Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետությունը ժառանգել էր խորհրդային տարիների խտրական վերաբերմունքը»

Դեկտեմբեր 05,2014 13:30

Ասում է կրթության փորձագետը՝
անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն էր, որը, որպես այդպիսին, հռչակվել է 1992-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), որը եղել է տեղեկացվածության բարձրացման եւ հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման ու նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան:

Այս տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով, մեր հանրապետությունում հաշմանդամություն ունեցողների հանրապետական շտեմարանում հաշվառված է 195.925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներ՝ 8120, որոնցից 2565-ն աղջիկներ են, իսկ 5555-ը՝ տղաներ: Իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողների տեղաբաշխումը, ըստ տարիքային խմբերի, հետեւյալն է. 0-6 տարեկաններ՝ 1393, 6-12 տարեկաններ՝ 3112, 12-18 տարեկաններ՝ 3615: Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում հաշմանդամություն ունեցող անձանց, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում: Հաշմանդամություն ունեցողներին աշխատանքի ոչ բոլոր գործատուներն են ընդունում, ուսումնական հաստատություններում սովորելու, տեղաշարժվելու եւ շատ այլ հարցեր չեն մատչելիացվում, իսկ դպրոցներում՝ չնայած ներմուծվել է ներառական կրթությունը, սակայն այն լիարժեք չի գործածվում, քանի որ նախ ոչ բոլոր դպրոցներում է ներմուծված, բացի այդ՝ խնդիր կա մանկավարժների վերապատրաստման հարցերի հետ կապված:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ: Մեր դիտարկմանը, թե բազմաթիվ զեկույցներ են հրապարակվում, տարբեր հ/կ-ներ լուծումներ են առաջարկում, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց՝ երեխաների կրթության հետ կապված խնդիրները դեռեւս լուծված չեն, ե՞րբ է գալու այն ժամանակը, տիկին Բախշյանը պատասխանեց. «Մեր պետությունը ժառանգել է խորհրդային տարիների ընդգծված խտրական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, նրանք առանձնացվել են, մեկուսացվել, իբրեւ թե նրանց համար լավ պայմաններ են ստեղծել, բայց, միեւնույն է, նրանք հասարակության լիարժեք անդամ չեն եղել: Մեր ժառանգությունը թույլ չէր տալիս նրանց տեսնել հասարակության մեջ, մենք բաց չենք նրանց իրավունքը ճանաչելու շատ կարեւոր պահանջին, հասարակությունը դեռ չի ընկալում այն իրողությունը, որ մարդիկ տարբեր են լինում, եւ որ մենք պետք է նրանց ընդունենք այնպիսին, ինչպիսին որ կան:

Եվ այդ ժառանգությունը թոթափելը, այդ կարծրատիպերը կոտրելը շատ ժամանակ պահանջող խնդիր է: Սակայն այսօր բավականին առաջընթաց ենք արձանագրել:

Ներառական կրթության գաղափարախոսությունն արդեն տասնհինգ տարի է՝ շրջանառվում է մեր կրթության քաղաքականության մեջ, այն աստիճանաբար հանգում է իր դրական արդյունքին ու այսօր մեր հասարակության կարծրատիպը չես կարող համեմատել տասը տարի առաջվա հետ: Եվ դա շնորհիվ այն բանի է, որ հատուկ դպրոցները գնալով փակվում են ու այդ երեխաները ներառվում են հանրակրթական դպրոցներ»: Փորձագետի խոսքերով՝ 2005 թվականին ընդունված Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին օրենքը բերեց նոր գաղափարի, որ պետք է լինի ներառական կրթություն, դրա համար էլ որոշ դպրոցներ սկսեցին այդ քաղաքականությամբ աշխատել. «Հետո պետությունը տեսավ, որ դա նոր խտրականություն է առաջ բերում, եթե երեխան ապրում է ոչ ներառական դպրոցի մոտակայքում եւ չնայած այն բանին, որ օրենքով ծնողն է ընտրում դպրոցը եւ նա կարող էր ընտրել հանրակրթական դպրոցը, դպրոցի տնօրենը կարող էր այդ ծնողին ասել՝ իմ դպրոցը ներառական չէ, ես ձեր երեխային չեմ ընդունում»: Այս խտրականությունը վերացնելու համար, Անահիտ Բախշյանի փոխանցմամբ՝ ԱԺ-ում ընդունվեց օրենք՝ ՀՀ-ն համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք. «Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը: Սա շատ կարեւոր օրենք է մեր հասարակությունում կարծրատիպերը կոտրելու ճանապարհին»:

Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծվի մանկավարժների վերապատրաստման հարցը, նրանք չպե՞տք է համապատասխան վերապատրաստում անցնեն, որպեսզի կարողանան ճիշտ դասավանդել, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Անպայման, միանշանակ: Մեր փորձը ցույց է տալիս, որ այն դպրոցը, որը այդ գաղափարախոսության մեջ ճանաչել է ամենակարեւոր բանը՝ երեխայի կրթության իրավունքը, անկախ իր հատուկ կարիքներից, դարձել է ճիշտ ներառական: Այն դպրոցը, որը ուզում է դառնալ ներառական, հայտ է ներկայացնում ԿԳ նախարարություն, որտեղից էլ այդ հայտի հիման վրա Կրթության ազգային ինստիտուտին է դիմում, այստեղից էլ՝ այդ դպրոցը վերապատրաստում պետք է անցնի, այսինքն՝ դպրոցը պետք է իմանա ինչ է անում, դպրոցին տրվում է բազմամասնագիտական թիմ ընտրելու իրավունք: Եվ, իհարկե, ուսուցիչների վերաբերմունքը, գիտելիքն ու հմտությունը՝ եռանկյունու երեք գագաթներում դրված գաղափարները, պետք է միաժամանակ աշխատեն, իսկ դրա համար մեկ բան է պետք, որպեսզի ուսուցիչն իմանա, որ դա երեխայի իրավունքն է եւ նա պիտի իր կարողությունները զարգացնի, պահանջի իրեն վերապատրաստել, բայց այս գործընթացը դեռ մարտահրավեր է, ու մենք ունենալու ենք խնդիրներ: Ես հավատում եմ, որ մեր հասարակությունը դառնալու է ներառական: Նայեք Տավուշի փորձը, այս մարզը համընդհանուր ներառական կրթություն է իրականացնում, եւ այնտեղի բնակիչները շատ ավելի հանդուրժող են դարձել ու հասկանում են, որ դա պետք է ու ճիշտ է:

Ինչ վերաբերում է աուտիկներին, ապա ասեմ, որ ցանկացած առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխա պետք է ունենա առանձնահատուկ մոտեցում, եւ դրա համար դպրոցի թիմը պետք է երեխային սոցիալիզացնի, որովհետեւ այդ դեպքում նրանք բացվում են ու պատնեշը վերանում է, սկսում են խոսել, շփվել ու մեկ էլ պարզվում է, որ նրանք տաղանդավոր մարդիկ են: Պատնեշը կոտրելու համար պետք է պատրաստված թիմ ունենալ: Մանկավարժական համալսարանն այս ուղղությամբ լուրջ գործ է անում, այնտեղ Հատուկ կրթության ֆակուլտետում ես մասնակցում եմ նրանց նոր ծրագրերին, նախաձեռնություններին»: Մեր զրուցակիցը հավելեց, որ Մանկավարժական համալսարանում ցանկացած առարկայի գծով ուսուցիչ պատրաստող ֆակուլտետը ներառական կրթության երկու պարտադիր կրեդիտ է անցնում ու բոլորը գիտեն, թե դա ինչ է: Ըստ նրա՝ ի պատիվ Հայաստանի, նախկին խորհրդային ոչ մի հանրապետությունում փորձի վրա դրված փաստաթուղթ, օրենք չկա: Ճիշտ է, Ռուսաստանն ընդունել է օրենք, բայց այնտեղ ներառման այս մակարդակը չկա: «Շնորհիվ «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանի, որը կարողացավ աշխատել կառավարության եւ ԿԳ նախարարության հետ, իր ներդրումներն անել ոլորտի վրա, այսօր մենք ներքեւից բարձրացող գործընթաց ունենք, ինչը կոչվում է ներառական կրթության քաղաքականություն: Ցանկացած երեխա կարող է սովորել, նայած՝ թե դու ինչ ես սովորեցնում: Պետք է շեշտել, որ կարեւոր եղավ նաեւ 2009 թվականին՝ ԿԳ նորընտիր նախարար Արմեն Աշոտյանի դերն այս հարցում, որն անմիջապես կանգնեց այս օրենքի կողքին: Կարեւոր էր, որովհետեւ եթե նախարարը չի հասկանում, ինչ ուզում ես արա…»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031