«Իրար հերթ չտալով քաղաքական գործիչներից շատերը քննադատում էին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, բայց այսօր 103 կողմ ձայները ցույց տվեցին, որ բացի 7 պատգամավորից, մնացածն իրենց քվեարկությամբ համաձայնեցին, որ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ նրանք ծափահարում էին այդ քաղաքական կուրսին»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցին՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը քննադատող պատգամավորներից մի քանիսն էլ այսօր ԱԺ-ում քվեարկության ժամանակ չկային. «Եթե այդքան մտահոգված էին մեր ժողովրդի ապագայով, ապա միգուցե ավելի ազնիվ լիներ, որ նրանք ներկա լինեին, բայց երբ հայտնի դարձավ նրանց կուսակցությունների կարծիքը, նրանք նախընտրեցին լռել»:
Թե քննադատողներից ում նկատի ուներ, Էդուարդ Շարմազանովը հարցին ուղիղ չպատասխանեց, այլ խորհուրդ տվեց հիշել, թե ով էր ասում, որ ԵՏՄ-ին անդամակցելը նվաստացուցիչ պայմանագիր է ու այն համարում էր վասալություն.
«Պոպուլիզմը որևէ մեկին չի գեղեցկացնում և չի ավելացնում քաղաքական քաշը: Մենք այն քաղաքական գործիչներից չենք, որոնք օրվա ընթացքում մինչև ժամը մեկն ասում են մի բան, մեկից հինգը՝ մեկ այլ բան, իսկ օրվա վերջում էլ չեն հիշում, թե ինչ են ասել առավոտյան»:
Կարդացեք նաև
Նա լուրջ չի վերաբերում նաեւ իշխանափոխության կոչերին, ասաց իշխանափոխություն հնչեցնողների գործն է. «Ցանկացած գործչի և կուսակցության խնդիրն է իր ռազմավարությունը մշակել, բայց ամբողջական իշխանափոխության հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն էլ ապացուցեց մեր գործընկերներից մեկի նախաձեռնած ստորագրահավաքը:
ԱԺ քաղաքական ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ ամբողջական իշխանափոխության հարցն այսօր արհեստական և մտացածին հարց է»:
Պարոն Շարմազանովը նաեւ ասաց, որ ԵՏՄ-ի հայաստանյան ներկայացուցչի թեկնածուներն արդեն հայտնի են, բայց նրանց անունները դեռ հրապարակման համար չեն:
Հարցին, թե ինչո՞ւ այդ հարցը հանրաքվեով չորոշվեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելն իրատեսական չէ. «Ես շատ ողջունում եմ այն մարդկանց տեսակետերը, որոնք դեմ են, բայց պետք չէ խեղաթյուրել իրականությունը: Այդ խեղաթյուրողները պետք է հիշեն, որ Հայաստանը ասոցացման պայմանագրից չի հրաժարվել:Եվրոպացի մեր գործընկերները պատրաստ են շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ:
ՀՀԿ-ն երբեք ականներ չի դնում, չի գնում գործարքների, ամեն ինչ անում է հրապարակային»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