Այսօր` դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում Հայաստանի` ԵՏՄ-ի պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն նշեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցումը Հայաստանի հանրային և քաղաքական կյանքում քննարկվող կարևորագույն թեմաներից է. «Եվ այսօր, բազմաթիվ քննարկումներից հետո էլ, շատ հարցեր կան, թե մեծ հաշվով ինչ կտա Հայաստանին անդամակցումը ԵՏՄ-ին: Միանշանակ է, որ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ձևափոխումների իրողությունների պայմաններում իր տեղը ունենալու խնդրի առաջ: Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցումը քաղաքական, տնտեսական և անվտանգության օրակարգային հարց է, հետևաբար հասարակությունը սպասումներ ունի այդ անդամակցությունից, իսկ զգալի մասը՝ դրական սպասումներ: Հետևաբար անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը պետք է իր հնարավորություններն արդյունավետ օգտագործի: Դա, կարծում եմ, նաև հասարակական պահանջ է:
Քանի որ այստեղ նստած մարդիկ քաջ տիրապետում են խնդրո առարկային, ապա ընդամենը մի քանի հարցերի մասին եմ ուզում խոսել:
Սակայն մինչ այդ նշեմ, որ մեր երկրի համար տնտեսապես կարևոր է հարևան Վրաստանի հետ առկա ազատ առևտրի ռեժիմը՝ այն է շարունակելու են գործել մաքսատուրքերին վերաբերող այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչեւ 2015 թ.-ի հունվարի 1-ը: Մյուսը՝ Հայաստանը պահպանելու է տնտեսական հարաբերությունները նաև Իրանի հետ: Սա թերևս տեսանելի ապագայում կարող է դրական սպասումներ ձևավորել և խթան հանդիսանալ տնտեսական ակտիվությունը չթուլացնելու համար:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանից եվրոպական երկրներ արտահանվում են հումքային ապրանքների մոտ 80 տոկոսը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրներ արտահանվող ապրանքների մոտ 90 տոկոսը պատրաստի արտադրանք է: Հայաստանն իր պատրաստի արտադրանքի 80 տոկոսն արտահանում է Ռուսաստան: Հայաստանը 2 մլրդ. դոլարից ավելի տրանսֆերտներ է ստանում, որի 70-80 տոկոսը՝ կրկին Ռուսաստանից:
Կարդացեք նաև
Այո, հանքահումքային ռեսուրսներով հարուստ երկրներ են ԵՏՄ անդամ պետությունները, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանն իր թե աշխարհագրական դիրքով և ինչու չէ նաև տնտեսական առանձնահատկություններով չի կարող հետաքրքրել նրանց: Այս կոնտեքստում մենք կարծում ենք, որ ԵՏՄ-ին անդամակցումը կարևոր է մեր երկրի տնտեսական կարողություններն ավելացնելու համատեքստում: Ես նաև հեռու եմ այն մտքից, թե անդամակցելով ԵՏՄ-ին՝ ինչ-ինչ խնդիրներ չեն առաջանա, սակայն դա չի նշանակում, որ պետք է խուսափել խնդիրներից ու առաջ չգնալ:
ԵՏՄ-ին անդամակցելու անվտանգության հարցի հետ կապված կխոսեմ ավելի ուշ, իսկ մինչ այդ հարցի քաղաքական բաղադրիչի մասին:
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, որտեղ քննարկվեցին 2013թ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնք վերաբերում էին մեր երկրի` Մաքսային միությանը անդամակցելու հարցերին, մենք մեր հստակ գնահատականն ու դիրքորոշումը հրապարակեցինք:
Դեռ նախորդ տարի «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ հաշվի առնելով Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների` մասնավորապես Ռուսաստանի հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը և ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, գտնում ենք, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի Հանրապետության շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին: Վերոշարադրյալն ավելի է ամրապնդվում նաև այն հանգամանքով, որ Հայաստանին և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:
Միաժամանակ կարծում ենք, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցության խորացման գործընթացին: Այս կոնտեքստում Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը դիտարկելով Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը` մենք համարում ենք, որ դրանք կարևոր նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու գործում: Ընդհանուր առմամբ գաղտնիք չէ, որ այն, ինչ կարող է մեզ տալ Եվրասիական տնտեսական միությունը կամ ՀԱՊԿ-ն, միշտ չի, որ կարող է տալ Եվրոպական միությունը կամ ՆԱՏՕ-ն, և հակառակը:
Օրինակ՝ միանշանակ կարող ենք ասել, որ դատական համակարգի բարեփոխման, դեմոկրատական ինստիտուտները զարգացնելու, ազատ հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը ամրապնդելու առումով, համադրելի չեն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության երկրները, եվրոպական միությունն այստեղ նախընտրելի է: Սա նշանակում է, որ մենք պետք է ձեռնամուխ լինենք նաև Եվրամիության հետ հավակնոտ օրակարգի ձևավորման կենսագործմանը:
