Վերլուծաբան, «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում ներկայացրեց Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ» վեպը՝ սիրելի դարձած էջերը նախապես ծալված գրքի իր օրինակի հետ միասին:
Վերլուծաբանն անկեղծացավ. սկզբում ցանկանում էր Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ը քննարկել, սակայն այն արդեն Անահիտ Բախշյանն էր ընտրել: Ստեփան Սաֆարյանին դա չկանգնեցրեց, փորձեց տիկին Բախշյանին համոզել ու փոխանակվել գրքերով, սակայն փորձերն ապարդյուն էին: «Գրքակիռվը» ավարտվեց նրանով, որ պարոն Սաֆարյանը «Տարրական մասնիկները» կարդաց՝ սկզբում դժվարությամբ, հետո արդեն՝ հաճույքով: Հատուկ նախագծի համար է ընթերցել գիրքն ու շատ հավանել ժամանակին արգելված ստեղծագործությունը, հետագայում պատրաստվում է վերընթերցել:
«Ինձ համար գիրքը չափազանց դժվար էր կարդալ՝ չնայած նրան, որ լավ տիրապետում էի գրքում տեղ գտած ոլորտներին՝ իր ոճի, տարօրինակ կառուցվածքի, նաև՝ սյուժեների պատճառով: Գիրքն ընթերցելիս անընդհատ վիճում էի հեղինակի հետ ու կռիվը շարունակվեց մինչև վերջին էջը: Այդ իմաստով եզակի գիրք է, այսպիսի բան ինձ հետ չէր պատահել: Անընդհատ կոնֆլիկտ ունեի Միշել Ուելբքի հետ, փորձում էի հարմարվել անակնկալներին, բայց ամեն նոր իրավիճակում էլի բախում էի ունենում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նա վստահեցրեց, որ եթե ներկա գտնվողներից յուրաքանչյուրը խոսի գրքի մասին, բացարձակ տարբեր կերպով կներկայացնի: Սրա «մեղավորը», ըստ Ստեփան Սաֆարյանի, գրքի բարդ ոճն է. «Ընթերցողը հայտնվում է բազմաչափ տարածության մեջ: Տեսարաններն անընդհատ փոփոխվում էին: Ես անընդհատ պատկերացնում էի, որ հասել եմ տարածության ինչ-որ մի գագաթի, որտեղից այն կտրուկ բեկվում է և քո առջև ամբողջ տեսարանը, լանդշաֆտը, մորֆոլոգիան միանգամից փոխվում է: Եվ դու, իսկապես, շատ արագ՝ մի քանի էջերի մեջ, հայտնվում ես տարածության տարբեր վայրերի,ժամանակների մեջ: Անպատկերացնելի խաղ է կատարել հեղինակը տարածության և ժամանակի հետ: Նա մեծագույն տաղանդ է ունեցել՝ ճշգրիտ գիտության լեզվով մարդկային կյանքը շարադրելու համար:
Կարդացեք նաև
Ուելբեքը ընտրել է երկու կերպար, որոնց օգնությամբ ցույց է տալիս ոչ միայն արևմտյան քաղաքակրթության էվոլյուցիան, այլ նաև այն պարադիգման, որն ավելացրել է կյանքը»:
Գրքի հիմնական գաղափարի մասին խոսելով, վերլուծաբանն ասաց. «Ոմանք «Տարրական մասնիկները» համարում են արևմտյան քաղաքակրթության շատ դաժան քննադատություն: Կա քննադատություն, բայց ես մերժում դրա տակ չեմ տեսնում, այսինքն՝ Միշել Ուելբեքը չի մերժում մեր հիմնական քաղաքակրթությունը: Նա, թերևս, հեգնում է այն արժեքները, որոնցով շարունակում են ապրել մարդիկ, հեգնում է այն ձևը, որոնք ստանում են այդ արժեքների արդյունքում: Նա համարում է, որ եթե կյանքում չլինի փոփոխություն, ապա դա կբերի մայրամուտի: Գրքի ամբողջ ուղերձն, իմ կարծիքով, հենց սա է: Սա կվերաբերվի ամբողջ քաղաքակրթությանը թե կոնկրետ անձի՝ կարևոր չէ: Ի վերջո, եթե չփոխես ինչ-որ բան, մայրամուտն ավելի արագ կմոտենա»:
Սյունե ՍԵՒԱԴԱ