Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը քաղաքացիական ժողով է հրավիրել երեք քաղաքներում: Այն վաղը տեղի կունենա Երևանում՝ Ազատության հրապարակում, իսկ շաբաթ օրը՝ երկրաշարժի նախօրեին, Վանաձորում և Գյումրիում: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հայաստանի քաղաքացիները, գյումրեցին, շիրակցի իրավունք ունեն տեղեկանալու, թե ուր են հասել իրենք իրենց պայքարի մեջ:
«Անցյալ տարի Գյումրին ասաց իր խոսքը: Ես՝ որպես թեկնածու, համեստությունս չխախտեմ, բայց բոլոր դեպքերում հաղթած թեկնածու, որոշեցի չտանեմ արկածախնդրության, արյան, փոխադարձ ինչ-որ հակամարտության, հատկապես որ պատնեշների երկու կողմում սադրիչներ կային: Մեր հայրենիքում պետք է ամեն ինչ լինի խաղաղ, բայց միաժամանակ պիտի կարողանանք խոստովանել, որ լիքը սխալ կա մեր մեջ: Եվ դրա համար պայքարը շարունակում ենք յուրովի, հույս ենք տածում, որ քաղաքական մեր գործընկեր կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, ազատ քաղաքացիները ներկա կլինեն ու իրենց խոսքը կասեն: Նորը բանը դրա մեջ չէ, էդ նորը մեր մեջ պիտի գտնենք, էդպես մարգարե չկա, էդպես թագավոր չկա, որ մեր մոտ գա և փրկի մեր երկիրը, յուրաքանչյուր քաղաքացի իր մեջ պիտի գտնի լուծումը», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս վստահի ժողովուրդը ընդդիմադիրներին, մասնավորապես իշխանափոխություն պահանջող պատգամավորներին, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմփիչմենտ անելու նախագծի տակ ստորագրել էին ընդամենը 3 պատգամավոր: «Առաջինը Նիկոլ Փաշինյանը շնորհալի երիտասարդ քաղաքական գործիչ է, որը որոշակի քաղաքական հեռանկար ունի: Ես երախտագետ եմ Նիկոլին, որովհետև ինքը, ինձ չզորակցելով ընտրությունների ընթացքում անցյալ տարի, ընտրություններից հետո եկավ հրապարակ, կանգնեց ժողովրդի հետ և խոսեց ու ոգևորեց: Այն ժամանակ ինքը որոշեց պատասխանատվություն չկրել իր վրա, ափսոսում եմ դրա համար, որովհետև ինքը իր բացատրությամբ չէր մասնակցել հաղթանակին, բայց շատ պարկեշտ էր իր մոտեցումը, քան ուրիշները, ովքեր ուզում էին ոչ մի բան չարած ժողովրդի հետ իշխանություն կիսել: Նիկոլ Փաշինյանը ինձ չդիմեց, ինքը դիմեց խորհրդարանական խմբակցություններին: Եթե ինձ դիմած լիներ որպես ժառանգության ներկայացուցիչ, որպես ժողովրդի կողմից ընտրված հանրային ծառայող, ես իրեն կասեի, որ իր նախաձեռնությունը թերի է, ամբողջական չէ, որովհետև 1-ին՝ այն չի ներառում մադրիդյան սկզբունքը, այսինքն` Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին խոսք կա, բայց չկա մադրիդյան սկզբունք կամ եվրասիա, բայց ամենակարևորը իմփիչմենտի փաստաթուղթը չէր ներառում անցյալ տարվա ընտրությունների կեղծարարությունը: Եվ դրա համար ինքը ամբողջական չէ, և դա, իմ կարծիքով, պետք չէ չափանիշ կամ լակմուսային թուղթ լինի՝ ով է իշխանություն, ով է ընդդիմություն:
Մեր ժողովրդի 80 տոկոսը ուզում է նոր Հայաստան, ուզում է փոփոխություն, մարդիկ հասել են նրան, որ ուզում են փոխել իրենց կյանքը ցանկացած եղանակով: Մենք առաջարկում ենք, որ չդիմեն ցանկացած եղանակի: Իսկ ինչ վերաբերում է 3 քաղաքական ուժերի համագործակցությանը, ես իմ բառապաշարի մեջ չեմ օգտագործել ոչ եռյակ, ոչ քառյակ, ոչ հնգյակ, կա շատ կարևոր, աննախադեպ արդյունավետ համագործակցություն քաղաքական ուժերի միջև Հայաստանի խորհրդարանում: Դա եղել է 3, 4, թե 5 ուժեր, դա շատ կարևոր է, թող ոչ մեկը չհեգնի, ոչ մեկը չծաղրի դա», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