5

Վարչապետի այցը՝ Եղնիկ համայնք:

Քաղաքականապես պայծառ մի բնակիչ էլ նշեց, որ իրենց գյուղապետ Աշոտ Առաքելյանն ու եղնիկցիներն անզոր են համայնքի խնդիրները լուծելու համար: Նա նաեւ ցավով ընդգծեց, որ Եղնիկից շուրջ 72 տնտեսություն արդեն հեռացել է, մի մեծ խումբ էլ ճամպրուկային տրամադրության մեջ է, այսօր համայնքի դպրոցում սովորող աշակերտների թիվը խիստ նվազել է:

«Թվում է՝ գյուղը դատարկելու համար ամեն ինչ արվում է միտումնավոր, կազմակերպած ձեւով: Մեզ մնում է ողջ գյուղով դիմենք ՌԴ նախագահ Պուտինին եւ գյուղով գաղթենք»,- վրդովված ընդգծեցին եղնիկցիները:

Մայրուղին փակելուց հետո, Եղնիկ գյուղ էր եկել նաեւ, այսօր արդեն Ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահ՝ Վահե Հակոբյանը: Նա բնակիչներին հավաստիացրել էր, որ բավականին ջուր կա ու այն կբավարարի բոլորին, եթե գյուղի ջրամատակարարման խնդիրն իրենց վստահեն՝ ներդրումներ կանեն, կանցկացնեն եւ՛ ներքին, եւ՛ արտաքին ցանց: Բնական է, որ գյուղացիներին արդեն հուզում է այն հանգամանքը, որ ի՞նչ անհրաժեշտություն կա նոր ջրագծի անցկացման, երբ տարիներ շարունակ անվճար օգտվել են սարից եկած ինքնահոս ջրից: Իրենց թվում է, որ իրենք ակամայից դարձել են մարզի խորթ զավակը: Առաջ ջուրը կար, օգտվում էին, հիմա արհեստականորեն չեն տալիս, որ իրենց վրա վաճառեն: Նկատենք, որ Արագածոտնի մարզի բնակիչները կարծես գտել են իրենց հարցերի օպտիմալ ու արագ լուծումները: Միայն այս տարի, մարզի բնակիչները մայրուղիները «գրավելու» միջոցին են դիմել մի քանի անգամ՝ ՀԷԿ-ի կառուցման դեմ դուրս գալիս, Արտենի համայնքի ցանքատարածությունները կարկտահարվելիս, ու հիմա էլ Եղնիկում խմելու ջուր չունենալու համար: Ի դեպ, 3800 բնակիչ ունեցող Արտենի համայնքի բնակիչներն այս տարի հունիսի 25-ին փակել էին Արմավիր- Արտենի-Թալին- Գյումրի ավտոճանապարհը: Արտենին ունի նաեւ ոռոգման ու խմելու ջրի չլուծված պրոբլեմ, եւ եթե հավատանք նրանց հայտարարություններին, ապա խնդրի չլուծման դեպքում նրանք պատրաստակամ են փակել այս անգամ Երեւան -Արմավիր-Արտենի-Գյումրի մայրուղին: Ինչո՞ւ տեղերում մարդիկ, այսօրվա լեզվով ասած՝ տարբեր տրամաչափի «մենեջերները», որ աշխատավարձեր են ստանում պետական առանց այն էլ սուղ միջոցներից՝ հարկատուների հաշվին, որ կոչված են լուծելու մարզի խնդիրները, այնքան անգործունակ են, որ մարզի բնակիչները ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի…
Եղնիկի, Շղարշիկի բնակիչներին եւ մարզպետ Սարգիս Սահակյանին նոյեմբերի 8-ին ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ խոստացել խնդրի ուսումնասիրման համար հանձնաժողով ձեւավորել ու 10 օրվա ընթացքում հարցերը լուծել: Խնդրին մենք հետամուտ կլինենք. առայժմ վարչապետի պաշտոնական կայքում այս մասին դեռեւս նոր գրառում չկա:

