Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառը»

Դեկտեմբեր 05,2014 12:30

Դերասանուհին հայրենիքում ներկայացավ որպես բեմադրիչ

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ճանաչված դերասանուհի Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառը» պիեսի պրեմիերան՝ իր իսկ ռեժիսուրայով:

vergin_kangar

Շուրջ 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո հայրենիք վերադարձած դերասանուհին ամռանն «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ մինչ այս տարեվերջ կիրականացնի այդ պիեսի բեմադրությունը, կհրատարակվի իր «Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը: Դերասանուհին ասել էր նաեւ, որ ԱՄՆ-ում իրականացրած մի շարք ձեռնարկներից առանձնացրել էր անգլերենով սարոյանական երկու բեմադրությունները սեփական ռեժիսուրայով: Ավելին, նշել էր, որ վերջինս ԱՄՆ-ում եղած տարիների իր գոլերից մեկն է, որ խփել է:

Ինչ վերաբերում է դերասանի կարիերային, տիկին Հովհաննիսյանի խոսքերով՝ «իմ մեջ դերասանուհին չի մարել ոչ մի վայրկյան: Ես չեմ վառվում բեմ բարձրանալու մոլուցքով: Բայց երբ գա այն պահը, որ հանդիպեմ հերոսուհուս, որն ինձ հրավառի, կդառնամ այդ կինն ու կբարձրանամ բեմ: Բեմական կենսագրությունս ավարտված չեմ համարում»:

«Վերջին կանգառը» պիեսի պրեմիերայից հետո զրուցեցինք կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հետ:

Tamar_Hovhannisyan-2

Դրվագ՝ «Վերջին կանգառը» ներկայացումից:

Մեր զրուցակիցը նախ հիշեց 1970-ականների վերջին եւ 80-ականների սկզբին մեր թատերարվեստում արդեն ճանաչված ու սիրված Թամար Հովհաննիսյանին, նրա գործընկերներ Ալլա Թումանյանին, Ալիս Կապլանջյանին, Շաքե Թուխմանյանին, Կարինե Սուքիասյանին, Ռուդոլֆ Ղեւոնդյանին, Ալեքսանդր Խաչատրյանին, Ժան Նշանյանին, Հարություն Ֆոդուլյանին…: «Այդ ժամանակահատվածում հրաշալի միջին սերնդի դերասաններ էին նրանք: Հասկանում եմ, որ մարդն ազատ է իր որոշումներում, չեմ քննարկում, բայց շա՜տ եմ ափսոսում, որ այդ դերասանները հայտնվեցին ամերիկաներում: Վերջին շրջանում նրանցից շատերի աչքը, այնուամենայնիվ, իրենց հողին է. մեկը գալիս է հայրենիքում հոբելյանն է նշում, մյուսը՝ պիես բեմադրում, մի քանիսն էլ նկարահանվում են սերիալներում: Մի բան հաստատ է. ճիշտ է, մեր երկիրը փոքր է, բայց մե՜ծ սիրտ ունի ու ոչ մեկին չի ասում՝ ինչի՞ գնացիր… Ընդհակառակը՝ ընդունում է գրկաբաց ու հնարավորինս աջակցում…»,- այսպես սկսեց զրույցը պարոն Ղազանչյանը:

Անդրադառնալով «Վերջին կանգառին» էլ, հավելեց. «Ճշմարիտ գործ է: Ի վերջո, մոտ երկու տասնամյակ ամերիկաներում ապրելու դերասանուհու դիտարկումներն են, հայի կյանքը, եթե դա կարելի է կյանք համարել: Պիեսն, ինչ խոսք, ասելիք ունի, ինչը բոլորիս ցավն է, մեկ բառով՝ կարոտը: Ասում ենք, չէ՞, կարոտը հայի հետ է ծնվել: Ըստ էության, պիեսը կորած սերնդի մասին է»: Ցանկություն հայտնեց, որ այս ներկայացումը դիտելուց հետո արտերկիր մեկնել պատրաստվողները իրենց կապկպած ճամպրուկները քանդեն:
Ինչ վերաբերում է զուտ բեմադրությանը, Երվանդ Ղազանչյանի խոսքերով՝ Թամարի դերասանական արվեստը իրավունք է տվել իրեն դառնալու նաեւ բեմադրության հեղինակ. «Թամարը հավասարապես լսել է սեփական ձայնը եւ որպես հեղինակ, եւ բեմադրիչ: Անկասկած, ռեժիսորի հաջողությունը մի խումբ իր նման տաղանդավոր դերակատարների շնորհիվ էր: Ուրախ եմ Թամարի համար, գնահատում եմ արցունքները, որ պրեմիերայից հետո առատորեն գլորվում էին նրա աչքերից: Մի բան էլ. թեեւ հուզիչ շատ դրվագներ կան պիեսում, բայց շատ տեղերում, նույնիսկ անսպասելի, դահլիճն արձագանքում է իսկապես բուռն ծափերով»:

Այս տարվա ընթացքում կոմեդիայի թատրոնում բեմադրվել է 4 ներկայացում, որոնցից միայն մեկի՝ Չուխաջյանի «Կարինե» օպերետի հեղինակն է Երվանդ Ղազանչյանը: Բեմադրություններն իրականացրել են Անուշ Սարգսյանը (Ռ. Բայեր՝ «4 պատճառ ամուսնության համար», Վահե Շահվերդյանը (Բ. Նուշիչ՝ «Տիկին մինիստրուհին»), հիմա էլ ընթանում են Պ. Պանչեւի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» պիեսի բեմադրական աշխատանքները Կարո Բալյանի ռեժիսուրայով: Երվանդ Ղազանչյանին կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ այդքան բարի՞ եք, որ հնարավորություն եք տալիս ձեր ղեկավարած թատրոնում ստեղծագործելու նաեւ «դրսի» բեմադրիչներին: «Նրանք, իհարկե, հրավիրյալ ռեժիսորներ են, որոնց հետ ես աշխատել եմ երկրորդ կարգի ասիստենտի կարգավիճակով,- կատակով պատասխանեց մեր զրուցակիցն ու հավելեց,- խորհուրդ տվել եմ, բայց շատ աննկատ: Իմիջիայլոց, այդ նույն հրավիրված ռեժիսորները ինձ նույնիսկ օգնում են, օրինակ, իմ դերասաններից շատերին ես հանկարծ հայտնաբերում եմ այլ որակով…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Թամար Հովհաննիսյանն
ու Երվանդ Ղազանչյանը:

«Առավոտ» օրաթերթ
4.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031