Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի տեսակ ողնաշարս ուղղվել է»

Դեկտեմբեր 05,2014 14:00

Երուսաղեմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանը՝
Հայաստանի հանդեպ զգացումների ու սուրբ երկրի կապի մասին

Համաշխարհային մշակույթի եւ արվեստի հիմնարար թեմաներից մեկը՝ սերն է գերիշխում հայ ընթերցողին ծանոթ երուսաղեմաբնակ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանի ստեղծագործություններում: Արվեստագետի առաջին գիրքը՝ «Սիրույս տաք շունչեն», որը լույս տեսավ Երուսաղեմում՝ 1993թ., մեծ ընդունելություն գտավ Հայաստանում եւ գաղթօջախներում: Սիրո մասին մտորումներն ու բանաստեղծուհու ապրումները տեղ գտան նաեւ նրա հաջորդ բանաստեղծությունների երեք ժողովածուներում, այդ թվում՝ «Գիշերային պատարագ», «Եթե հանկարծ տեսնես իրեն», ինչպես նաեւ «Փոքրիկ աղջիկը մեծ երազով» արձակ ստեղծագործությունում: Նշենք, որ ստեղծագործական երեկոներ բանաստեղծուհին ունեցել է ինչպես Երեւանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հայտնի Victoria Albert hall-ում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տիկին Նագգաշեանը նշեց, որ անչափ հուզվել է հայրենիքում հերթական այցի օրերին: Հավաստիացրեց, թե երեւանյան սրահներից մեկի աշխատակցուհին ճանաչելով իրեն, ասել է, որ ամուսինը հենց բանաստեղծուհու տողերով է իրեն սեր խոստովանել: Իսկ Հայաստան այցի նպատակը արվեստագետի մասնակցությունն էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում օրերս անցկացված առաջին միջազգային գիտաժողովին՝ նվիրված հաստատության հիմնադրման 140-ամյակին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գիտաժողովի օրերին եղել են հետաքրքիր զեկուցումներ ու խոստովանեց. «Վերջին շրջանում այնքան տարված եմ եղել ստեղծագործելով, որ կարծես հետին պլան էր մղվել գիտական գործունեությունս (Անուշ Նագգաշեանը 1980-ականների սկզբին ավարտել է Երեւանի պետհամալսարանը, իսկ 1995թ. պաշտպանել թեկնածուական թեզ՝ «Ֆրիկի կյանքն ու ստեղծագործությունը» թեմայով-Ս.Դ.): Այստեղ ես հանդես եկա «Հայերու ներդրումը Երուսաղեմում եւ տեղի հայ քաղաքացիները» զեկույցով: Նշեմ, որ Երուսաղեմում ապրող ու ստեղծագործող հայերի մասին մինչ օրս ոչ մի գրավոր ուսումնասիրություն չկար»: Տիկին Նագգաշեանը մանրամասնելով հայտնեց, թե երուսաղեմաբնակ հայերը մշտապես նեցուկ են եղել հայոց պատրիարքությանը եւ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հիմնել են հայկական դպրոց, միություններ, սկաուտական խմբեր, արհեստանոցներ եւ այլն:

Հարցին, թե այսօր ինչպիսի՞ն է Երուսաղեմի հայկական մշակութային միջավայրը, տիկին Նագգաշեանը նախ նշեց, որ վերջին շրջանում՝ շուրջ երկու տասնամյակ ու ավելի տարիներ, հայրենիքի հետ կապը կարծես թուլացել է: Հետո էլ փաստեց, որ այժմ իրենց մոտ գործում են երկու հայկական՝ ամենօրյա աշխարհիկ եւ հոգեւոր վարժարաններ, միություններ, ունեն ձեռագրատուն…Նա հիշեց հորը՝ ճանաչված արձակագիր, թատերագիր Հրանդ Նագգաշեանին, մտաբերեց, որ երբ ժամանակին կարդացել է նրա առաջին վեպը՝ «Դրաստամատ կերթա Անհուշ բերդը», որում պատկերավոր նկարագրված է, թե ինչպես Արշակ թագավորը հենվելով հայրենի հողի վրա իրեն զորավոր է զգում, ինքն էլ այսօր, Հայաստանի անկախանալուց ի վեր, այդ զգացողությունն է ապրում: Տիկին Նագգաշեանի ձեւակերպմամբ՝ «առաջին հերթին մի տեսակ ողնաշարս ուղղվել է…»:

Անդրադառնալով Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր օրհնությամբ ու հովանավորությամբ «Եկեղեցի եւ կրթություն. կոչում, դպրություն եւ առաքելություն» վերտառությամբ կայացած առաջին միջազգային գիտաժողովին, տիկին Նագգաշեանը հատուկ շեշտեց կազմակերպչական աշխատանքների մասին, բարձրաձայնելով Մայր աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի վերատեսուչ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի, փոխտեսուչ Գեւորգ Մադոյանի, հայ ժողովրդի պատմության դասախոս Ավետիս Հարությունյանի անունները ու առանձնահատուկ նշեց Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ճեմարանի արական երգչախմբի բարձրարվեստ ելույթի մասին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Անուշ Նագգաշեանի գրքի շնորհանդեսը՝
Լոս Անջելեսի առաջնորդարանի Գալայճեան սրահում:

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031