Իմիջիայլոց, Եղնիկի բնակիչները սիրով ու օրհնությամբ էին հիշատակում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը՝ ի տարբերություն մարզպետի, ում մասին խոսելիս մակդիրներ չէին խնայում: Ավելին՝ չար լեզուներն էլ փոխանցեցին, թե մարզպետը միմիայն իր ու հարազատների մասին է մտածում եւ իրենք էլ «արդարացրեցին», ինչպե՞ս չմտածի, երբ պաշտոնը նրան արժեցել է հարյուր հազարավոր դոլարներ, ու ինքն էլ ասում է, թե այդ գումարի կեսն էլ չի հանել… Չմոռացան նաեւ խոսել մարզում մշտապես տենդեր շահող՝ մարզպետի եղբոր «Ես եւ նա» շինարարական կազմակերպության մասին ու դիմելով ինձ՝ նշեցին, թե քաղաքից եմ գալիս ու ինչ-որ բան կիմանամ՝ մարզպետի՞, թե՞ նրա եղբոր դեմ է հարուցված քրեական գործը, ինչի մասին արդեն հայտարարել էր Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, որ «Ես եւ նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա՝ Քրօր. 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Նրանք ենթադրում էին, որ մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը պաշտոնատար անձ չի, ուրեմն գործը մարզպետի նկատմամբ է հարուցված: Չնայած նրանց կասկածները փարատեցի, այդուհանդերձ, մարզում տիրող իրողությունից քաջատեղյակ մեկն էլ հերսոտած ու վստահ ավելացրեց:

«Ոչինչ, այսօր չկա, վաղն էլ նրա դեմ կհարուցվի, մեր բողոքները կարծես տեղ են հասել եւ լսելի է կառավարությանը, մարզի դատախազությունը նոր է սկսել բացել դրանց թղթերը, մախաթը պարկում չես թաքցնի,- ասաց եւ սկսեց թվել մարզպետի թերացած գործերը,- 1. ՀԷԿ են կառուցում գյուղացիների այգիների չորացման հաշվին, որ ի՞նչ լինի, չէ՞ որ դրանով է գյուղացին գոյատեւում, 2. Գազալցակայան են տեղադրում դպրոցամերձ տարածքում, որ ի՞նչ լինի… 3. Աչքը տնկել է Աշտարակի հիվանդանոցի կանաչ գոտուն, քանդել է տվել պարիսպը, տարածքն ամբողջությամբ միտումնավոր վերածել աղբանոցի, որ հետո մաքրման անվան տակ յուրացնելը հեշտ լինի, 4. Բյուջեից դժվարությամբ միջոցներ են հատկացվում, որ Արտենի համայնքում գազատար կառուցվի, դրա զգալի մասը յուրացնում են, իսկ ձեռք բերած խողովակները տարիներով մնում են անձրեւի ու ձյան տակ՝ կոռոզիայի ենթարկվում եւ չի բացառվում, որ վաղն էլ դրանք թալանվեն, 5. Մարզի 100 դպրոցներից 20-ի տնօրեններն այսօր անցնում են մարզի կրթության վարչության նախկին բանտված պետի քրեական գործով եւ ինքը չո՞ր է դուրս գալիս, այն դեպքում, որ մարզպետը վաղուց է դպրոցի տնօրենների լիազորությունները վերցրել իր ձեռքը՝ ուսուցիչներ ազատելով-նշանակելով բիզնես ծավալել… էէէ, ո՞րը թվեմ… Հիմա էլ, անցած շաբաթ՝ նոյեմբերի 23-ին հավաքել է իրենց «Նարեկ» ռեստորանում մարզի տարբեր համայնքների մի խումբ բնակիչների ու գյուղապետերի, ի պաշտպանություն մարզպետի «թրեյնինգ» անցկացրել՝ փակել մայրուղին առաջարկով: Հավանաբար, մեջները խելացի մարդիկ են գտնվել ու խորհուրդ տվել չգնալ նման քայլի, որ դա կարագացնի պաշտոնանկությունը եւ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ…Դե, ի՞նչ, խեղդվողը ձեռքը գցում է փրփուրներին… Ամեն սկիզբ վախճան է ունենում, եւ լավ կլիներ, որ այն խայտառակ ձեւով չլիներ»:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ անտերունչ մարզում տեղական ինքնակառավարման մարմին՝ մարզպետարան ու մարզպետ, գոյություն չունեն: Ավելի ճիշտ՝ «անունը կա, սակայն ամանում չկա», փոխարենը՝ ինչ-որ անհասկանալի ամենակարողություն է իշխում:

Դ. ՍԱՍՈՒՆՅԱՆ
Լուսանկարում` Ջրի խնդիրը եղնիկցիներին ստիպել էր փակել Երեւան-Գյումրի ավտոմայրուղին:

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031