Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որը նախաձեռնել էր «Ո’չ ռոումինգին» բոյկոտ-ակցիան` Հայաստանի եւ Արցախի բջջային օպերատորների միջեւ ռոումինգի վերացման նպատակով, Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Բիլայնը» եւ «Ղ-տելեկոմն» արդեն բանակցություններ են սկսել Արցախի եւ Հայաստանի միջեւ ռոումինգի վերացման ուղղությամբ:
Aravot.am-ը «ԱրմենՏել» ընկերության պատասխանատուներից հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգը վերանալու է:
«ԱրմենՏելի» իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ տեղեկատվությունը թերի է ընկալվել եւ ոչ թե ռոումինգն է վերանալու, այլ` փորձում են բանակցել` ռոումինգի ավելի ցածր սակագին առաջարկելու: Ըստ Դավիթ Սանդուխչյանի. «Ռոումինգը չի կարող վերանալ, քանի որ «Բիլայնը», էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանց Արցախի տարածքում չունի, ինչպես որ Ղարաբաղ տելեկոմը չունի Հայաստանի տարածքում, իսկ ռոումինգը տեխնիկապես անհրաժեշտ է, որպեսզի Ղարաբաղ տելեկոմի բաժանորդները կարողանան մեր կամ այլ օպերատորի միջոցով ծառայություն ստանալ, սակայն լինելով Ղարաբաղ տելեկոմի բաժանորդ եւ հակառակը մեր բաժանորդները կարող են ծառայությունները ստանալ Արցախի տարածքում Ղարաբաղ տելեկոմի միջոցով, ռոումինգը տեխնիկական գործառույթ է: Ինչ վերաբերում է սակագնին, ապա մենք միշտ ձգտել ենք սակագներն ավելի մատչելի դարձնել: Բանակցությունները, կարել է ասել, միշտ վարվում է Ղարաբաղ տելեկոմի հետ, կարծես թե արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի ռոումինգի սակագները նվազեցվեն եւ էական չտարբերվեն հայաստանյան կամ արցախյան տարածքային սակագներից:
Ակնհայտ է, որ Ղարաբաղ տելեկոմը Արցախի տարածքում ծառայություն մատուցելով ինչ-որ եկամուտ է ակնկալում, այլ օպերատորների ռոումինգից, ինչպես, որ «Բիլայնն» է ակնկալում այլ օպերատորներից եկամուտ, երբ որ նրանց բաժանորդներն են խոսում մեր ցանցում: Որքանով ես տեղյակ եմ, ինչ-որ հաջողությունների հասել ենք, մոտակա ժամանակներն այդ փոփոխությունները կլինեն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի նույն հարցին, ՎիվաՍել-ՄՏՍ-ից այսպես պատասխանեցին. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ՂարաբաղՏելեկոմիմիջեւ ռոումինգի նոր սակագներ սահմանելուն ուղղված բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ղարաբաղ Տելեկոմի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ռոումինգի սակագները գործում են 2012 թվականից եւ ամենամրցակցայինն են շուկայում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
տուֆտելու մեծ վարպետները…արա, էդ երբ որ Երեւանցին պիտի ծառայի Ղարաբաղում, ոչ մի պրոբլեմ չկա, բայց որ ռոումինգ չպիտի լինի, սկսվում ա տուֆտոցին….