Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մասնակցությունը մրցաշարին տվեց միջազգային կարգավիճակ

Դեկտեմբեր 05,2014 13:00

Հայաստանի վետերան բասկետբոլիստները նոյեմբերի վերջին Կիսլովոդսկում մասնակցեցին վետերանների մրցաշարի, որտեղ տասը թիմերի պայքարում զբաղեցրեցին 6-րդ տեղը: Մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց մրցաշարի եւ ստացած տպավորությունների մասին:

– Հայաստանի վետերան բասկետբոլիստները հաճախ չեն մասնակցում նմանատիպ արտագնա մրցումների:

– Այո, այդպես է: Եվ դրա պատճառները շատ են: Հրավերն ստացել էինք Կիսլովոդսկի վետերան բասկետբոլիստներից եւ առաջին անգամ մասնակցեցինք այդ մրցաշարին: Մեր մասնակցությունը դրան միջազգայինի կարգավիճակ ապահովեց: Թիմի անդամների անունից շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ին, հատկապես գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին, որի անմիջական ջանքերի շնորհիվ, սկսած փոխադրամիջոցի տրամադրումից մինչեւ բնակվելն ու սնունդը, հնարավոր եղավ մեր մեկնումը Կիսլովոդսկ:

– Տարիքը չխանգարե՞ց լավ խաղ ցուցադրել:

– Դա վետերանների մրցաշար էր ու բոլորն էլ հասակակից էին: Հարցն այլ է: Մեր մրցակից թիմերը, ինչպես տեղեկացանք այնտեղ, մշտապես մարզվում են, շաբաթը` գրեթե հինգ օր: Բայց Հայաստանի վետերանները, որոնք մեկնել էին ոչ մարտական` թերի կազմով, խաղի որակով արժանացան բոլորի հետաքրքրությանը: Դեռ խմբային մրցաշարում, որտեղ, ի վերջո, 5 թիմերի մեջ զբաղեցրինք երրորդ տեղը, մեզ արդեն ֆավորիտներից մեկն էին համարում: Մենք հաղթեցինք Տագան Ռոգին եւ Աբխազիային, միավորների չնչին տարբերությամբ զիջեցինք Կիսլովոդսկին եւ Կրասնոդարին (այդ երկու հանդիպումներն էլ կայացան միեւնույն օրը), որոնք էլ, ի դեպ, զբաղեցրին առաջին երկու հորիզոնականները: Ընդ որում, մեր մրցակիցների թիմերում շատ էին բարձրահասակ` երկու մետրը գերազանցող խաղացողները, ինչը կարեւոր դեր խաղաց խաղերի արդյունքների վրա:

– Մրցաշարը ինչ-որ բան հուշե՞ց:

– Մենք մի քանի քաղաքներից իրենց մրցումներին մասնակցելու հրավերներ ստացանք եւ այդ խնդիրը կարգավորելու նպատակով նախատեսում ենք հանդիպել Հրաչյա Ռոստոմյանի հետ: Ու չնայած մեր` վետերաններիս, դեպքում գլխավորը օլիմպիական «Կարեւորը մասնակցությունն է» կարգախոսն էր, մտադիր ենք մերք էլ` վետերաններով, պարբերաբար մարզվել: Մտածում ենք նաեւ այստեղ` Հայաստանում նույնպես վետերանների մրցաշար կազմակերպելու մասին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031