Հարգելի գործընկերներ
Քաղաքական որոշումը կայացված է և մեր կարծիքով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հնարավորություն կտա ոչ միայն տնտեսապես էլ առավել ինտեգրվել ԵՏՄ անդամ երկրներին, այլ նաև ավելի սերտացնել մեր համագործակցությունը այդ երկրների հետ այլ ուղղություններով: Հաշվի ենք առնում մի կարևոր առանձնահատկություն ևս, որ Եվրասիական տնտեսական միության առանցքն են կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները, հետևաբար Հայաստանի անդամակցումը այս կառույցին հնարավորություն կտա և տնտեսապես շահել, և´ էլ ավելի ամրապնդել մեր անվտանգության ենթակառուցվածքները:
Մյուս կողմից, այսօր մեր տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների հետ և Հայաստանը շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել։ Մենք Արևելյան գործընկերության միակ երկիրն ենք, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին, միևնույն ժամանակ քաղաքական առաջնահերթություն ենք հռչակել Եվրամիության հետ մեր համագործակցության խորացումը: Դա նշանակում է, որ խելամիտ քաղաքականության պարագայում Հայաստանը կարող է դառնալ պատուհան ԵՏՄ-ի և ԵՄ երկրների միջև: Մենք պիտի կարողանանք այդ փաստն օգտագործել և մեր կարգավիճակը ընկալելի դարձնել գործընկեր երկրների համար:
Ուզում եմ մի քանի խոսք ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Մենք այսօր Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերություն: Այդ գործընկերությունը բխում է մեր երկրի երկարաժամկետ անվտանգության ապահովման գերակայությունից, մեր երկրի տնտեսական զարգացման անհրաժեշտությունից և երրորդ` մեր ժողովուրդների ավանդական կապից և Ռուսաստանում ավելի քան 2,5 մլն հայության առկայությունից: Այստեղ տեղին է նշել, որ մենք պետք է հաշվի առնենք, որ այն բացառիկ ազգերից ենք, որ մեծ սփյուռք ունենք, և այդ սփյուռքը մեզ պարտադրում է կարողանալ հավասարակշռված հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Վստահ եմ, որ դուք տեղյակ եք Ռուսաստանի դաշնությունում ապրող և աշխատող մեր հայրենակիցների միգրացիոն խնդիրներին, ովքեր կարողանում են կերակրել այստեղ գտնվող իրենց ազգականներին: Մենք պետք է հաշվի առնենք նաև այդ գործոնը, քանի որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է անդամ երկրների համար բոլորովին այլ միգրացիոն ռեժիմ:
Բացի նշածս իրողություններից, Հայաստանը և Ռուսաստանը ունեն մեկ շատ կարևոր պայմանագիր, ըստ որի երկարաձգվեցին ռուսական ռազմական բազաների՝ մեր երկրում տեղակայված լինելու ժամկետները: Երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ ապահովում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի անվտանգությունը: Սա շատ կարևոր է, որ մենք ունենք ռազմական դաշնակից, որ մեզ հետ համատեղ ստանձնում է մեր սահմանների անվտանգության ապահովման գործը:
Եվ չնայած այս ամենին, մենք կարծում ենք, որ այսօր արդեն Հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը ևս բովանդակային առումով վերաիմաստավորման կարիք ունի` թե քաղաքական, թե տնտեսական, թե անվտանգության և թե այլ բազմաթիվ ոլորտներում: Մենք պետք է Ռուսաստանի հետ մեր տնտեսությունը և ենթակառուցվածքները զարգացնենք կոնկրետ, հավակնոտ ու փոխշահավետ ծրագրերով: Արդյունաբերական և տնտեսական բազմապրոֆիլ կոոպերացիան Ռուսաստանի և Եվրասիական միության անդամ երկրների հետ պետք է խորացվի:
Միևնույն ժամանակ Հայաստանի համար կարևոր է Չինաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը` որպես աշխարհի խոշորագույն ուժային և տնտեսական տերություններ: Իսկ մեր հարևաններ Իրանի և Վրաստանի հետ համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային, ներառյալ` տարածաշրջանային ծրագրերի իրականացումը դրական տեղաշարժեր կապահովեն մեր տնտեսության մեջ:
Ամփոփելով խոսքս և նկատի ունենալով վերը շարադրածս, պետք է ընդգծեմ.
Այո, Հայաստանը փոքր երկիր է, հետևաբար պետք է կարողանա համագործակցել աշխարհի բոլոր ուժային կենտրոնների հետ: Հայաստանը պետք է իրականացնի բալանսավորված արտաքին քաղաքականություն` ելնելով մեր երկրի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական զարգացման շահերից: Արտաքին քաղաքական օրակարգին առնչվող յուրաքանչյուր որոշում պետք է բխի` Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության գերակայություններից»,-ասաց ՕԵԿ-ական պատգամավորը` հավելելով, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու: